Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողները բարկացրին Արծվիկ Մինասյանին

Սեպտեմբեր 27,2016 14:07

«Ես կարծում եմ՝ պատշաճ չէ այդ հարցին հիմա պատասխանելը, առնվազն քանի դեռ չի կազմավորվել նոր կառավարությունը, և չկան համապատասխան հրամանագրեր»,- խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին՝ ընդունե՞լ է բնապահպանության նախարար աշխատելու առաջարկը:

Քանի դեռ  չկա այդ մասին հրամանագիր, Արծվիկ Մինասյանը չի ուզում պատասխանել այդ հարցին, մանավանդ, որ կա բնապահպանության գործող նախարար. «Դուք էսքան ժամանակ տեսե՞լ եք, որ մարդուն նշանակեն նախարար, առանց իր համաձայնության: Կլինի հրամանագիրը, կտեսնեք»:

Միաժամանակ, Արծվիկ Մինասյանը սկսեց խոսել բնապահպանական ոլորտի խնդիրներից. «Ինչ վերաբերում է ընդհանրապես բնապահպանական խնդիրներին, ինձ համար առաջնորդող պետք է լինի Սահմանադրությունը, երբ շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը պետական ու հանրային իշխանության հիմնական պարտավորությունն են՝ որպես նաև գալիք սերունդների առջև պատասխանատվություն»:

Լրագրողները հետաքրքրվեցին, կարո՞ղ է պայքարել Ամուլսարի ծրագրի դեմ, որ բնությանը վնաս չհասցվի: Արծվիկ Մինասյանը պատասխանեց՝ այդ ծրագիրն անցել է համապատասխան փորձաքննություն, եթե բնապահպանական հատվածում չկան կոպիտ միջամտություն կամ առարկություններ, հավասարակշռությունը պահպանված է, այդ թեման պետք է որ անհանգստություն չառաջացնի:

Ինչպե՞ս է Արծվիկ Մինասյանը պայքարելու հանքերի ապօրինի շահագործման դեմ, քանի որ որևէ նախարար չի կարողացել այդ հարցին լուծում տալ՝ նման հարց էլ տրվեց Արծվիկ Մինասյանին: «Եթե ձեզ նշանակեին նախարար, դուք կարո՞ղ էիք լուծում տալ»:

Արծվիկ Մինասյանին զայրացրեցին լրագրողների այն դիտարկումները, որ կհրաժարվեին այդ պաշտոնից ու չէին դառնա հանցագործությանը մասնակից. «Եթե ձեզ թվում է, որ նախարար դառնալը հանցակից դառնալ է, ուրեմն այդ դեպքում տրամաբանություն չկա պետական ողջ կառավարման համակարգում ձեր իսկ մոտեցումների մեջ: Չի կարելի էդպիսի մոտեցումով երկիր տանել առաջ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930