«Վարչապետի մոտեցումը հետևյալն է՝ նա արդեն նոր անվանում ունեցող նախարարությունում պատկերացնում է ավելի բիզնես մտածողություն ունեցող, բիզնեսի հետ առնչություն ունեցող անձի: Իր համար շատ կարևոր են տնտեսական բլոկի փոփոխությունները: Ինքը շատ կարևոր է համարում պարոն Մինասյանի և իմացությունը, և տիրապետելը, բացարձակապես խնդիր չունի Արծվիկ Մինասյանի հետ: Ընդհակառակը, նա ասել է, որ հասարակության մեջ եղել է թյուրընկալում՝ կապված կառավարության առաջին նիստի հետ, ինքը բացարձակապես նման մտադրություն չի ունեցել, հակառակը, ափսոսում է: Եվ ասել է՝ ես շատ եմ ուզում աշխատել պարոն Մինասյանի հետ: Առաջարկություն է արել և Դաշնակցությանը, և պարոն Մինասյանին»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ բազմաթիվ հանդիպումներ եւ քննարկումներ են ունեցել վարչապետ Կարեն Կարապետյանի հետ:
Աղվան Վարդանյանը հորդորում է արտառոց բաներ չփնտրել, ՀՅԴ-ի համար էլ լիովին ընդունելի են վարչապետի այն մոտեցումներն ու փոփոխությունները, որոնք նա մտադիր է կատարել տնտեսությունում:
Ի դեպ, ՀՅԴ-ի համար, ըստ Աղվան Վարդանյանի, բացարձակ կարևոր չէ, թե քանի նախարարի պորտֆել կունենան. «Մեր համաձայնագրում մենք խնդիրներն ենք ձևակերպել: Եթե այդ խնդիրները լուծվում են, մենք կարող ենք և ոչ մի նախարար չունենալ, կարող ենք հինգ նախարար ունենալ կամ երեք: Իսկ պարոն Մինասյանի կարողությունները, ես վստահ եմ, լիուլի կբավականացնեն նաև բնապահպանության նախարարությունում աշխատելու: Երկուսն էլ կարևոր նախարարություններ են»:
Կարդացեք նաև
Նոր կառավարության առջեւ ծառացած հիմնական խնդիրներն Աղան Վարդանյանը համարում է վճռական պայքար ստվերի եւ կոռուպցիայի դեմ, նոր արտադրության համար պայմանների ստեղծում, սոցիալապես անապահով բնակչության համար իրենց ամենօրյա բեռի արմատական փոփոխություն: Դրա համար, ըստ ՀՅԴ-ական գործչի, պետք է կառավարության կառուցվածքի օպտիմալացում եւ տնտեսության զարգացմանը խոչընդոտող օղակների կրճատում: Այս փուլում ՀՅԴ-ն տեսնում է վարչապետի վճռականությունն՝ այդ երևույթների դեմ պայքարելու համար:
ՀՅԴ-ն չի պատրաստվում խզել ՀՀԿ-ի հետ կոալիցիան: Իսկ ՀՅԴ-ական նախարարներ Դավիթ Լոքյանն ու Լեւոն Մկրտչյանը կպահպանեն իրենց պորտֆելները:
Ի դեպ, Aravot.am-ի տեղեկություններով, Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն էլ կնշանակվի Արարատի մարզպետ: Գործող մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը պաշտոնանկ կարվի: Խոսակցություններ կան, որ սեպտեմբերի 18-ին կայացած ՏԻՄ ընտրություններում նա «չի արդարացրել» ՀՀԿ-ի սպասելիքները:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ