Սա թեմա է դարձել մշակութային որոշ օջախներում
Երեւանյան ոչ բոլոր մշակութային կոլեկտիվներն ունեն իրենց տոմսարկղերը: «Արամ Խաչատրյան» համերգասրահի, Օպերային թատրոնի տոմսարկղերում վաճառվում են ոչ միայն հիշյալ կոլեկտիվների, այլեւ տոմսարկղ չունեցողների տոմսերը:
Վերջին շրջանում տոմսավաճառության էլեկտրոնային համակարգի սկիզբը դրվեց Երեւանում: Այս համակարգը, անխոս, քաղաքակիրթ եղանակ է, բայց այս պահին դեռեւս անբավարար է նոր որակ ստեղծելու համար, քանի որ «հնից» մնացած սովորություններ կան, որոնք հաղթահարված չեն, եւ «նոր տերերը» դեռեւս չեն էլ պատրաստվում ծանուցելու «հին» ֆինանսատնտեսական պատասխանատուներին, որոնք այդ գումարների «շարժի» հիման վրա բազմաթիվ վճարումային գործողություններ են իրականացնում: Այս պահին էլ տարակուսած են այն փաստից, որ իրենց կազմակերպությունների վաճառված տոմսերի գումարներից իրենք ոչ մի ինքնուրույն գործողություն չեն կարող իրականացնել (ասենք՝ տոմսերի իրացումը կազմակերպել նաեւ լիազորների միջոցով), մինչեւ չստանան գործնականում տոմսերի վաճառքի կառավարող օղակի համաձայնությունը:
Կարծում ենք՝ պարզ է, թե ինչ բարդ հարաբերություն-պարզաբանումներ են սպասվում կամ գուցե արդեն կան երկու օղակների միջեւ: Սա որքան էլ քաղաքակիրթ եղանակ է, բայց այս էլեկտրոնային ներդրված համակարգին ծանոթ չէ ամենակարեւոր «օղակը»՝ հանդիսականը: Եվ ըստ էության, նման ընթացքի դեպքում երկար ժամանակ կպահանջվի այդ «ժամանակակից կուլտուրան» մեր հանդիսականի համար օրգանական դարձնելու համար:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է էլեկտրոնային բանկային համակարգով կատարվող գործառույթներին, ապա մեր բնակչության մի ստվար զանգված լավագույնս տիրապետում է այդ հրաշալի համակարգի հմտություններին, բայց անհամեմատ շատ ավելի մեծ զանգված ոչ միայն պատկերացում չունի, այլեւ ամենատարրական գործիք-միջոցներն ունենալու հնարավորությունը չունի պարզ գործարքն իրականացնելու համար:
Այդուհանդերձ, շատերը, հիմնականում՝ չինովնիկները, հավաստիացնում են, որ այդպես աստիճանաբար պետք է լինեն անցումային որակները, սակայն ոչ ոք չի ուզում մի փոքր ջանք թափել այդ նոր կոչվող «որակներն» արագացնելու համար: Սա այն դեպքում, երբ իսկապես չնչին ջանք ու միջոցներ են պետք, որոնք ոչ ոք չի անի այս ֆինանսական համակարգում, երբ բոլորը զբաղված են լինելու «իրենց շահերը պաշտպանելու» մոլուցքի հասնող հիվանդությամբ:
Կրկնում ենք՝ սա այն դեպքում, երբ բոլոր օղակների «շահ» ասածն առաջանում է նախ՝ հանդիսականից, որոնց մեծամասնությունն իսկապես անտեղյակ է այս ամենից:
Այս ամենով էլեկտրոնային տոմսավաճառության համակարգի «տեղերը» կարող են ազդել ոչ միայն մայրաքաղաքի, շուտով նաեւ մարզային ամբողջ տնտեսության վրա, այլեւ թատերա-համերգային գործունեություն իրականացնող ողջ համակարգի վրա:
Այսօր կարելի է ենթադրել հետեւյալը. գումարներ, իհարկե, կկուտակվեն, կամա թե ակամա մշակույթի նախարարության ֆինանսական գործառույթների մեծ մասը կանցնի այդ «նոր» համակարգի ձեռքը: Արդյունքում հայկական բեմարվեստն ամբողջությամբ կախված կլինի հենց «նոր համակարգի» գուցե սեփականատիրոջ քմահաճույքներից: Ո՞վ գիտե, գուցե շատ շուտով բոլորովին անտեսվեն նաեւ մշակույթի նախարարությունն ու համերգասրահները…
Միայն պետք է հուսալ, որ «նոր համակարգ» ներդնողը կամ ներդնողները բարեհաճ կգտնվեն հայկական մշակույթի հանդեպ ու առատաձեռն՝ բեմարվեստի տարբեր ժանրերի նկատմամբ:
Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
24.09.2016