Սեպտեմբերի 23-ին Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել էր ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն:
Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Էքս-Մարսել-Պրովանս տարածաշրջանի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն, Պրովանս-Ալպ-Կոտ- դ’Ազուր մարզի փոխպրեֆեկտ, նույն մարզի փոխնախագահներ, քաղաքապետեր, մարզային, շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի խորհրդարանականներ, Մարսելում հավատարմագրված գլխավոր և պատվավոր հյուպատոսեր, հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների հոգևորականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։
Ողջունելով ներկաններին՝ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը ներկայացրեց Անկախության օրվա խորհրդի կարևորությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, անկախությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումները և առկա մարտահրավերները, արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Նա անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը, երկկողմ տնտեսական և մշակութային համագործակցությանը, հայրենիքի զարգացման գործում ֆրանսիահայերի մեծագույն ավանդին:
Շնորհավորական ելույթներով հանդես եկան Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի անունից Մարսելի 4-րդ շրջանի քաղաքապետ Իվ Մորենը, Պրովանս-Ալպ-Կոտ-դ’Ազուր մարզի նախագահ Քրիստիան Էստրոզիի անունից փոխնախագահ Կարոլին Պոզմանտիեն, Էքս-Մարսել-Պրովանս տարածաշրջանի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն: Վերջիներս անդրադարձան հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը՝ ևս մեկ անգամ հավաստելով բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին նորանոր հաջողությունների նվաճման գործում:
Կարդացեք նաև
Միջոցառումն ուղեկցվեց հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումներով:
ՀՀ ԱԳՆ