«2011-ից սկսած՝ կտրուկ փակվել են մանրածախ առեւտրի օբյեկտները: Երբ իշխանության ներկայացուցիչներին հարցնում ենք, ասում են՝ դե ինչ է եղել, կիջնի էլ, կբարձրանա էլ»,- այսօր կառավարության հրավիրած ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ փոխքաղաքապետ Կամո Արեյանին ասաց ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Հիշեցնենք, որ գործող օրենքով մանր ու միջին բիզնեսը նույն դրույքաչափով էր վճարում ծխախոտի, ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար, ինչ սուպերմարկետները: Այժմ առաջարկվում է թույլտվության տուրքի չափերը տարբերակել ըստ օբյեկտների ֆիզիկական չափերի՝ քմ-ներով:
Հրանտ Բագրատյանն ասաց, որ մեթոդաբանության խնդիր կա. «Եթե ես ունեմ 199 քմ տարածքով առեւտրի օբյեկտ, վճարում եմ 25 հազար, եթե ունեմ 201 քմ, վճարում եմ 45 հազար: Արդյոք ճիշտ չէ՞ր լինի, ինչպես Հարկային օրենսգրքում ենք կիրառում, եթե ունեմ 500 մետր, առաջինից մինչեւ 200 քմ վճարում եմ 25 հազար, 200-ից ավելիի համար վճարում եմ 45 հազար: Այդ սկզբունքն է կիրառվում եկամտահարկի պարագայում, որն արդարացի է: Այս դեպքում խոշորը չի բողոքի»:
Հետո նա առաջարկեց, որ կենտրոնի հարկային դրույքները 2.5 անգամ ավելի խիստ լինեն, քան ծայրամասինը:
Կարդացեք նաև
Կամո Արեյանը պատասխանեց. «Երբ տարբերակումը դրել ենք մակերեսով, հաշվի ենք առել, որ միեւնույն ժամանակ ավագանուն տեղ ենք թողել, որ իր համայնքի առանձնահատկությունից, գոտիականությունից ելնելով՝ տեղավորվի 0-ից մինչեւ 25 հազարի մեջ: Դրույքաչափը սահմանում է 0-ից մինչեւ 25 հազար կամ 45 հազար»:
Ինչ վերաբերում է նրան, որ Կենտրոնում պետք է խիստ դրույքաչափ լինի, Կամո Արեյանը համաձայնեց՝ առեւտրի առյուծի բաժինը Կենտրոնում է:
Գուրգեն Արսենյանը տարակուսած էր, ինչու եք ասում, թե տնտեսվարողների բեռը թեթեւանում է այս նախագծով, եթե գործող օրենքով հանրային սննդի վաճառքի թույլտվությունը եռամսյակի համար, օրինակ, 0-ից 6000 դրամ է, ըստ քմ-ի վճարելու դեպքում կարող է դառնալ 10 հազար, 20 հազար. «10 հազարը ավելի շատ է, քան 20 հազարը»:
Կամո Արեյանը պատասխանեց, որ մինչեւ 26 քմ տարածք ունեցող օբյեկտները Երեւանում 50 տոկոսն է կազմում, նրանց համար էապես բարելավում է սպասվում եւ բեռի թեթեւացում՝ մինչեւ 5000 դրամ. «Մնացած դեպքում՝ խոշոր ռեստորանային համալիրներ, սրճարաններ ինչո՞ւ պիտի նույն սկզբունքով վճարեն, ինչ մինչեւ 26 քմ տարածք ունեցողները: Չմոռանանք, որ կա գոտիավորում: Մենք գործող օրենքի պայմաններում շատ խղճով ենք աշխատել մինչեւ հիմա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ