Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան գումար է Հայաստանից դուրս հոսել (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2016 16:30

Էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվելով ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցության նախարարություն, կառավարության նոր ղեկավարն ակնկալում է, որ այդպիսով ներդրողին ազդակ են տալու, թե դա այն օղակն է, որը գործարարի ձեռքը բռնած անցնելու է, որպեսզի խոչընդոտ չստեղծեն:

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն ուսումնասիրել է, թե 28 տարում Հայաստանում որ երկիրն է առավել շատ ներդրումներ արել եւ, ըստ այդմ, որ երկրի վրա կարելի է հույս դնել ներդրումների առումով:

Ըստ Վիլեն Խաչատրյանի, 28 տարվա ընթացքում, մինչ այս տարվա հունիս ամիսը ներդրումները, համախառն հոսքերը եղել են 5 տրիլիոն 661 միլիարդ դրամ. «Ովքեր են մեր ներդրողները, խոսում են Չինաստանի, Իրանի մասին, բայց ցանկը նայելով՝ առաջին տեղում Ռուսաստանի Դաշնությունն է: Ռուսաստանը վերջին 28 տարվա ընթացքում 2 տրիլիոն 85 միլիարդ դրամի ներդրում է արել: Հաջորդը Գերմանիան է՝ 582 միլիարդ, Ֆրանսիան՝ 494 միլիարդ դրամ, Կիպրոսը՝ 362 միլիարդ դրամ: Այս երկրների ցանկը ծածկում է ներդրումների 65%-ը»:

Պարոն Խաչատրյանի ներկայացմամբ՝ Իրանից ներդրումները կազմել են 3 միլիարդ դրամի, իսկ չինական ներդրումներն, այս 28 տարում, իրանականից էլ քիչ են եղել՝ 542 միլիոն դրամ:

Տնտեսագետի ներկայացմամբ՝ ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանում ամենամեծ ծավալի ներդրումները կատարել է Ռուսաստանը: Իսկ օրինակ` Բելառուսը 28 տարում Հայաստանում 200 միլիոն դրամի ներդրում է արել, Ղազախստանը՝ 9.3 միլիոն դրամի, Ուզբեկստանը՝ 5.5 միլիոն դրամի, Թուրքմենստանը՝ 1.1 միլիարդ, Ուկրաինան՝ 1.9 միլիարդ. «Ստացվում է Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում լուրջ ներդրումներ կարող է ակնկալել միայն Ռուսաստանից: Եվ ճիշտ կլիներ մեր գործընկերային հարաբերությունները կառուցենք նշածս խոշոր ներդրումային գործընկերների հետ, մյուսները որպես լուրջ ներդրումային գործընկերներ չեն ընդունվում»:

Պարոն Խաչատրյանի ներկայացմամբ՝ վերջին 6-7 ամիսների վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում ֆինանսական զուտ հոսքերի բացասական միտում կա.«Մոտ 16 միլիարդ դրամի ներդրումներ Հայաստանից հետ են հոսել 2016-ի հունիս ամսվա դրությամբ: Այսինքն, ոչ թե ներդրում են անում, այլ՝ տանում են: Կիպրոսը 2.4 միլիարդ գումար է տարել, այն դեպքում, երբ 2015-ին 10.9 միլիարդի ներդրում էր արել, ամենաշատ գումարները հոսել են դեպի Ռուսաստան՝ -27 միլիարդ»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հիմնական ներդրումներն ըստ վիճակագրության եւ տնտեսագետի ներկայացմամբ՝ արվել են հանքագործական արդյունաբերության եւ հարակից գործունեության ոլորտում՝ մոտ 13 միլիարդ դրամ, ծխախոտային ոլորտում ամենաշատը հայ-կանադական գործընկերության շրջանակում է՝ Կանադան ներդրում է կատարել 5.2 միլիարդ դրամի: Իսկ ահա հիմնային մետաղների արտադրության բնագավառում, ըստ տնտեսագետի, 10 միլիարդ դրամ հետ են տարել:

«Բացասական հոսքը եղել է էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարում ոլորտներում՝ 24 միլիարդ հետ է գնացել: Սա խոսում է այն մասին, որ կան ոլորտներ, որտեղ ունենք լուրջ խնդիրներ, պետք է հասկանալ ինչ խնդիրների պարագայում են գումարները հետ տանում»,- ասաց Վիլեն Խաչատրյանը:

 

Aravot.am-ի հարցին՝ նոր կառավարությունից ի՞նչ ակնկալել, արդյոք ի վիճակի է չափազանց ծանր վիճակում գտնվող տնտեսությունը ոտքի կանգնեցնել եւ տնտեսագետի նշած բացասական միտումները վերացնել, պարոն Խաչատրյանն ասաց՝ «նոր կառավարության դրական քայլերից մեկն այն է, որ արդեն իսկ սկսեցին խոսել դրա մասին: Նախկինում խոսում էին աճի մասին, բայց արդյոք այդ աճը իր վրա բնակչությունը զգում էր: ՀՆԱ-ի 10 միլիարդի մեջ 240 միլիոն դոլարն 3 միլիոն բնակչությունն ինչպե՞ս պետք է զգա, դա կյանքի որակի վրա ազդեցություն չի թողնում»:

Պարոն Խաչատրյանի դիտարկմամբ՝ նոր կառավարությունը պետք է հերթով յուրաքանչյուր ոլորտի ու խնդրի շուրջ կոնկրետ քաղաքականություն վարի, սկսած գործազրկությունից, պետական պարտքի չավելացման քաղաքականությունից եւ ավելորդ ծախսեր չանելով. «Չունեք էդքան գումար՝ ծախս մի արեք: Ավելի զուսպ տնտեսական քաղաքականություն է պետք, թե որ ոլորտներն են ծախսերի պարագայում հստակ արդյունք տալիս. «Օրինակ՝ ես չեմ կարծում, որ մշակույթի ոլորտում արած մեծ ծախսերը կարող են տնտեսական արդյունք ապահովել»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930