Օգոստոսի 4-ի առավոտյան Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի Կողբ գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Սարո Աբգարյանը որսորդական հրացանով սպանել է իր հորը՝ 1955թ.ծնված Արտաշես Սարիբեկի Աբգարյանին: Արտաշես Աբգարյանի աղջիկներից մեկը 32 տարեկան է, հոգեկան խնդիրներ ունի:
Ըստ Կողբից ստացված տեղեկությունների՝ Սարո Աբգարյանը մի քանի տարի առաջ հոգեկան առողջության հետազոտության է ենթարկվել: Սպանության հոդվածով հարուցված քրեական գործի քննությունը կատարում է ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունը: Այդ վարչությունից տեղեկացանք, որ Սարո Աբգարյանի նկատմամբ նշանակվել է դատահոգեբուժական փորձաքննություն, որպեսզի պարզվի՝ նա մեղսունա՞կ է, թե՝ ոչ: Փորձաքննությունը ստացիոնար է, Սարո Աբգարյանը գտնվում է «Նորք» հոգեբուժական կենտրոնում:
Նույն՝ «Նորք» հոգեբուժական կենտրոնում հուլիսի 19-ից ստացիոնար դատահոգեբուժական փորձաքննության է ենթարկվում Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Վերին Կարմիրաղբյուր գյուղի 25-ամյա բնակիչ Արսեն Խոջոյանը, որն 2016թ. հունիսի 24-ին դանակի մեկ տասնյակից ավելի հարվածներով սպանել էր 17-ամյա Աստղիկ Հանիսյանին: Արսեն Խոջոյանը 2014թ. մարտի 7-ից մինչեւ ապրիլի 10-ը եղել է Ադրբեջանի տարածքում, գերության մեջ:
Իրավապահներից տեղեկացանք, որ 2 դեպքում էլ փորձագիտական հանձնաժողովի եզրակացությունները դեռ չկան, քանի որ ամառային արձակուրդներից հետո փորձագետ- բժիշկները նոր են աշխատանքի անցել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ