Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անիծվեր էն օրը, որ ես այդ գյուղում ծնվեցի». Խոսրով Հարությունյանը՝ իրեն ցնցած կնոջ բողոքի մասին

Սեպտեմբեր 27,2016 14:20

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» նախագծի քննարկումը, որը ներկայացրեց տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Նախագծով առաջարկվում է դոտացիաներն առավել համաչափ բաշխել համայնքների միջեւ:

Թեւան Պողոսյանը հարցրեց՝ «Ասացիք, որ համայնքների 2017-ի, 2018-ի, 2019-ի ֆինանսավորումը չի նվազելու, բայց կառավարության նիստում ասում են, որ 2017-ի բյուջեն պետք է նվազի, որովհետեւ փոփոխություններ են լինելու: Եթե նվազելու է ընդհանուր բյուջեն, ո՞ւմ հաշվին եք սա անելու»:

Թեւան Պողոսյանը նաեւ հարցրեց՝ մարզերի ավելացում, կրճատում, ինչ-որ համակարգային փոփոխություններ սպասվո՞ւմ են:

Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ ինքն ավելին չգիտի, քան մյուսները, բայց գիտի, որ շարունակելու են համայնքների խոշորացումը: Ինչ վերաբերում է մարզերին, նա ասաց, որ համայնքների նոր կառուցվածք ունենալու պարագայում, երբ կունենանք ավելի ունակ համայնքներ, այդ ժամանակ հնարավոր կլինի վերաիմաստավորել տարածքային մարմինների բովանդակությունը: Իսկ ֆինանսավորման համար ասաց. «Շուրջ 279 համայնքներ ավելի շատ դոտացիա կստանան 2017-ին, քան 2016-ին: Սա դեռ նախագծային թվեր են»:

ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանն իր ելույթում մի դեպք պատմեց, որը, իր ասելով՝ 90-ականներին է եղել. «Մեր քաղաքացին՝ անկախ նրանից, թե որտեղ է ապրում, գոնե պետք է իր համայնքում նվազագույն պահանջները բավարարելու հնարավորություն ունենա: 99-ին ԱԺ նախագահի պաշտոնում ես մարզկենտրոններից մեկում հանդիպման էի: Հանդիպման ավարտից հետո ինձ մոտեցավ մի երիտասարդ մայր՝ աղջկա ձեռքը բռնած եւ սկսեց տրտնջալ, թե ինչ վատ պայմաններ են իրենց գյուղում՝ ինչ չկա, չկա, չկա եւ այլն: Ես սկսեցի հանգստացնել, պատասխանը ցնցող էր: Ասեց՝ անիծվեր էն օրը, որ ես այդ գյուղում ծնվեցի: Սա սարսափելի բան էր, անցել է 17 տարի, շատ բան համայնքներում փոխվել է, բայց այդ մտավախությունը, որ բախտս չբերեց՝ Երեւանում չծնվեցի, բախտս չբերեց՝ մարզկենտրոնում չծնվեցի, կարող է պահպանված լինել»:

Նա ասաց, որ պետության խնդիրն է մարդու Սահմանադրական իրավունքն ապահովել՝ նվազագույն պահանջները ապահովել իր համայնքում. «Այսօր մեր տեղական գործող իշխանությունների աքիլլեսյան գարշապարն այն է, որ նրանք ունակ չեն իրենց ֆինանսական կարողություններով օրենքով իրենց վերապահված պարտադիր լիազորությունները լիարժեք իրականացնել: Հիմա պետությունը պետք է այնքան ֆինանսական ռեսուրսներով ապահովի համայնքին, որ ապրելու տարրական պայմաններ ստեղծվեն այնտեղ՝ այսօրվա ընկալումներով: Եվ դա հնարավո՞ր է միայն դոտացիաներով, անշուշտ՝ ոչ: Հարկավոր է համայնքի ֆիսկալ կարողությունն ավելացնել՝ իրական կարողությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930