Գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանն այսօր մասնակցում էր ԵՄ կողմից ֆինանսավորվող ամենամեծ՝ Եվրոպական հարեւանության գյուղատնտեսության եւ գյուղի զարգացման (ENPARD) ծրագրի գործընկերների 3-րդ համաժողովին:
Aravot.am-ը մի քանի հարց ուղղեց նախարարին: Մենք նրանից հետաքրքրվեցինք՝ թե ինչպե՞ս է նախարարը լուծելու Վայոց ձորի մարզի Աղավնաձոր համայնքի գյուղացիների խաղողի բերքի դեռ անցյալ տարվանից կուտակված պարտքերի խնդիրը:
Աղավնաձորցիների առաջնային խնդիրը, ինչպես իրենք են ասում , վարկերի մարումն է, որոնց վրա նաեւ տույժեր են գումարվել: Այս առնչությամբ պարոն Առաքելյանն ասաց. «Վճարումը կատարվելու է, վաղը կլինենք այնտեղ եւ կասենք»: Իսկ թե ի՞նչ միջոցով են կատարվելու վճարումները, նախարարը մեր այս հարցին ի պատասխան՝ ասաց. «Դա կատարվելու է մասնավոր ընկերությունների համագործակցությամբ»:
Մեր մյուս հարցին՝ «Վեդի Ալկո» գործարանի ճակատագիրն ինչպե՞ս է լուծվելու, գործարանը ֆինանսական միջոցներ չունի, վճարունակ չէ, նախարարը պատասխանեց՝ «Ես ընկերության բաժնետիրոջ հետ խոսել եմ, նա վստահեցնում է, որ գյուղացիների հետ համաձայնության եկել է, վճարման ժամանակացույցի մասին է խոսքը»: Մեր այն դիտարկմանը, որ աղավնաձորցիներն էլ պնդում են, որ իրենք «Վեդի Ալկոյի» հետ խնդիր չունեն, ինչպես որ կառավարության նախկին ղեկավարը ստիպել էր գործարանատիրոջը մթերել խաղողը, այնպես էլ թող ձեռք մեկնի գործարանատիրոջը, որպեսզի վերջինս էլ գյուղացիների պարտքերը վճարի, նախարարն ասաց. «Վճարումը կատարելու է «Վեդի Ալկո» գինու գործարանը»:
Կարդացեք նաև
Վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես ինքն էր հայտարարել, նորանշանակ նախարարներից համարձակ քայլեր է ակնկալում: Մեր այն հարցին՝ ո՞րն է լինելու Իգնատի Առաքելյանի առաջին համարձակ քայլը, նախարարը պատասխանեց, որ պետք է ծրագիրը վերանայեն, որպեսզի գտնեն թիրախային կողմերը ու դրանք զարգացնեն. «Մենք անպայման ասուլիս կհրավիրենք եւ կասենք, թե ինչ համարձակ քայլեր ենք անելու: Պետք է լուրջ վերլուծություն կատարվի եւ հասկանանք, թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, մեծ աշխատանք կատարվել է, պետք է գնահատել եւ ադապտացնել այսօրվա ստեղծված իրավիճակին»:
Aravot.am-ը Իգնատի Առաքելյանին հիշեցրեց, որ նախկին գյուղնախարար Սերգո Կարապետյանը փորձում էր նոր մշակույթ ներմուծել գյուղոլորտ՝ գյուղացիների այգիներն ու դաշտերը հոգեւորականի միջոցով օրհնել: Հիշեցնենք, որ Սերգո Կարապետյանը Վեհափառի հետ պայմանավորվածություն էր ձեռք բերել, որպեսզի եկեղեցու ներկայացուցիչ լիներ գյուղատնտեսության նախարարությունում: Այն ժամանակ նախկին նախարարն ասել էր՝ «Գյուղատնտեսության հաջողությունների մեծամասնությունը կախված է Աստծո բարեհաճությունից:
Aravot.am-ն նոր նախարար Իգնատի Առաքելյանից հետաքրքրվեց՝ չի՞ պատրաստվում այս գաղափարը շարունակել, որպես տեխնոկրատների կառավարության տեխնոկրատ նախարար ի՞նչ կարծիք ունի՝ արդյոք աղոթքները կօգնե՞ն զարգացնել գյուղատնտեսությունը: Պարոն Առաքելյանը մեր հարցից անակնկալի եկավ, եւ ժպտալով ասաց՝ «Չեմ կարող պատասխանել, ոչ նախկինում եմ տեսել, ոչ էլ գիտեմ, թե ինչ է»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ