Լրահոս
Օրվա լրահոսը

«Սդղի Գյոլի» ծեծկռտուքից տուժած Զաքարյաններն իրենց ուզած գումարը ստացել են». Արմեն Մելքոնյան

Սեպտեմբեր 26,2016 20:40

Գորիսի «Սդղի գյոլ» կոչված տեղում անցած տարվա մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի ազգականների մասնակցությամբ տեղի ունեցած վիճաբանության գործով դատավարության արդյունքից Խաչատրյանի ազգականների պաշտպան՝ փաստաբան Արմեն Մելքոնյանը դժգոհ է մնացել: Նա Aravot.am-ին ասաց, որ դատավճիռը ստանալուն պես իր պաշտպանյալների հետ կքննարկի բողոքարկման անհրաժեշտության հարցը:

Իսկ տուժող Զաքարյան եղբայրների պաշտպան Լեւոն Սահակյանը չցանկացավ որեւէ մեկնաբանություն տալ դատաքննության վերաբերյալ, ասաց դատաքննությունն ավարտվել է՝ ոչինչ չունի ասելու:

Նշենք, որ նախաքննության ավարտից սկսած Զաքարյան եղբայրների հարազատներն ու պաշտպանը նախընտրեցին գործի ընթացքի վերաբերյալ լռել:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր ճանաչեց գործով ներգրավված բոլոր ամբաստանյալներին եւ դատապարտեց ազատազրկման:

Սյունիքի մարզպետի եղբայրը՝ Աղալար Խաչատրյանը եւ Շահում Դավթյանը, դատապարտվեցին 6 ամսվա ազատազրկման, եղբորորդին՝ Էյներ Խաչատրյանը եւ Դերենիկ Հակոբյանը՝ 1 տարվա, մարզպետի մյուս եղբորորդին՝ Մայիս Խաչատրյանը, 2,5 տարվա, Յուրի Մանուչարյանը, որը նույնպես Սուրիկ Խաչատրյանի թիմակիցներից է, 4,5 տարվա:

«Իմ պաշտպանյալների արարքները սխալ են որակվում: 113 հոդվածի երկրորդ մաս այնտեղ չկա, հինգ մեղադրյալներին էլ այս նույն հոդվածն են տվել: Լավագույն դեպքում խոսք էր գնում 117, 118 հոդվածների մասին, բայց ոչ 113 հոդվածի երկրորդ մաս: Վեց հոգով էլ չեկան, խփեցին քթին, որ քիթը կոտրվեր: Եթե մեկից ավելի մարդ խփած լիներ, քթի կոտրվածքը պետք է մի քանի բեկորների բաժանված լիներ, քիթը տեղաշարժված լիներ, հետեւաբար, սա վկայում է այն, որ հարվածը մեկի կողմից է եղել, իսկ միայն քթի կոտրվածքն է, որ ապահովում է միջին ծանրության մարմնական վնասվածք»,- ասաց փաստաբանը:

Ըստ նրա, դատարանում Յուրի Մանուչարյանը խոստովանել է, որ հենց ինքն է  հարվածել Մուշեղ Զաքարյանի քթին:

Պարոն Մելքոնյանից հետաքրքրվեցինք՝ ինչով է պայմանավորում Զաքարյան եղբայրների լռությունը, նրանց վրա ճնշումնե՞ր են գործադրվել, թե՞ հաշտության եզրեր են գտել Խաչատրյանի ազգականների հետ, ի պատասխան պարոն Մելքոնյանն ասաց. «Չեմ կարող ենթադրել, որ Զաքարյանների նկատմամբ որեւէ մեկը ճնշում է գործադրել: Ի՞նչ ճնշման մասին է խոսքը: Զաքարյանները եկել են դատարան, իրենց ասելիքն ասել են, իսկ հաշտության եզրի առումով, կասեմ՝ նրանց քաղաքացիական հայցը բավարարվել է աչքի մասով, իրենց ուզած գումարն իրենք ստացել են»:

Մեր հարցին՝ ինչքան էր կազմում փոխհատուցումը, պահանջված գումարը, պարոն Մելքոնյանը պատասխանեց. « Ես չգիտեմ, մարդու աչքը վնասվել էր, բնականաբար, փոխհատուցում պետք է լիներ աչքի վնասվածքի համար, որը եղավ»:

Փաստաբանը նկատեց, որ ազատազրկման դատապարտված իր մեղադրյալները ծանր վիճակում են, որովհետեւ նրանցից երկուսը երկրորդ կարգի հաշմանդամ են, մնացածը ունեն անչափահաս երեխաներ.«Ճի՞շտ եք համարում վեց հոգու ընդամենը մի քթի կոտրվածքի համար, որը ուրիշ քրեական գործերով համարվում է թեթեւ մարմնական վնասվածք դատապարտել ազատազրկման, ես ճիշտ չեմ համարում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930