Այս տարվա ապրիլի 3-ին ժամը 02:00-ի սահմաններում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում` «Աննա» ծաղկի սրահի դիմաց տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից մահացած 21 ամյա Մարտին Ալեքսանյանի մայրը բաց նամակով դիմում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Հարգելի պարոն նախագահ, ես՝ Արաքսյա Գրիգորյանս, դիմում եմ Ձեզ անզորությունից դրդված՝ հուսալով, որ թույլ չեք տա՝ որդեկորույս մոր՝ արդեն փշրված հավատը մարի արդարության հանդեպ։ Սույն թվականի ապրիլի 3- ին ժամը 2-ի սահմաններում Աբովյանի Հանրապետության խաչմերուկում 25 ամյա Սերյոժա Աղոյանի վարած մեքենան հարվածել է Շանթ Մանուկյանի վարած մեքենային։
Ապրիլի 2-ին, երբ պատերազմական ծանր իրավիճակ էր սահմանին, երբ բազում երիտասարդներ իրենց կյանքն էին կորցնում մեր իսկ խաղաղության համար, Սերյոժա Աղոյանը խրախճանքների մեջ էր։ Նա, ոչ սթափ վիճակում (խմածության աստիճանը գերազանցել է թույլատրվածից երեք անգամ ավելին) վարել է մեքենան շատ մեծ արագությամբ և անտեսելով կարմիր լույսը՝ սարսափելի ուժգնությամբ հարվածել կանաչ լույսով խաչմերուկը հատող մեքենային, որի հետնամասում նստած է եղել որդիս։ Երեք օր ու գիշեր պայքարելուց հետո տղաս այդպես էլ գիտակցության չգալով՝ հեռացավ մեզանից։
Սերյոժա Աղոյանը մինչ օրս ազատության մեջ է, թեև քրեական գործի նախաքննությունն ավարտվել է և գործով առկա ապացույցները փաստում են նրա մեղավորությունը»,- իր նամակում գրել է մահացած երիտասարդի մայրը:
Տիկին Գրիգորյանը Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ նախօրեին այս գործով նախնական դատական նիստն էր, որին չէր ներկայացել ամբաստանյալ Աղոյանը՝ դատարանին նախապես տեղեկացնելով, թե հիվանդ է:
Տիկին Գրիգորյանը դժգոհեց, որ դատարանը, որպես հիմնավորում բերելով Աղոյանի դրական վարքը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց չի կիրառել կալանքը:
Սերյոժա Աղոյանը ԵԿՄ Աբովյանի տարածքի նախկին նախագահ Սուրեն Աղոյանի տղան է:
«Երկրապահ» հայրը թերացել էր դաստիարակել որդուն, սովորեցնել, որ ոչ սթափ վիճակում մեքենա չեն վարում, որ արագությունը չեն գերազանցում, որ մարդ չեն սպանում։ Եվ հիմա էլ հայրը անում է ամեն ինչ, որպեսզի որդին խուսափի պատասխանատվությունից, պատճառաբանելով նրա առողջական վիճակը (ինչին խիստ կասկածում եմ, փաստաթղթերով՝ միգուցե, բայց ոչ իրականում)։ Ու հիմա էլ նրանք հավատով սպասում են, որ իրենց որդին համաներում պիտի ստանա։ Երբեք, եթե մարդասպանին ներում շնորհվի, հետևություն կանեմ որ խրախուսում եք մարդասպաններին ու ես վերջնականապես կկորցնեմ հավատս արդարության հանդեպ։ Մի՞թե երկրապահ կամավորականը չի գիտակցում, որ իր որդին չէր հայտնվի այս իրավիճակում, եթե ինքը չօգներ նրան խուսափել նախկինում գործած հանցանքների պատասխանատվությունից։
Ես և ամուսինս դաստիարակել ենք արժանավոր ՀՀ քաղաքացի։ Որդիս ծառայել է ԼՂՀ- ում։ Արժանացել է բազմաթիվ պատվոգրերի և շնորհակալագրերի։ Զորացրվել է որպես ավագ սերժանտ։ Սովորում էր ԵՊՏ համալսարանի 2- րդ կուրսում։ Որդիս լի էր կյանքով ու նախագծերով։ Որդուս կորուստը փշրեց մեր երբեմնի երջանիկ ընտանիքը։ Կյանքից հեռացավ մի լուսավոր 21 տարեկան պատանի, որովհետև Ս. Աղոյանը, հովանավորչության ու անպատժելիության մթնոլորտում, կարծում է իրեն ամեն ինչ կարելի է։ Չգիտեմ ինչպես կոչել մեկին, որը պատերազմական լարված իրավիճակի ու տասնյակ զոհերի պարագայում հայտնվում է ընկերուհու հետ խրախճանքների մեջ։ Ու նման մարդու արարքը որակե՞լ անզգուշություն։ Ոչ սթափ վարորդը պոտենցիալ մարդասպան է։ Միակ տարբերությունը մարդասպանի և ոչ սթափ վարորդի այն է, որ ոչ սթափ վարորդը նախապես չի ընտրում իր զոհին։
Պարոն նախագահ, հավատով դիմում եմ Ձեզ, հետևողական եղեք այս քրեական գործի դատավարությանը և թող Սերյոժա Աղոյանը խստագույնս պատիժ կրի տղայիս կյանքը խլելու ու մեր կյանքերը փշրելու համար»,- Սերժ Սարգսյանին ուղղված բաց նամակն այսպես է ավարտել տիկին Գրիգորյանը:
Ի դեպ, Աղոյանի ոչ սթափ վիճակում գտնվելու արդյունքում մահացած երիտասարդի ծնողները պնդում են, որ Աղոյանին առաջադրված մեղադրանքը շատ մեղմ է. «Անզգուշությամբ մահ պատճառել չի կարելի որակել, սա անզգուշություն չէ: Կարծում եմ՝ մտածված է նման մեղմ մեղադրանք առաջադրելը, որ համաներմամբ ազատ արձակվելու հնարավորություն լինի»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Պարոն նախագահ, հուսով եմ հոդված 242 ի 2րդ մասը համաներման ցուցակում չի լինի։ Ինչպես կարելի է ներում շնորհել մեկին, ով ապրիլի 2 ին, երբ Հսյաստանը գտնվում էր պատերազմական լարված իրավիճակում, երբ հայ ժողովուրդը ողբում էր սահմանին զոհված զինվորների կորուստը, ընկերուհու հետ խրախճանքների մեջ էր։ Ինչպես կարելի է ներում շնորհել մեկին, ով չափից դուրս հարբած վիճակում նստում է ղեկին( քանզի հարբած վարորդը պոտենցիալ մարդասպան է) ու խլում ազնիվ ու լուսավոր 21 ամյա երիտասարդի կյանքը, ով հազիվ մեկ տարի էր, ինչ ավարտել էր զինվորական ծառայությունը ԼՂՀ ում և շարունակում էր ուսումը Տնտեսագիտական համալսարանում։ Ինչպես կարելի է անզգուշություն որակել 25 ամյա հարբած վարորդի արարքը։ Պատահականություն կլիներ, եթե այդ աստիճան( թույլատրվածից 3 անգամ ավել) հարբած վարորդը չսպաներ կամ չվնասեր մեկին։ Սա օրենքի բացթողումն է, կամ թերացումը։ Ինչպես կարելի է նման հանցագործը մեղադրվի հոդված 242 ի 2 րդ մասով։ Երբ հասուն մարդը հարբած ղեկին է նստում, արագությունը գերազանցում, կարմիր լույսը անտեսում, ի՞նչ անզգուշության մասին է խոսքը։ Ներում շնորհել
մեկին, ով երիտասարդի կյանք է խլել, փշրել նրա ծնողների, քրոջ, հարազատների կյանքերը, նշանակում է խրախուսել նման հանցանքը։ Նրան պետք է ցմահ ազատազրկել, որ այլ կյանքեր էլ չխորտակվեն։