Այս տարվա ապրիլի 3-ին Ժամը 02:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում` «Աննա» ծաղկի սրահի դիմաց տեղի ունեցած խոշոր ավտովթարի մասնակից ու 21-ամյա Մարտին Ալեքսանյանին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ մեղադրվող Սերյոժա Աղոյանը դարձել է երկրորդ կարգի հաշմանդամ: Այս մասին Aravot.am-ին ասաց նրա պաշտպան՝ փաստաբան Կարեն Քալանթարյանը:
Հիշեցնենք, որ ավտովթարի հետեւանքով մահացած Մարտինի մայրն այսօր բաց նամակ է ուղղել նախագահին՝ խնդրելով վերահսկել որդու մահվան դեպքով հարուցված քրեական գործի քննությանը:
Հիշեցնենք նաեւ, որ երիտասարդ Մարտինին անզգուշությամբ մահ պատճառելու մեջ մեղադրվող Սերյոժա Աղոյանը ԵԿՄ Աբովյանի տարածքի նախկին նախագահ Սուրեն Աղոյանի տղան է:
Ըստ փորձաքննության եզրակացության ավտովթարի օրը նա եղել է ոչ սթափ վիճակում (խմածության աստիճանը գերազանցել է թույլատրվածից երեք անգամ ավելին) վարել է մեքենան շատ մեծ արագությամբ կարմիր լույսի տակ:
Կարդացեք նաև
Պարոն Քալանաթարյանից նախ հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը չի ընտրվել կալանքը. «Կա դատական ակտ, որոշում, որտեղ մանրամասն նշված է՝ ինչու կալանքը չի կիրառվել: Իմ պաշտպանյալի վիճակը լուրջ է: Նա երկրորդ կարգի հաշմանդամ է դարձել այդ վթարի հետեւանքով: Գլխուղեղի հետ կապված լուրջ խնդիր կա, երկար ժամանակ պառկել է վերակենդանացման բաժնում արհեստական շնչառությամբ ու անգիտակից վիճակում, գանգուղեղային լուրջ վնասվածք է ստացել, կոտրվածքի տեսքով, գոյացություններ կան: Այս պահին էլ ստացիոնար բուժման մեջ է: Կմեկուսացնե՞ք այդ մարդուն, եթե կես մարդ է»:
Անդրադառնալով իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքին, պարոն Քալանթարյանը պատասխանեց. «Չեմ պատրաստվում քննարկել ոչ մի եզրակացություն: (խմբ. նկատի ունի փորձաքննության եզրակացությունը, ըստ որի իր պաշտպանյալը եղել է ոչ սթափ վիճակում, խմածության աստիճանը թույլատրվածից երեք անգամ ավելին) Եթե նույնիսկ հաշվի առնենք, որ երեք անգամ գերազանցել է խմածության աստիճանը, շատ վատ է: Ես ինքս դեմ եմ, որ վարորդն ալկոհոլային խմիչք օգտագործի, նստի ղեկին, բայց կարո՞ղ եք ասել՝ ինչ անենք, որ մեր երկրի օրենսդիրը դրա համար նախատեսել է այն հոդվածը՝ անզգուշությամբ մահ պատճառել, որն էլ առաջադրվել է: Խմածությունն արդեն ծանրացնող հանգամանք է, խմածությունը չի կարող դիտվել դիտավորություն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Օրենքի թերացում է նման հանցանքը որակել որպես անզգուշություն։ Ոչ սթափ վարորդը պոտենցիալ մարդասպան է։ Մի՞թե 25 տարեկան երիտասարդը, ով չափից դուրս հարբած նստում է ղեկին, մեքենան վարում շատ մեծ արագությամբ, անտեսում կարմիր լույսը ու խլում ազնիվ ու լուսավոր երիտասարդի՝ Մարտին Ալեքսանյանի, կյանքը, անդառնալի փշրում նրա ծնողների, քրոջ ու հարազատների կյանքերը, չգիտեր, որ ոչ սթափ վիճակում մեքենա չեն վարում։ Եվ սա որակե՞լ անզգուշություն։ Միանշանակ՝ ՈՉ։ Նման հանցագործին պետք է ցմահ ազատազրկել, որ նոր կյանքեր չխորտակվեն։
Ինչպես կարելի է անզգուշություն որակել և մեղադրանք ներկայացնել հոդված 242 ի 2 րդ մասով հարբած վարորդին, ով ապրիլի 2 ին, երբ Հսյաստանը գտնվում էր պատերազմական լարված իրավիճակում, երբ հայ ժողովուրդը ողբում էր սահմանին զոհված զինվորների կորուստը, ընկերուհու հետ խրախճանքների մեջ էր, ով չափից դուրս հարբած վիճակում նստում է ղեկին( քանզի հարբած վարորդը պոտենցիալ մարդասպան է) ու խլում ազնիվ ու լուսավոր 21 ամյա երիտասարդի կյանքը, ով հազիվ մեկ տարի էր, ինչ ավարտել էր զինվորական ծառայությունը ԼՂՀ ում և շարունակում էր ուսումը Տնտեսագիտական համալսարանում։ Ինչպես կարելի է անզգուշություն որակել 25 ամյա հարբած վարորդի արարքը։ Պատահականություն կլիներ, եթե այդ աստիճան( թույլատրվածից 3.5 անգամ ավել) հարբած վարորդը չսպաներ կամ չվնասեր մեկին։ Սա օրենքի բացթողումն է, կամ թերացումը։ Ինչպես կարելի է նման հանցագործը մեղադրվի հոդված 242 ի 2 րդ մասով։ Երբ հասուն մարդը հարբած ղեկին է նստում, արագությունը գերազանցում, կարմիր լույսը անտեսում, ի՞նչ անզգուշության մասին է խոսքը։ Հարբած վարորդը պոտենցիալ հանցագործ է, պոտենցիալ մարդասպան։ Անզգուշություն որակել հարբած վարորդի արարքը, ով երիտասարդի կյանք է խլել, փշրել նրա ծնողների, քրոջ, հարազատների կյանքերը, նշանակում է խրախուսել նման հանցանքը։ Նրան պետք է ցմահ ազատազրկել, որ այլ կյանքեր էլ չխորտակվեն։ Ես խնդրում ու պահանջում եմ պատկան մարմիններին վերանայեք օրենքը։ Վերանայեք և մտածեք, որ Մարտին Ալեքսանյանի փոխարեն կարող էր լինել յուրաքանչյուրիդ որդին։