Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հայ երգի օր» նվիրված՝ Կոմիտասին

Սեպտեմբեր 27,2016 10:33

Սեպտեմբերի 26-ին, ՀՀ սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակներում Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի ունեցավ «Հայ երգի օր» համերգային ծրագիրը՝ նվիրված Կոմիտասին:

Երաժշտական երեկոն մեկնարկեց Կոմիտասի մասին պատմող տեսաֆիլմով:

Երեկոն վարում էր հաղորդավար Սարգիս Նաջարյանը: Հնչեցին հայկական-ժողովրդական, դասական և էստրադային ստեղծագործություններ:

Կոմիտասի «Չինար ես» ստեղծագործությունը ներկայացրեց Նարեն (Լիբանան):

Սայաթ-Նովայի «Քանի վուր ջանիմ» երգի կատարմամբ հանդես եկավ Սոսե Գրիգորյանը (Իսրայել):

«Գուսանի երգը» կատարեց Արթուր Բաղդասարյանը (Թուրքիա):

Այնուհետև հնչեց Կոմիտասի «Հոյ նազան» ստեղծագործությունը՝ Շվեդիայից ժամանած Քրիսթեր Վիկմարկի և Կարինե-Հելման Գևորգյանի կատարմամբ:

Առնո Բաբաջանյանի «Երևան» երգով հանդես եկավ Ճապոնիայից ժամանած Ստեֆանիա Թոփալյանը:

Լիբանանահայ Գևորգ Հաճյանը կատարեց Գուսան Հայկազունի «Պիտի գնանք վաղ թե ուշ» ստեղծագործությունը:

img_5271Կոմիտասի և մյուս երգահանների ստեղծագործությունները ներկայացրին նաև Ադել Ազրոյանը՝ Ռուսաստանից, Բեթինա Հովսեփյանը՝ Իրանից,Վահե Թիլբյանը՝ Եթովպիայից, Մարինա Բերբերյանը և Իռենա Կոֆմանը՝ ԱՄՆ-ից, Քրիսթեր Վիկմարկը՝ Շվեդիայից, Սար Սարգսյանը՝ Արցախից, Արաքս Ավագյանը,Սիլվա Պետրոսյանը, Աննա Պողոսյանը՝ Հայաստանից:

Հաղորդավար Սարգիս Նաջարյանը ներկայացրեց Փանոս Թերլեմեզյանի հուշերը Կոմիտասի մասին:

Այնուհետև ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը հանդես եկավ ողջույնի խոսքով՝ նշելով. «Հարգելի ներկաներ, սիրելի հայրենակիցներ, 2014թ. ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ դրվեց Կոմիտասի ծննդյան օրը տոնելու հիմքը, որը հնարավորություն տվեց ոչ միայն մեր հարգանքն ու խոնարհումը բերելու հայ երգի Մեսրոպ Մաշտոցին, այլև համախմբելու Հայրենիքի և Սփյուռքի հայ կատարողներին մեկ հարկի ներքո: Այսօր մենք նաև ավարտում ենք դեռևս հուլիս ամսին մեկնարկած «Իմ Հայաստան» համահայկական փառատոնը: Սփյուռքից ժամանած 25 պարախմբեր, 12 երգչախմբեր, դուդուկահարներ և երգիչներ մշակութային անկրկնելի զգացողություն հաղորդող միջոցառումներով հիանալու առիթներ ստեղծեցին մեզ համար: Եվ այսօր, ձեր շնորհիվ, մենք վայելեցինք հայ երգի հրաշալի մեղեդիներ, կրկին համոզվեցինք, որ մեր ազգային երաժշտության մեջ ամփոփված է հայկական ջերմ ու հարազատ աշխարհը, որը ուժ է հաղորդում մեր համայնքներին, նպաստում, որ սերունդները հայ մեծանան՝ չենթարկվելով օտար ազդեցություններին: Այսօր մենք բոլորս հիացանք Ճապոնիայից ժամանած Ստեֆանիա Թոփալյանի կատարմամբ, ով դեռ չի տիրապետում մայրենիին, սակայն մեծ հուզականությամբ հայերեն ներկայացրեց Առնո Բաբաջանյանի «Երևան» ստեղծագործությունը: Ձեզ մաղթում եմ ստեղծագործական նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ: Թող, որ ՀՀ 25-ամյա տարեդարձին նվիրված «Իմ Հայաստան» փառատոնը և Հայրենիքում անցկացրած օրերը նոր նպատակների ու ձեռնարկների իրականացման մտահաղացումներ առաջացնեն՝ նպաստելով համայնքների մշակութային կյանքի ակտիվացմանն ու Հայրենիք-Սփյուռք մշակութային գործակցության ամրապնդմանը»:

Համերգային ծրագրի ավարտից հետո ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը փառատոնի մասնակիցներին հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության « Իմ Հայաստան» հուշամեդալներ ու հավաստագրեր:

Նշենք, որ մինչ համերգը Սփյուռքի նախարարության մի խումբ աշխատակիցներ՝ փոխնախարար Սերժ Սրապիոնյանի գլխավորությամբ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ծաղիկներ խոնարհեցին վարդապետի շիրիմին:

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930