«Պուտինը բազմիցս կրկնել է, որ պետք է ողջ Եվրասիայի տարածքում ստեղծել միասնական տնտեսական տարածք եւ քաղաքական երկխոսություն վարել: Այս առումով ՌԴ-ի ջանքերը Հարավում հաջողված են»,-այսօր «Էլիտ պլազա» բիզնես կենտրոնում «Վերելք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի կազմակերպած «Անդրկովկասը ինտեգրացիոն նախագծերում. ԵԱՏՄ-ԵՄ` միասի՞ն, թե՞ միմյանց դեմ» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» պետական համալսարանի պրոֆեսոր Օլեգ Մատվեյչևը:
Ըստ նրա, եվրոպական քաղաքական էլիտան ներկայում հակազդում է Ռուսաստանին, ինչը կազմակերպված է ԱՄՆ-ի կողմից. «ԱՄՆ-ն անմիջականորեն չէր կարող ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցներ կիրառել, քանի որ ԱՄՆ-ի հետ մեր առեւտրաշրջանառությունը չափազանց փոքր էր: Եվրոպայի հետ առեւտրաշրջանառությունը մեծ է, այդ պատճառով ԱՄՆ-ն Եվրոպայի միջոցով պայքարեց ՌԴ-ի դեմ: Հիմա Եվրոպայի հետ ՌԴ-ի առեւտրաշրջանառությունը կրկնակի նվազել է»:
Փորձագետը նշեց, որ ռուս-թուրքական առճակատումից հետո երկու երկրների հարաբերություններում առաջընթաց է գրանցվել. «Խոսում են միասնական` Թուրքիա-Սիրիա-Իրան միության ստեղծման մասին, որը Մերձավոր Արեւելքում կփոխարիներ Սաուդյան Արաբիային: Միջին Ասիայում էլ մեծ նախադրյալներ կան` հանձինս Ղազախստանի: Նույնը վերաբերում է նաեւ Ուզբեկստանին»:
Օլեգ Մատվեյչևը նաեւ կարծիք հայտնեց, որ եթե առաջիկայում ԱՄՆ նախագահ ընտրվի Հիլարի Քլինթոնը, վերջինս Եվրասիայում գունավոր հեղափոխություններ կիրականացնի, եւ այդ վտանգը սպառնում է նաեւ Հայաստանին:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ