Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարության կառուցվածքում փոփոխությունները. ԱԺ-ում առաջարկում են սփյուռքի նախարարության հարցը քննարկել

Սեպտեմբեր 26,2016 17:08

Էկոնոմիկայի նախարարությունը անվանել տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն, տրանսպորտի նախարարությունը վերանվանել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վերանվանել էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարություն եւ հանել քաղաքաշինության նախարարությունը: Քիչ առաջ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արփինե Հովհաննիսյանը կառավարության կառուցվածքում այսպիսի փոփոխությունների նախագիծ ներկայացրեց ԱԺ արտահերթ նիստում:

Նա ասաց, որ նախարարությունների անվանումների փոփոխությունը պայմանավորված է նոր կառավարության կողմից առաջնահերթությունների ընդգծման եւ շեշտադրությունների հետ:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն առաջարկեց ուշադրություն դարձնել սփյուռքի նախարարության անվանման վրա. «Անվանումը, իմ կարծիքով, ամբողջական չէ: Առաջարկում եմ, որ սփյուռքի նախարարությունը վերանվանվի սփյուռքի եւ հայրենադարձության նախարարություն, դա շատ կարեւոր է: Մեր ռազմավարական նպատակը պետք է լինի, որ բոլոր հայերի հայացքները ուղղված լինեն մայր Հայաստանին: Հայրենադարձությունը շատ կարեւոր է»: Նա առաջարկեց օգտվել մեծ սփյուռք ունեցող Իսրայելի հարուստ փորձից:

Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ սա կառաջացնի ֆունկցիոնալ փոփոխություն, բայց ուղերձը ընդունելի է, ուստի խոստացավ, որ երկրորդ ընթերցման ժամանակ կհայտնի դրա մասին կառավարության դիրքորոշումը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Roubina Ohanian says:

    Սփյուռքի նախարարության գործը շատ մեծ է, բայց, գուցե իրենից անկախ պատճառներով, վերածվել է արարողակարգային ինչ-որ կառույցի: Միշտ քննադատվում է Հայաստանի ներքին կյանքը, ու ընդհանրապես չի խոսվում Սփյուռքի թերիների մասին:
    Սփյուռքի նախարարը մեղք չունի: Մարդիկ Սփյուռքում մի փոքր գործ են անում, ու ՍՊԱՍԵԼԻՔ ՈՒՆԵՆ գնահատվելու շքանշանով, պատվոգրով ևայլն: Եթե շատ են գնահատվում ռամկավարները, բողոքում են մյուս ավանդական կուսակցությունները: Եթե շատ են գնահատվում դաշնակցականները, բողոքում են մյուսները: Ու այսպես շարունակ… Տիկին Հակոբյանի գործը շատ զգայուն է: Նա պիտի կարողանա հավասարակշռությունը պահել, որպեսզի թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում «բարդություններ» չառաջանան:
    Հիշում եմ Սփյուռք-Հայաստան մի խորհրդաժողով, որ ուներ 19 նախագահ: Պատկերացնո՞ւմ եք: Ի՞նչ կանեիք դուք, եթե լինեիք Հրանուշ Հակոբյանի տեղը: Նա ստիպված էր աթոռներ ավելացնել բեմում, որպեսզի բոլորը գոհ մնային, ու այսպես՝ բոլորը «նախագահ» եղան: Իսկ եթէ չկատարվեր դա, պատկերացնո՞ւմ եք ի՜՜նչ խնդիրներ կառաջանային Սփյուռքում: Ահա՛ Սփյուռքից մի պատկեր:
    Սփյուռքի նախարարությունը ստիպված է ամեն մի գրքի համար շնորհանդես կազմակերպել: Ու հենց ա՛յս պատճառով, գուցե՝ անկախ իմ կամքից, հայտնվել է արարողակարգային դրության մեջ:
    Ես առաջարկում եմ Սփյուռքի նախարարությունը ունենա առանձին ենթաբաժին՝ սփյուռքահայերին շքանշաններ տալու համար (նրանց գոհ պահելու համար): Իսկ ինքը՝ նախարարությունը, ծրագրի և ունենա կենսական նշանակություն ունեցող ու կարևոր աշխատանքներ:
    Վերջում ուզում եմ նշել, որ Սփյուռքում կան իսկապես արժանավորներ, որ արժանի են մեծ գնահատականի: Բայց նրանք կարող են գնահատվել իրենց արածի համար՝ Հայաստանի համապատասխան նախարարության կողմից: Օրինակ՝ մշակութային իրավ գործիչին, որ ունեցել է ակնառու դերակատարություն, գնահատի Հայաստանի Մշակույթի Նախարարությունը:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930