Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) պատվիրակությանը` Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ արևելյան թեմի առաջնորդ, Հայ օգնության ֆոնդի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի գլխավորությամբ:
Հանրապետության Նախագահը ողջունել է պատվիրակության անդամներին հայրենիքում և բարձր գնահատել տարիներ ի վեր՝ սկսած 1988թ-ից, ՀՕՖ-ի հայրենանվեր գործունեությունը ինչպես աղետի գոտում, այնպես էլ Հայաստանի բազմաթիվ այլ բնակավայրերում ու Արցախում: Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել մեծ նվիրումով իրականացված ծրագրերի համար և հանդիպման մասնակիցներին խնդրել իր երախտագիտությունը փոխանցել նաև ֆոնդի բոլոր ներկայացուցիչներին, գործընկերներին ու բարերարներին, որոնց օժանդակությամբ իրականություն են դարձել կազմակերպության ծրագրերը:
Հանրապետության Նախագահն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել ՀՕՖ-ի նախագահ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին և վստահություն հայտնել, որ Սրբազանի իմաստնությունն ու կազմակերպչական տաղանդը դեռ երկար տարիներ կծառայեն հայ ժողովրդին:
Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել ՀՕՖ-ի օժանդակությունը սիրիահայ մեր քույրերին ու եղբայրներին, որոնց համար Հայաստանն անում է ամեն հնարավորը՝ մեղմելու նրանց խնդիրներն ու հոգալու հոգսերը:
Կարդացեք նաև
Հանդիպման ժամանակ Հանրապետության Նախագահը բարերարներ Էդվարդ և Ժանէթ Մարդիգյաններին հանձնել է ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ և հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար օրերս նրանց շնորհված պետական բարձր պարգևները՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալները, շնորհավորել և շնորհակալություն հայտնել երկարամյա հայրենանվեր գործունեության համար:
Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցներին հետաքրքրող հարցերին, որոնք վերաբերել են Հայաստանի զարգացման հեռանկարին, տնտեսական առաջնահերթություններին, ներդրումների ներգրավման և արտահանման խթանման ուղղությամբ պետական քաղաքականությանը, սիրիահայերի աջակցության ծրագրերին և մի շարք այլ թեմաների:
ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն