Այսօր ԱԺ-ում «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թեւան Պողոսյանը Ֆինանսական համահարթեցման մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանին առաջարկեց. «Այսպես թե այնպես համակարգային թե այլ փոփոխություններ են սպասվում: Պարոն Տերտերյան, իմանալով ձեր կյանքի փորձը, գիտելիքները, ունակությունը, ասում եմ՝ ձեր տեղը լինեի՝ հանուն հայրենիքի կմտնեի վարչապետի մոտ եւ կասեի՝ ուղարկիր ինձ մարզպետ եւ կտեսնեք, թե մեկ տարվա մեջ այդ մարզն ինչի եմ վերածելու: Գնացեք եւ ձեր առաջնորդությունը բերեք, կարգուկանոնի բերեք: Մի անգամ փորձեք դա անել: Ցանկացած մարզ: Ցանկացած մարդու կյանքում կա հաջորդ օրը: Ծառայեք էս երկրին, ապացուցեք: Վստահ եմ, որ այդպես ավելի շատ օգուտ կբերեք, քան հին օրենքները բերելով եւ փորձելով այստեղ անցկացնել»:
Ըստ նրա, շատ ժամանակ նախարարի տեղակալները ավելի տեղեկացված են լինում, քան նույնիսկ նախարարները:
Նա ասաց, որ վերահսկողությունը լավ չի համայնքներին հատկացված միջոցների նկատմամբ եւ դրանում մեղավոր են նաեւ իրենք, որ բյուջեները քննարկելիս մատների արանքով են նայում:
Վաչե Տերտերյանը Թեւան Պողոսյանի առաջարկի հետ կապված պատասխանեց. «Մտորումների տեղիք է տալիս, որ իմ պաշտոնավարման արդյունավետությունը գործընկերոջ համար էդքան հետաքրքիր է: Կարծում եմ, բարեկամաբար, ես կմտածեմ դրա մասին, իհարկե, ոչ այդ մոդուսի մեջ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ