Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամուտների կեղծ հայտարարագիր բերող բարձրաստիճան պաշտոնյաներին ուզում են տուգանել ու քրեական պատիժ տալ

Սեպտեմբեր 27,2016 16:04

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցն է քննարկվում ԱԺ-ում: Նախագիծը պետք է կարգավորի բարձրաստիճան պաշտոնատար անձանց եւ նրանց փոխկապակցված անձանց եկամուտների հայտարարագրման եւ ոչ պատշաճ իրականացման կամ ժամկետներում չներկայացման դեպքում առաջացող իրավահարաբերությունները: Հակակոռուպցիոն ռազմավարության շրջանակներում է մշակվել նախաձեռնությունը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նախագիծը ներկայացնելիս ասաց, որ կարգապահական, վարչական եւ քրեական պատիժներ են սահմանվում այն բարձրաստիճան պաշտոնյաների համար, որոնք խախտումներ կանեն. Եթե պաշտոնյան կամ նրան փոխկապակցված անձը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով հայտարարագիր չի ներկայացրել, բայց պարտավոր էր, առաջացնում է նախազգուշացում: Նախազգուշացումից հետո 30 օրվա ընթացքում էլ չներկայացնելն առաջացնում է վարչական տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Սա՝ կոնկրետ մեկ իրավախախտում կատարելու դեպքում:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ հայտարարագիրը ներկայացնելիս եթե պահանջները խախտել են, կարգը չեն պահել, նախազգուշացնում են, պահանջը կրկին չկատարելու դեպքում կրկին վարչական տույժ է նախատեսվում՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով: Եթե պաշտոնյան անզգուշությամբ սխալ կամ ոչ ամբողջական տվյալներ է ներկայացրել՝ առաջացնում է պատասխանատվություն՝ 200-ապատիկից 400-ապատիկի չափով:

Արփինե Հովհաննիսյանը բացատրեց, թե ինչու են երկրորդ դեպքում ավելի խիստ պատիժ նախատեսում. «Քրեական օրենսգրքով երկու տիպի խախտումներ են առանձնացված՝ վարչական տույժ նշանակելուց հետո եթե համապատասխան ժամկետում խախտումը չի վերացվում՝ վրա է հասնում քրեական պատասխանատվություն: Սա դասական կանոն է: Բայց առանձին հոդված կա, որը հատուկ կարգավորում է կարեւոր հանցակազմ: Այն անձանց կողմից, որոնք պարտականություն ունեն եկամուտների հայտարարագիր ներկայացնել, կեղծ հայտարարագիր ներկայացնելը կամ եկամուտները թաքցնելը»:

Նախարարն ասաց, որ շատ նուրբ է այն սահմանը պարզելու՝ անզգուշությա՞մբ ես թույլ տվել խախտումը, թե՞ դիտավորությամբ. «Եթե անզգուշությանը գնահատական չտաս, ստացվում է, որ չես կարեւորում այն, ինչը սկզբունքորեն կթաքցնեն»:

Բարձրաստիճան էթիկայի հանձնաժողովն արդեն ունենալու է աշխատակազմ՝ իր վրա դրված գործառույթները կատարելու համար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930