«Գիտեք մարզպետի աշխատանքով պետք չէ գայթակղվել, մարզպետի աշխատանքը շատ ծանր աշխատանք է, հատկապես նոր կառավարությունում: Մարզպետի աշխատանքը դա աշխատանք է, որ պետք է ցուցանիշ ապահովես, այնպես որ գայթակղված չեմ և ոչ մեկին էլ խորհուրդ չեմ տա: Ճանաչելով Կարեն Կարապետյանին՝ շատ խստապահանջ է և պետք է աշխատել պատշաճ ձևով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության սյունեցի պատգամավոր Արմեն Կարապետյանը` պատասխանելով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի պաշտոնանկության մասին լուրերին: Ինքը` պատգամավորը, չի գայթակղվում այդ պաշտոնով: Իսկ թե ով պետք է պաշտոնավարի` վարչապետը կորոշի:
Պատգամավորը գտնում է, որ մեր երկրին համակարգային փոփոխություններ են պետք` տնտեսական վիճակը շտկելու համար, ոչ թե անձափոխություն: Իսկ Սուրիկ Խաչատրյանի հնարավոր պաշտոնանկության առիթով նա իր պատկերացումներն ունի. «Խնդիրը լավ կամ վատ աշխատելը չէ, պարզապես կա նոր թիմ, որը պետք է ձևավորի վարչապետը: Հնարավոր է իրեն ընդգրկեն այդ թիմի մեջ, հնարավոր է չընդգրկեն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ