«Անելանելի վիճակում հայտնված մարդիկ թակում են բոլոր հնարավոր դռները, այդ թվում նաեւ պայծառատեսներինը: Բայց ասել, որ դա նոր երեւույթ է, սխալ կլինի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կրոնագետ, աստվածաբան Վարդան Խաչատրյանը ու հավելեց, որ բոլոր ժամանակներում էլ, որքան խստանում է հասարակական իրավիճակի բարդությունը, այնքան նման որակներ ունեցող մարդիկ ավելի պահանջված են դառնում:
Արդյոք այնպիսի վիճակո՞ւմ է մեր հասարակությունը, որ վերջերս ավելի շատ է սկսել հակվել դեպի պայծառատեսները: Այս հարցին ի պատասխան էլ աստվածաբանը նշեց, որ իհարկե շրջանառվում է նման կարծիք, բայց դա, նրա ձեւակերպմամբ, ավելորդ դրամատիզացիա է:
«Մենք ապրում ենք բավականին բարդ, խառը, դժվար ընկալելի ժամանակներում՝ թե ներքին առումով, թե արտաքին՝ մեզ շրջապատող աշխարհի տեսակետից: Շատ լուրջ սպառնալիքների առաջ ենք կանգնած, քանի որ հասարակական գիտակցության մեջ շատ հարցերի վերաբերյալ վերջնական պատասխաններ չկան, օրինակ՝ այն, որ անցել ենք ապրիլյան պատերազմի միջով: Նմանատիպ երեւույթներն, իհարկե, սրում են հետաքրքրությունը նման մարդկանց հանդեպ, որոնք տեսնում են ապագան, որոշակի տարածության վրա ի վիճակի են մեզ ուղղված վնասը չեզոքացնել կամ նվազեցնել»:
Աստվածաբանը չի կարծում, թե պետական մակարդակով կամ մարդկանց ուշադրությունը կարեւորագույն խնդիրներից շեղելու նպատակով մարդկանց ուղղորդում են դեպի պայծառատեսները կամ հեռուստատեսային հարթակ են տրամադրում նրանց: «Եթե խառն է վիճակը, այդպիսի մարդկանց պահանջվածությունն ավելի բարձրանում է, քան կա իրականում»,- նշում է Վարդան Խաչատրյանը:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ