Այսօր ԱԺ արտահերթ նիստում արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը ԱԺ-ում ներկայացրեց կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծը:
Արփինե Հովհաննիսյանին դուր չեկավ Թեւան Պողոսյանի հարցն ու հարցնելու ոճը: Նա հետաքրքրվեց՝ արդյոք խոստացված համակարգային փոփոխությունները մեկ նախարարության՝ քաղաքաշինության նախարարության հանելով ավարտվեցի՞ն: Նա նաեւ հարցրեց՝ Սերժ Սարգսյանի հրամանագրին ծանո՞թ եք՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական մարմինների կառուցվածքների սահմանման մասին: Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց, որ նոր Սահմանադրությամբ նոր կառավարությունը երբ լինի, կարող է լինեն նոր փոփոխություններ. «Կառավարությունը այս ձեւով է տեսնում եւ դրան համահունչ ներկայացնում է ազդակներ: Իսկ ինչ-որ մեկն ասել է, որ քաղաքաշինության նախարարության վերացմամբ՝ փոփոխությունների մեկնա՞րկն է, կամ ավարտվո՞ւմ է»: Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրամանագրին՝ Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց կարճ՝ «Հրամանագրին ծանոթ եմ»:
Թեւան Պողոսյանն էլ ճշտեց՝ հրամանագրի երկրորդ կետը թույլ տալի՞ս է նոր կոմիտեներ ստեղծել, թե՞ ոչ: Արփինե Հովհաննիսյանը նեղացավ. «Հրամանագրին ծանոթ եմ, բայց դա չի նշանակում, որ ես պարտավոր եմ ձեր՝ որպես դասախոսի կողմից ինձ՝ որպես ուսանողի առաջադրած հարցին պատասխանել»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կարդացեք նաև