ՀՀ պաշտպանության նախկին նախարարի տեղակալ Վահան Շիրխանյանի պաշտպան՝ փաստաբան Հայկ Ալումյանը չի շտապում իր պաշտպանյալի մեղադրանքի լրացումը պայմանավորել առաջիկայում հնարավոր համաներմամբ:
Հիշեցնենք, որ ըստ լրատվամիջոցների, իշխանությունները պատրաստվում են համաներում հայտարարել: «Ժողովուրդ» օրաթերթի տվյալներով էլ, նախագահականում նույնիսկ արդեն քննարկել են համաներման հարցը:
Պարոն Ալումյանին ուղղված մեր հարցին, թե հնարավո՞ր է Վահան Շիրխանյանի մեղադրանքում լրացում կատարվեց, որ հնարավոր համաներման դեպքում ազատ չկարողանա արձակվել, փաստաբանը պատասխանեց. «Ես չեմ կապի մեկը մյուսի հետ, եթե վստահ չլինեմ, որ համաներման հարցն իրոք դրված է: Ովքեր այս խնդիրների մեջ որոշիչ դեր ունեն, նրանք հո հաստատ գիտեն՝ համաներում լինելու է, թե՝ ոչ: Առայժմ ոնց որ թե համաներում չի լինելու, ես այդպես եմ տեսնում: Չգիտեմ՝ նախագահականում ինչ է կատարվում, չեմ էլ ուզում իմանալ, իսկ երբ այդ ամեն ինչն ավելի հստակ կլինի, ես կմտածեմ՝ մեկը մյուսի հետ կապ ունի՞, թե՝ ոչ»:
Հիշեցնենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015-ի նոյեմբերի 25-ին Նորք Մարաշում վնասազերծված «հանցավոր» խմբի գործով:
Կարդացեք նաև
Ի սկզբանե նրան մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` հանցավոր համագործակցությանը մասնակցելը, եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելու մասով:
Նրա մեղադրանքը լրացվել է նաեւ ՀՀ ՔՕ 300 հոդվածով: Այսինքն՝ նախկին փոխնախարարը մեղադրվում է իշխանությունը զավթելու մեջ:
«Մեղադրանքը ոչ մի հիմք չունի: Պարոն Շիրխանյանն ինքն այդ ամենը, ինչ կատարվում է, անվանել է թատրոն: Երբ Վահան Շիրխանյանն ու իր ընտանիքի անդամներն ասում էին, որ քաղաքական հետապնդման մասին է խոսքը, այդքան համոզված չէի, բայց գնալով տպավորություն է իմ մոտ, որ նրան կալանավորելու հարցում քաղաքական շարժառիթներ կան»,- ասաց պարոն Ալումյանը:
Մեր հարցին, թե վարույթ իրականացնող մարմինը մեղադրանքի լրացման համար ինչ հիմնավորումներ է բերել, Հայկ Ալումյանը պատասխանեց.«Ոչ մի բանով չի հիմնավորել: Վերանայեցինք, մտածեցինք՝ այդ նյութերի վրա եւ տեսանք, որ այստեղ կա նաեւ ՀՀ ՔՕ 300 հոդված: Լավ է՝ երկար չեն մտածել, մի քիչ էլ երկար մտածեին՝ կարող է ուրիշ բաներ էլ որոշեին կպցնել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ