Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց մշակույթի նոր նախարարի նշանակման, նոր կառավարության ձևավորման և մտավորականների ակնկալիքների մասին:
«Կարևոր է ծրագիրը, ոչ թե անձը: Իսկ ինչ վերաբերում է մշակույթի նախարարության ֆունկցիային, ապա այն պիտի լինի մշակույթը պահպանելը և արժանի ստեղծագործողներին աջակցելը: Սակայն սխալ է ամեն ինչ կառավարության ուսերին դնելը: Ժողովուրդն ինքը պիտի տեր կանգնի իր մշակութային արժեքներին: Եթե արձանին վերաբերվում են որպես պղնձի կտորի, կառավարությունից ոչինչ սպասել պետք չէ: Սա հիվանդություն է, որ կա մեր հասարակության մեջ», -ասաց Բաբայանը:
Տիկնիկային թատրոնի ղեկավարը հիշեցրեց, որ տարիներ առաջ մի քանի մտավորականներով մշակույթի հովանավորության օրենք էին պատրաստել նախկին նախարարի հետ, սակայն ֆինանսների նախարարությունը մերժել էր նրանց առաջարկը: Նա նշեց, որ պետությունը հույսը դրել է միայն տնտեսության զարգացման վրա, իսկ մեծահարուստների հովանավորությունը ստանում են մեծապես ռաբիս ծրագրերը:
«Ռաբիսը միայն երաժշտություն չէ, այլ ապրելակերպ է, ու դրա տարածումն այսօր գտնում ենք ամենուրեք: Պատճառն այն է, որ ռաբիսով ժողովրդին կարող են տանել ուր ցանկանան: Ռաբիսին հատուկ միջավայր մենք նկատում ենք նաև ԱԺ նիստերը դիտելիս՝ պատգամավորների դիմելաձևի և արտահայտությունների մեջ: Ուրեմն՝ ի՞նչ կարող ենք ակնկալել պաշտոնյաներից: Սակայն, եթե նրանք և այլ մեծահարուստներ սկսեն հովանավորել բարձր արվեստը, հասարակության վերաբերմունքը կփոխվի թե՛ նրանց, թե՛ հենց մշակույթի նկատմամբ: Մարդիկ կսկսեն գնահատել իրենց արժեքները»,- մտահոգվեց Ռուբեն Բաբայանը:
Կարդացեք նաև
Շուշան ԳԱԼՍՏՅԱՆ