Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում այսօր` սեպտեմբերի 27-ին, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործի քննության հերթական նիստի ավարտին ամբաստանյալը հանդես եկավ հայտարարությամբ: Գեւորգ Սաֆարյանը նախ դատավորին խնդրեց պարզաբանել, թե ինչու էին հետաձգվել նախորդ երկու նիստերը, իսկ նախապես նշանակված նիստերի օրերը` չեղյալ համարվել:
Հիշեցնենք` Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանի կարծիքով` իր պաշտպանյալին դատարան չէին բերել, որ ՊՊԾ գնդի գրավման հետ կապված բողոքի հնարավոր ցույցեր չկազմակերպվեին:
Դատավորը նշեց, որ ամբաստանյալին չէին ներկայացրել դատարան: Սաֆարյանն էլ պնդեց` դատարանը պետք է հետաքրքրվեր, թե ինչու իրեն ՔԿՀ-ից չէին բերել դատարան: Ապա Գեւորգ Սաֆարյանը նաեւ հայտարարություն արեց. «Ինձ դատարան չբերելու պատճառները պարզ էին` ՊՊԾ գնդի գրավում տեղի ունեցավ: Ինձ որպես պատանդ պահում էին բանտում, քանի որ պարզ էր, թե ովքեր էին գրավել ՊՊԾ գունդը»: Դատավորն ամբաստանյալին ընդհատեց` ասելով, որ վերջինս մեղադրանքի շրջանակներից դուրս է գալիս:
«Բազմիցս ասել եմ, որ տվյալ գործը քաղաքական հետապնդում է: Նիստերը hետաձգվել են այն պատճառով, որ գրավել էին ՊՊԾ գունդը: Սա եւս մեկ անգամ ապացուցում է, որ դատավարությունը քաղաքական հիմք ունի, քանի որ գրավողներն իմ համախոհներն են: Սա եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ դատական համակարգը գործադիր իշխանության կցորդն է: Երբ գրավեցին…»,-շարունակեց Գեւորգ Սաֆարյանը, սակայն այս անգամ էլ դատախազը նրան ընդհատեց:
Կարդացեք նաև
Դատավորը հայտարարեց նիստի ավարտի մասին, ինչն առաջացրեց ներկաների զայրույթը: Նրանք տեւական ժամանակ բղավում էին, քննադատում դատախազի վարքը եւ գոռում` «Վախեցա՜ք «Սասնա ծռեր» անունից»:
Այս գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 11-ին` ժամը 12:00-ին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ