«Խնդրում եմ` մի անձնավորեք վարչապետի հայտարարությունը գողությունների մասին։ Դա ընդհանուր մթնոլորտի մասին է, որ եղել են նման երեւույթներ, որ դրանցից հարկավոր է ազատվել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով գողությունների մասին վարչապետի հայտնի հայտարարությանը։
Վահրամ Բաղդասարյանը համամիտ չէ, որ այդ հորդոր-հանձնարարականը ուղղված էր նախարարներին։ Ասում է՝ քանի որ դա հնչել է կառավարության նիստի ժամանակ, հետեւաբար, ներկա են եղել նախարարները։ Լրագրողներից մեկի հստակեցնող հարցին՝ արդյոք վարչապետի հայտարարությունը հաղորդում չէ՞ հանցագործության մասին, որով պետք է զբաղվեն իրավապահները, կոնկրետ ի՞նչ դեպքերի մասին էր ասում վարչապետը, Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց, որ գողությունը եկել է մարդկության հետ, եւ կվերանա մարդկության հետ։ Նույնը վերաբերում է նաեւ կոռուպցիային։
Ըստ Վահրամ Բաղդասարյանի՝ մինչեւ հիմա ինչ-որ հայտնաբերվել է, դրանց առիթով քրեական գործեր են հարուցվել։ Նույնը՝ այս դեպքում՝ վարչապետը կուսումնասիրի գողության դեպքերը, հետեւանքների ականատեսը կլինենք։ «Կարեն Կարապետյանը հայտարարել է՝ պետք է նաեւ գործողություններ անի։ Հովիկ Աբրահամյանի ժամանակ ինչքան բացահայտումներ եղել են, բոլորին ընթացք է տրվել»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը։
Անդրադառնալով ՀՅԴ-ՀՀԿ հետագա համագործակցությանը, Վահրամ Բաղդասարյանը նաեւ ասաց, որ Արծվիկ Մինասյանը կշարունակի մնալ կառավարությունում, զբաղեցնելով բնապահպանության նախարարի պաշտոնը։ Նրա պարզաբանմամբ՝ ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության հուշագրում ամրագրված չի եղել ո՛չ կոնկրետ պաշտոններ, ո՛չ էլ թվաքանակ կառավարությունում դաշնակցականների ընդգրկելու վերաբերյալ։ Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե Կարեն Կարապետյանը թիմ է ձեւավորում իր մերձավորների եւ ընկերների շրջանակից, ինչպես նախորդ վարչապետները, Վահրամ Բաղդասարյանը չհամաձայնեց. «Մեր մեջ չկան թաղային հարաբերություններ, դրանք թիմային հարաբերություններ են»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ