ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի:
Մասնավորապես՝ Դ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երևան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում ենթադրելով, որ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողը նկարահանում է իրեն և չցանկանալով, որ իր վերաբերյալ տեսանյութեր տարածվեն ԶԼՄ-ներում, մոտեցել է լրագրողին, քաշքշել է, ապա ձեռքերով հարվածներ հասցնելով ծեծի է ենթարկել վերջինիս՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Այնուհետև Դ. Ս.-ն լրագրողից խլել է անվանաքարտը (բեյջ) ու դեպքի վայրից դիմել է փախուստի:
Հիշեցնենք, որ նույն քրեական գործով առերևույթ հանցագործություններ կատարելու, այդ թվում՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել արդեն 8 անձանց, որոնցից 4-ի՝ Սեյրան Կարապետյանի, Վլադիմիր Մխիթարյանի, Դավիթ Սարգսյանի ու Կարեն Գրիգորյանի վերաբերյալ քրեական գործից անջատված մասի նախաքննությունը ավարտվել է և ուղարկվել դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարդացեք նաև
ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ