Իջեւան քաղաքի ֆուտբոլասերները ցանկանում են դիտել ֆուտբոլի Իսպանիայի առաջնության խաղերը: Նախկինում նրանք այդ հանդիպումներին հետեւում էին մարզային «Տավուշ» հեռուստաընկերության եթերում, որը վերահեռարձակում էր «ԱՏՎ» հեռուստաընկերության ծրագրերը: Այժմ «Տավուշ« հեռուստաընկերությունը վերահեռարձակում է «Արարատ» հեռուստաընկերության հաղորդումները: Այդ հեռուստաընկերությունը ֆուտբոլի Իսպանիայի կամ այլ երկրի առաջնության խաղեր չի ցուցադրում: Իջեւանցի ֆուտբոլասերները մեզ հետ զրույցում այդ առթիվ դժգոհել են:
«Տավուշ» հեռուստաընկերության տնօրեն Ժան Գալստյանն ասաց, որ իրենք խնդիրներ են ունեցել «ԱՏՎ» հեռուստաընկերության հետ համագործակցելիս, այդ պատճառով իրենք դադարեցրել են նշված հեռուստաընկերության ծրագրերի վերահեռարձակումը, ցուցադրում են «Արարատի» հաղորդումները:
Ի տարբերություն Երեւանի եւ Արարատյան դաշտի հեռուստադիտողների, ովքեր հետեւում են եվրոպական տարբեր երկրների առաջնություններին, Տավուշի ֆուտբոլասերները կարող են դիտել միայն Անգլիայի Պրեմիեր լիգայի խաղերը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ