Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռու մարզի չորս գյուղեր մեկ բժշկական կենտրոնից են օգտվում. շտապօգնությունը Վանաձորից է հասնում

Սեպտեմբեր 27,2016 15:57

Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի բնակիչ Մ. Ղումաշյանը, դիմելով ՀՔԱ Վանաձորի գրասենյակ, հայտնել է, որ արդեն 6 ամիս է, ինչ անհիմն ձևով շահագործումից հանվել է իրենց գյուղի շտապօգնության մեքենան, իսկ Վանաձորից ժամանող շտապօգնության մեքենաներն էլ կարճ ժամանակում չեն կարողանում հասնել, ինչը հանգեցնում է ողբերգական հետևանքների: Քաղաքացին հիշատակել է վերջերս գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարը, որից տուժած երկու երիտասարդներ մահացել են շտապօգնության մեքենայի ուշացման պատճառով: Ականատեսների պնդմամբ՝ շտապօգնությունը շուրջ կես ժամ անց է միայն հասել դեպքի վայր:

Մ. Ղումաշյանը խնդրին անդրադարձել է նաև Հայկական ժամանակ լրատվական կայքին տված հարցազրույցում, որում վերջինս ահազանգում է մարզկենտրոն Վանաձորից շուրջ 25 կմ հեռավորության վրա գտնվող Մարգահովիտ, Լերմոնտովո, Ֆիոլետովո և Անտառաշեն գյուղերի՝ ընդհանուր թվով 5000-ի հասնող ազգաբնկաչության բուժսպասարկումը մեկ բժշկական կենտրոնի կողմից իրականացնելու մասին ևս՝ նշելով, որ այն գտնվում է ոչ բարվոք վիճակում:

Վերոնշյալի առնչությամբ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է ՀՀ Առողջապահության նախարարություն՝ նշված գյուղերի ազգաբնակչության կյանքի և առողջության պահպանությանն ուղղված միջոցներ ձեռնարկելու հարցով: Նախարարությունից գրությունը վերահասցեագրվել է ՀՀ Լոռու մարզպետարան: Ինչպես հայտնում են Լոռու մարզպետարանից, չնայած նրան, որ Մարգահովիտի բժշկական կենտրոնում առկա են անհրաժեշտ աշխատանքային պայմանները, և հարակից գյուղերի բնակչությանը բժշկական օգնություն է տրամադրվում նաև տնային այցերի միջոցով մինչև ժամը 18:00-ը, այնուամենայնիվ Կենտրոնը չունի համապատասխան ռեսուրսներ՝ շուրջօրյա շտապ բուժօգնություն տրամադրելու համար, և այն իրականացվում է Վանաձորի բժշկական կենտրոնի համապատասխան ծառայության կողմից:

Մարզպետարանից հավելում են, որ այդ եղանակով բնակչությունը հնարավորություն ունի՝ ավելի որակյալ բժշկական օգնություն ստանալու: Ինչ վերաբերում է Մարգահովիտի բժշկական կենտրոնի հաշվեկշռում առկա «Գազել» մակնիշի ավտոմեքենային, ապա այն, համաձայն մարզպետարանից ստացված գրության, այլևս շահագործման ենթակա չէ:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930