Տարածքային կառավարման եւ զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց «Համայնքների ֆինանսական համահարթեցման մասին» նախագիծը, որով առաջարկվում է դոտացիաներն առավել համաչափ բաշխել համայնքների միջեւ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մախսուդյանը հարցրեց՝ բյուջեում համահարթեցման ֆինանսները ինչքանո՞վ են ավելանալու 2017-ին: Վաչե Տերտերյանը պատասխանեց, որ դոտացիաների ծավալը կավելանա շուրջ 1 միլիարդով:
Վահագն Մախսուդյանը նաեւ հետաքրքրվեց. «Ի՞նչ միջոցառումներ եք սահմանում, որ համահարթեցման գումարները արդյունավետ ծախսեն: ԱԺ-ին կից վերահսկիչ հանձնաժողովը (նկատի ունի Վերահսկիչ պալատը,- Հ. Ջ.) բյուջետային հատկացումների ընդամենը 4 տոկոսն է ստուգում տարեկան: Բա ո՞վ պետք է ստուգի մնացած 96 տոկոսը, որ իմանանք՝ գումարները հասե՞լ են ժողովրդին, թե՞ ոչ: Իմիջիայլոց, համայնքներում չգիտեն, որ մենք միլիոններ ենք տալիս համահարթեցման համար: Իմիջիայլոց, ասեմ՝ էս մեր պետության հացի մեջ աղ չկա, ես ձեզ ասեմ: Ջրին դոտացիա ենք տալիս՝ 14 դրամ, մյուսին տալիս ենք՝ ոչ մեկը չգիտի: Բոլորը դժգոհ են պետությունից, բոլորը օգտվում են եւ դժգոհում են: Տեղը դնող չկա, որ այդ դժգոհողին ասի՝ դու այսքան գումար ես ստացել, գյուղերում ավազի տեսքով լցրել եք ճանապարհների վրա՝ անձրեւը եկել, տարել է: Թող տարեկան մեկը ասֆալտապատի ճանապարհը, ինչ-որ մի բան անի:
Վաչե Տերտերյանն էլ ասաց, որ միջոցների տնօրինման, վերահսկման գործը պետք է անեն բնակիչներն ու ավագանին. «Ես հասկանում եմ՝ ինչ եք մտածում: Այո, ես շատ լավ գիտեմ, որ էդ ավագանիները ոչ մի բան չեն անում: Ես շատ լավ գիտեմ, որ գյուղական բնակչության մի ստվար հատված չգիտի, թե իր համայնքի բյուջեն ինչքան է կազմում: Խոշորացման հանդիպումների ժամանակ երբ ուղղորդումներով գյուղացիները խոսում են խոշորացման դեմ, երբ ինֆորմացիա ես տալիս, թե իր գյուղն ինչ բյուջե ուներ, ինչն է փոխվելու, տպավորությունը փոխվում է»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ խնդիրը կլուծվի, երբ կունենան լավ ավագանի, որը լավ կվերահսկի. «Այլ ձեւ չկա: Պետական վերահսկողությունը միշտ չի, որ արդյունավետ է: Մենք պետք է ունենանք ավագանի, որը շահագրգիռ է միջոցներին հետեւելու: Քանի չենք հետեւում, մեր այս համեստ միջոցները շատ տեղերում անարդյունավետ կամ քիչ արդյունավետ են ծախսվում»:
Վահագն Մախսուդյանը վստահեցրեց՝ քանի դեռ չենք կարողացել ստուգել տրված գումարները ծախսելու արդյունավետությունը՝ հաջողության չենք հասնի. «Ի՞նչ ավագանի՝ վարձատրվո՞ւմ է ավագանին: Սվիստոկի պատմությունն է, եթե սվիստոկը չես տալիս, ավագանին էլ սպասում է, որ գումարներ փախցնի»:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը միջամտեց եւ սեփական կարծիքն ասաց՝ միջոցների վերահսկողության մասին. «Ասում եք՝ ուրիշ տեղից ստուգող գա: Ամենամեծ միավորը համայնքն է, ուրիշ տեղից ստուգողին ո՞վ պիտի ստուգի, էն մյուս ստուգողին ո՞վ պիտի ստուգի: Այսինքն, ազգաբնակչությունն իր խնդիրները պիտի կարողանա ստուգել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ