Հայաստանի անկախության 25 ամյակին նվիրված ռազմական շքերթին, ի թիվս այլ ռազմական տեխնիկայի, ցուցադրվեցին «Իսկանդեր» տակտիկական հրթիռների արձակման կայանքները:
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» փորձեց ի մի բերել այդ համակարգերի ու դրանց գնամն մասին տեղեկությունները:
Գինը
Ինչպես հայտնի է, 2015 թվականի հունիսի 26-ին Երևանում ստորագրվեց «ՀՀ կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» հայ-ռուսական պայմանագիրը, որով Հայաստանը պետք է Ռուսաստանից 200 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու ռազմական նշանակության գույք գներ՝ դրա դիմաց վճարելով 10 տարվա ընթացքում:
Կարդացեք նաև
Սակայն, ՀՀ Ֆինանսների նախարարությունից օրերս ստացված գրության համաձայն, 2016 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ այդ 200 միլիոն դոլարից դեռևս որևէ օգտագործում չի եղել: Վերոնշյալ պայմանագրի 2-րդ հոդվածի համաձայն վարկի օգտագործումը սկսվում է զենքը մատակարարելու օրվանից:
Այսինքն, սեպտեմբերի 13-ի դրությամբ (երբ «Իսկանդերները» արդեն վստահաբար Հայաստանում էին) վարկի սահմաններում որևէ զենք կամ ռազմական այլ գույք Ռուսաստանը Հայաստանին չի տրամադրել:
Դա հիմք է տալիս վստահաբար պնդելու, որ «Իսկանդերներ» համակարգերը (ի թիվս մյուս նոր զինատեսակների) գնվել են ոչ թե վարկով, այլ ուղղակի վճարման դիմաց: Դա, ըստ էության, «Ազատության» հետ զրույցում հաստատեց նաև Պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը, ով ասեց, որ այն «ձեռք է բերվել մեր բյուջետային ծախսերի հաշվին»:
«Իսկանդերների» այս գործարքը դեռևս արտացոլված չէ ոչ ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում, ոչ էլ Ստոկհոլմի խաղաղության միջազգային ինստիտուտի զեկույցներում: Հետևապես դժվար է գնահատել, թե հայաստանյան հարկատուների վրա որքա՞ն են նստել այդ համակարգերը:
Սակայն տարբեր փորձագետների գնահատմամբ այդ համակարգերի մեկ բրիգադի արժեքը կազմում է 200-300 միլիոն դոլար: Բրիգադը կազմված է 12 արձակման կայանքից, իսկ անկախության 25-ամյակի շքերթին Երևանում ցուցադրվեց 4 կայանք: Հետևապես, կարելի է ենթադրել, որ ցուցադրված «Իսկանդերները» Հայաստանի բյուջեին արժեցել են 70-ից 100 միլիոն ԱՄՆ դոլար:
https://www.youtube.com/watch?v=7Jgndqy3mdg
Հեռահարությունը
Ռուսական, ադրբեջանական և թուրքական որոշ աղբյուրներ հանդես եկան հրապարակումներով, ուր Հայաստանի «Իսկանդերների» խոցման շառավիղը նշվում էր 500 կիլոմետրը: Այդ հրապարակումները տարածում էր նաև տեղական մամուլը: Երևանյան ռազմական շքերթի ժամանակ, սակայն, որպես խոցման հեռահարությունը հայտարարվեց 300 կմ թիվը:
Բանն այն է, որ կան տարբեր տեսակի 9K720 «Իսկանդեր» կայանքներ (ՆԱՏՕ-ի կլասիֆիկացիայով՝ SS26 Stone): «Իսկանդեր-Մ», «Իսկանդեր-Կ» և «Իսկանդեր-Է»: Երևանյան ցուցադրման ժամանակ արձակման կայանքները քողարկված էին, և հնարավոր չէ հստակ հասկանալ, թե ո՞ր տիպին են պատկանում հայկական «Իսկանդերները»:
Համաձայն Բալիստիկ հրթիռների տարածման կանխարգելման Հաագայի կոդեքսի, դրա անդամ երկրները (այդ թվում՝ Ռուսաստանը), պարտավորվել էին այլ պետություններին չվաճառել 300 կիլոմետրից մեծ հեռահարությամբ հրթիռներ:
Հենց այդ կոդեքսին հետևելու համար Ռուսաստանում ստեղծվեցին էքսպորտային «Իսկանդեր-Է»-ները: Վերջիններս, համաձայն, պաշտոնական տվյալների, ունեն 280 կիլոմետրանոց հեռահարություն: Հավանաբար, հենց դրանք են մատակարարվել Հայաստանին (այս դեպքում նաև իրականությանը առավել մոտ է լինում հայտարարված 300 կմ թիվը):
Այդ պարագայում, պետք է նկատենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի շրջակայքում գտնվող օբյեկտները խոցելու համար «Իսկանդերները» պետք է տեղափոխվեն Արցախ, քանի որ Հայաստանի ամենամոտիկ կետից Բաքուն 305 կմ հեռավորության վրա է: Իսկ այդ համակարգերի Արցախ տեղափոխումը վտանգավոր է թե ռազմական և թե դիվանագիտական առումներով:
Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»
Ապրես Դանիել, մեզ լավ ոգևորեցիր։