Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արթուր Ալեքսանյանն ու նրա հայրը եզրափակում են մեծարման միջոցառումներին մասնակցելը

Սեպտեմբեր 27,2016 09:50

ու անցնում են մարզումային պրոցեսին

Հայաստանն ու համայն հայությունը շարունակում է ըստ արժանվույն մեծարել Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերի մեր մեդալակիրներին: Գրեթե ամեն օր նրանց պատվին մեծարման արարողություններ են կազմակերպվում: Օլիմպիական մեդալակիրներն էլ ընդունում են այդ հրավերները ու մասնակցում՝ ըմբռնումով մոտենալով կազմակերպիչների մեծ ցանկությանը:

«Առավոտը» այսօր ՀԱՕԿ-ի պաշտոնական գործընկեր Ucom ընկերության կազմակերպած մեծարման արարողության ավարտին Արթուր Ալեքսանյանի եւ նրա հայր ու անձնական մարզիչ Գեւորգ Ալեքսանյանի հետ զրուցեց այս հարցի շուրջ:

Հարցին, թե Արթուր Ալեքսանյանը արդեն նվաճել է սպորտում հնարավոր գրեթե բոլոր բարձրագույն տիտղոսները, արժանացել ամեն տեսակ դրամական ու նյութական պարգեւների, հատկապես՝ Ռիոյում չեմպիոն դառնալուց հետո: Դրանք չե՞ն խանգարի նրան մարզական կարիերայում, Գեւորգ Ալեքսանյանը պատասխանեց. «Քանի դեռ մարզիկն ի վիճակի է մարզվել, հաղթել ու մեդալներ նվաճել, պետք է մարզվի, որպեսզի իր հնարավորություններն օգտագործի թե իր, թե իր երկրի ու երկրպագուների համար մեդալներ նվաճելու եւ ուրախացնելու: Պարգեւատրումները մարզիկի աշխատանքի գնահատականն են: Շնորհակալություն բոլոր պարգեւատրողներին եւ նրանց, ովքեր ներդրում ունեն այդ հաղթանակներում: Ինչ վերաբերում է Արթուրին, նա պարգեւատրություններ ստանում է արդեն չորս-հինգ տարի: Ու ինչպես տեսնում եք, նա այդ տարիներին չի փոխվել: Վստահաբար ասում եմ, որ հիմա էլ նրա համար ոչինչ չի փոխվելու: Արթուրը պրոֆեսիոնալ մարզիկ է ու անում է իր գործը: Նա հիմա էլ, երբ օլիմպիական խաղերից հետո հարաբերական հանգստի ժամանակահատվածն է, միեւնույն է՝ մարզվում է: Ու մարզվում է Ռիոյից վերադառնալու հաջորդ օրվանից: Ճիշտ է, առայժմ կրկին հարաբերական ազատ գրաֆիկով: Մենք հիմա գորգային աշխատանքներ չենք տանում, բայց կատարում ենք արագաուժային, ֆունկցիոնալ պատրաստվածության վարժություններ՝ դրանք հնարավորին չափ հարմարեցնելով այսպիսի հրավերներին: Հասկանում ենք բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում մեր օլիմպիական մեդալակիրների համար միջոցառումներ են կազմակերպում, լրատվամիջոցներին, որոնք հրավիրում են: Մերժելը այնքան էլ ճիշտ չի լինի»:

Հարցին, թե այսպես կարո՞ղ է անվերջ շարունակվել, Գեւորգ Ալեքսանյանը պատասխանեց. «Ոչ: Ավարտում ենք: Այլեւս ոչ մի հրավեր, ոչ մի հարցազրույց: Վերսկսում ենք կանոնավոր մարզումները: Առջեւում կարեւոր նոր մեկնարկներ կան, որոնց պետք է նախապատրաստվել լրջությամբ: Եկող տարվա գարնանը Եվրոպայի առաջնությունն է, որին մասնակցելու հարցը պարզ կլինի ծաղկաձորյան հավաքից հետո միայն: Իսկ սեպտեմբերի աշխարհի առաջնությանը Արթուրը հաստատ կմասնակցի»:

Հոր եւ անձնական մարզչի հետ համամիտ է նաեւ ինքը՝ Արթուր Ալեքսանյանը: Նա խոստովանեց, որ արդեն կարոտել է մարզումներին: Նա դեռեւս միջազգային առաջին նվաճումներից հետո ապացուցել է, ու չնայած երիտասարդ տարիքին՝ լրջախոհ է, հավասարակշռված եւ իսկապես պրոֆեսիոնալ մարզիկ, որին խոշոր գումարները չեն շեղում իր գործից: «Գումարը, որ որպես գնահատում ստանում ես կատարածդ աշխատանքի դիմաց, իհարկե, ծախսելու համար է: Բայց գումարը, որքան էլ խոշոր լինի, չպետք է քեզ շեղի ճիշտ ճանապարհից, գործից, որն ինքդ ես ընտրել: Այն պետք է վայելել, բայց այնպես, որպեսզի չվնասես քեզ, որպեսզի այն չխանգարի նոր բարձունքներ նվաճել: Մանավանդ, որ մարզական կարիերան կարճ է»,- ասաց օլիմպիական չեմպիոնը:

ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

24.09.2016

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930