Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը պատմեց, թե ինչպես է Բրյուսելում խայտառակ եղել Հայաստանի տվյալների պատճառով

Սեպտեմբեր 26,2016 16:35

ԱԺ-ում Տեղական տուրքերի եւ վճարների մասին օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հիշեցրեց, որ Բրյուսելում ՓՄՁ-ների մասին քննարկում է եղել, որտեղ իրեն խնդրել են զեկուցում կարդալ ու խայտառակվել է Հայաստանի տվյալների պատճառով: Նա պատմեց, որ ներկայացրել է 14 երկրի տվյալները. «Շատ զգուշորեն ներկայացրեցի Հայաստանի թվերը: ՀՀ վիճվարչությունը ներկայացրել էր, որ ՓՄՁ-ները արտադրում են ՀՆԱ-ի 70 տոկոսը»:

Այս թիվը լսելով՝ մի պրոֆեսոր նկատել է՝ «Դուք չունեք փոքր ու միջինի վիճակագրություն, մենք մի կերպ գնահատել ենք, բայց դա դժբախտաբար ոչ թե 70 տոկոս է, այլ՝ 14 տոկոս»:

Հրանտ Բագրատյանի խոսքերով՝ «Այսպիսին է մեր վիճակագրությունը: Երբ նրանք ասում են, որ կա 12 հազար խանութ, կարող է լինել 3000, կասկածիր, մենք չունենք վիճակագրություն: Բոլորը սովորել են թվեր նկարել: Ամոթից գետինն էինք մտնում: Վրաստանի վերաբերյալ ավելի լավ զեկույց էինք կարողանում ներկայացնել, քան՝ Հայաստանի, որովհետեւ թիվ չկա»:

Ինչ վերաբերում է օրենքի փոփոխությանը, Հրանտ Բագրատյանն ասաց, որ այս երկրում տարեկան 5 մլրդ դոլարի առեւտուր է լինում, այն կարող եք տեղավորել 15 մոլի մեջ, բայց այդ դեպքում զարգացում չեք ստանա. «Եթե դա անում է միայն խոշորը, երբ փոքրը չի մասնակցում, խոշորը չի իմանում ինչ անի փողը: Սարքում է տուն, չի վաճառվում, սկսում է կապիտալի արտահոսք: Այս պահին մեզ մոտ կապիտալի ներհոսքը տրանսֆերտի ձեւով միլիարդ 400 մլն է, արտահոսքը 800 մլն: Կապիտալի արտահոսքով մենք հավասար ենք խոշոր կապիտալ արտահանող խոշոր կապիտալիստական երկրներին: Սա է իրականությունը: Բալանսը պիտի պահեք, սա դաս է: Դրա համար երբ կառուցվում է խոշոր առեւտրական կենտրոն, մի հատ գցեք, բռնեք, որովհետեւ այդ տարածքում 1000-1500 խանութ փակվում է: Դրա համար խոշորի, մոլերի առաջ պետք է խիստ պայմաններ դնեք»:

Հրանտ Բագրատյանը նաեւ դժգոհեց ու կանխատեսեց, թե ինչ կարող է լինել տնտեսվարողի հետ, եթե պետտուրքը կամ տուգանքը չվճարի. «Մի քանի տարի առաջ որոշում է ընդունվել անվիճելի գանձումների մասին՝ մինչեւ 50 հազար դրամ: Դատարանը հավաքվում է, առանց մարդու ներկայության, հաստատում է, որ ասենք, էս մարդը աղբի փողը չի տվել՝ 40 հազար դրամ: Հաստատում է ու կետ է գրում, եթե գոհ չես, գնա բողոքի, 100 հազար մենակ փաստաբանի փողն է: Եթե շահի, փողը հետ կտան իբր թե, բայց այդ պահին մարդը 100 հազար որտեղի՞ց ճարի: Էս միակ երկիրն է, որտեղ Սահմանադրությունը փոխելուց հետո նույնիսկ դատեր են անում՝ առանց մարդու ներկայության: Հետո պարզվում է, որ այդ մարդը տանը չի ապրում, կոնկրետ դեպքեր կան, պարզվում է, որ 16 տարի առաջ մարդը մահացել է: Այս օրենքի դեպքում վերցնելու են ձեռքից: Բերեք էդ պահանջը մտցրեք, որ չի կարելի առանց էդ մարդու ներկայության դատն անեք, չափերն անցնում են արդեն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930