«Դեմ առ դեմ» հաղորդաշարի հյուրերն են ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը եւ առաջին գումարման ԱԺ պատգամավոր, արդյունաբերության նախկին փոխնախարար Արմեն Կիրակոսյանը
Կառավարությունում մեկնարկել են նախարարական եւ կառուցվածքային փոփոխությունները. ի՞նչ արդյունքներ են խոստանում դրանք:
Նելլի Գրիգորյան- Տիկին Եսայան, Կարեն Կարապետյանը բավական համարձակ ու հակասական հայտարարություններով տվեց մեկնարկը. խորհրդարանի ամբիոնից իր առաջին ելույթում հայտարարեց` տնտեսությունը շատ ծանր վիճակում է, ապա ասաց, որ մենաշնորհների դեմ կարծես չի պայքարելու, քանի որ մենաշնորհը միշտ չէ, որ վատ է եւ այլն: Նաեւ ՀՅԴ-ական նախարարների հետ ոչ մի կերպ ընդհանուր լեզու չի գտնում: Սրանք շոունե՞ր են, ինչպես ասում է ՀՅԴ-ական գործիչ Արմեն Ռուստանյանը, թե՞ վարչապետն ինքնուրույն գործելու «քարտ բլանշ» ունի:
Մարգարիտ Եսայան– Քաղաքականության մեջ անկեղծությունը լավ բան է: Ես կարծում եմ՝ մեր քաղաքական դաշտում մենք դրա կարիքը ունեինք: Դրա պակասը կար, եւ քաղաքական ուժերը, նաեւ իշխող քաղաքական ուժը անկեղծորեն, հրապարակավ հայտարարում է առկա խնդիրների մասին եւ հրապարակավ հայտարարում են` այո, այդ խնդիրներն ինքը պետք է լուծի, պարտավոր է, բայց դա հեշտ չի լինելու: Մեզ հեշտ ճանապարհ չի սպասվում: Եվ կարեւոր է, որ նորանշանակ վարչապետը անկեղծորեն ներկայացրեց իրավիճակը եւ ասաց, որ իր կողմից ձեւավորվելիք կառավարությունը պատրաստ է ստանձնելու այդ պատասխանատվությունը: Իրական, լուրջ, համակարգային փոփոխություն երկրի Գլխավոր օրենքում արդեն տեղի է ունեցել, երբ անցում ենք կատարել խորհրդարանական կառավարման համակարգի: Իրական, լուրջ փոփոխություն հանրապետության նախագահն արդեն առաջարկեց հասարակությանը, երբ որ հրաժարական ներկայացրեց Հովիկ Աբրահամյանի կառավարությունը, եւ ձեւավորվում է նոր կառավարություն: Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը ավելի տեխնոկրատ, ավելի տնտեսական լուծումներ որոնող եւ գտնող կերպար է: Ուրիշներին դուր գա, թե չգա՝ ինձ դուր է գալիս, որ ինքը քաղաքական դեմք չէ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ական նախարարների հետ որոշ… ես շատ լավ հասկանում եմ Կարեն Կարապետյանին, երբ կառավարության նիստը ուղիղ հեռարձակվում է, եւ ինքը չի կաշկանդվում դրանից, ինքը լրիվ աշխատանքային վիճակում է: Այո, երկրի վարչապետն այդ երկրի նախարարների պետք է ուղղումներ, շտկումներ անի:
Ն. Գ.- Հատկապես` ՀՅԴ-ակա՞ն նախարարներին:
Մ. Ե.– Չեմ կարծում, որ այս դեպքում կուսակցականությունը դեր է խաղացել: Դրա համար եմ ասում, որ այսօրվա վարչապետը քաղաքական որեւէ կուսակցության անդամ չէ եւ քաղաքականացված անցյալ, կենսագրություն չունի: Այս ազատ, աշխատանքային, դիտողություն անելու, խնդիրների լուծման ճանապարհն այս դինամիկայով գտնելու ընթացքն, օրինակ, ինձ դուր է գալիս: Սա նորմալ աշխատանքային վիճակ է: Կարծում եմ՝ պարոն Ռուստամյանն ուղղակի շտապեց իր գնահատականներում: Այդքան մեծ կենսագրություն ունեցող քաղաքական ուժի ներկայացուցչի համար ճիշտ կլիներ ավելի զսպվածություն եւ համբերատարություն դրսեւորվեր:
Եթե որեւէ մեկին թվում է, թե այսօր կառավարության կազմ փոխելով՝ մենք անձերի ենք փոխում, չարաչար սխալվում է, որովհետեւ մենք համակարգային փոփոխությունների ենք գնում:
Ն. Գ.- Պարոն Կիրակոսյան, սա ա՞յն դեպքն է, երբ իշխանությունների անկեղծությունն արդյունքների է հանգեցնելու: Ինչո՞ւ մինչ օրս մեր իշխանություններն անկեղծ չէին հանրության հետ:
Արմեն Կիրակոսյան- Լուրջ քաղաքականության մեջ, այո, անկեղծությունը կարեւոր երեւույթ է, որը մեզ մոտ, ինչպես պարզվեց, իսպառ բացակայում է, որովհետեւ ընդամենը 2-3 ամիս առաջ նորից ՀՀԿ-ի կողմից նշանակված նախկին կառավարությունն անկեղծորեն հայտարարում էր, որ 3 տոկոսանոց տնտեսական աճ ունենք: Հետո պարզվեց, որ դա այնքան էլ այդպես չէ:
Նոր վարչապետի անձի նկատմամբ որեւէ նախապաշարում չունեմ: Այդ մարդու ոչ դրականը կարող եմ գնահատել, ոչ բացասականը: Հավանաբար, ինքը լավ մասնագետ է: Ենթադրում եմ: Բայց տվյալ դեպքում խնդիրն այն չէ, թե վարչապետն ինչ կանի, ինչ չի անի: Խնդիրն այն է, թե մեր երկրի գնացքն ո՞ւր է գնում ընդհանրապես: Ռելսերը նույնն են: Մենք գնացքի գույնը մի փոքր փոխեցինք, գուցե ավելի սիրուն տեսք տվեցինք, բայց ռելսերը նույն ուղղությամբ շարունակում են գնալ:
Ավելին ասեմ՝ այստեղ խնդիրը, լուծումները, անշուշտ, տնտեսական դաշտում չեն: Նույնիսկ քաղաքական դաշտում չեն:
Ն. Գ.- Իսկ որտե՞ղ են:
Ա. Կ.– Արժեքային դաշտում են: Մենք խնդիր ունենք, բոլորս, ոչ միայն իշխանությունը, ՀՀԿ-ն: ՀՀԿ-ն մեր ժողովրդի մի մասն է, գուցե ամենահաջող մասը չի, բայց մեր ժողովրդի մի մասն է: Եթե ուզում ենք լուծումներ գտնել` բոլորս մեր մեջ պիտի գտնենք, ոչ թե իշխանության, ընդդիմության:
Այսօր, ենթադրենք, ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն 70 տոկոս մի կերպ գրավեց: Բա վաղն ի՞նչ է լինելու: Դա հավերժ չի լինելու: Եթե արժեքային դաշտում հաջողություններ չունենանք… իսկ արժեքային դաշտում հաջողություններ լինում են այն ժամանակ, երբ առաջնորդները դաստիարակում են ժողովրդին: Ժողովուրդը չի կարող ինքն իրեն դաստիարակել:
Ն. Գ.- Տիկին Եսայան, երբ Հովիկ Աբրահամյանի հրաժարականից հետո լրագրողներից մեկը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից հետաքրքրվեց պաշտոնանկությունների մասին, վերջինս ասաց` ով ա գնում, ով չի գնում, ես որ մնում եմ: Սա ցուցիչ է, որ ոչինչ էլ չի փոխվելու:
Մ. Ե.-Դուք գիտե՞ք դա: Հստակ գիտե՞ք, որ չի փոխվելու: Եվ Սյունիքի մարզպետի կամ ընդհանրապես որեւէ մարզպետին վերաբերող հարցերն էլ խնդրում եմ, իրենց ուղղեք: Ինձ վերաբերող հարցերը խնդրում եմ ինձ տվեք, ես պատասխանատու չեմ որեւէ մարզպետի համար:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.09.2016
Բա եղավ տիկին Եսայան
Ասում եք մարզպետի համար պատասխանատու չեմ, իսկ Շարմազանովն ասում է, որ ՀՀԿ-ն պատասխանատու է: ԱՀԱ` https://www.aravot.am/2016/09/15/735826/
ՀՀԿ-ից չեք?? թե Շարմազանովը ստում է????