Գրադարանավարների վարպետաց ծրագրի շրջանակներում Հայաստան են ժամանել Բեռլինի պետական գրադարանի տնօրեն Բարբարա Շնայդեր-Կամպֆը եւ գրադարանի բաժնի վարիչ Մելինե Փեհլիվանյանը: Ծրագրի ընթացքում՝ մինչեւ սեպտեմբերի 29-ինը, նրանք վարպետաց դասեր կանցկացնեն ինչպես Երեւանի, այնպես էլ մարզերի գրադարանավարների հետ:
Սեպտեմբերի 26-ին նրանք այցելել էին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան, ինչից հետո տիկին Շնայդեր-Կամպֆը ցանկություն էր հայտնել ծաղիկներ դնել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում եւ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Aravot.am-ի հետ զրույցում Բարբարա Շնայդեր-Կամպֆը իր նախաձեռնությունը այսպես բացատրեց. «Սարսափելի բան է կատարվել հայ ժողովրդի հետ: Ես շատ ուրախ եմ, որ Գերմանիայի Բունդեսթագը մի քանի ամիս առաջ հայտարարեց, որ կատարվածը ցեղասպանություն է: Սա Հայաստան իմ երկրորդ այցելությունն է, եւ այս անգամ ես ցանկություն հայտնեցի ծաղիկներ դնել հուշահամալիրում»:
Կարդացեք նաև
Բարբարա Շնայդեր-Կամպֆը շատ տպավորված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և թանգարան այցելությունից, ըստ նրա, այնտեղ կարելի է ստանալ բոլոր հուզող հարցերի պատասխանը. «Դա հուզեց ինձ: Եթե պատմությունն ես ուսումնասիրում, մտածում ես՝ ինչ է կատարվել, ինչը կարող էր վերջ դնել դրան: Բայց կարծում եմ այդպիսի հնարավորություն չկար, դա պատահեց, եւ ոչ ոք չէր կարող կանխել դա: Ես հույս ունեմ, որ մյուս երկրները եւս կճանաչեն, որ ցեղասպանություն է տեղի ունեցել»:
Բարբարա Շնայդեր-Կամպֆը մեզ հայտնեց, որ Գերմանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Աշոտ Սուքիասյանը առաջարկել է Բեռլինի պետական գրադարանին ցուցահանդես կազմակերպել, որտեղ ցուցադրված կլինեն Հայոց ցեղասպանությունը վերապրածների լուսանկարները: Ամենայն հավանականությամբ, ցուցահանդեսը տեղի կունենա հաջորդ տարվա ընթացքում:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ