Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գագիկ Մակարյան. ՀՀԿ-ն պետք է նոր վարչապետին սատարի, որ կոռուպցիայի դեմ պայքարի (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2016 14:39

Քանի որ նոր վարչապետին ՀՀԿ-ն է առաջադրել, հենց ՀՀԿ-ն էլ պետք է որոշում կայացնի եւ սկսի պայքար կոռուպցիայի դեմ: Այս կարծիքին է «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, որն այսօր «Հենարան» մամուլի ակումբում ասաց, որ կոռուպցիան դատական եւ պետական մարմիններում է:
Aravot.am-ն այս առնչությամբ պարոն Մակարյանին հարցրեց՝ այսինքն, ստացվում է` ՀՀԿ-ն ինքն ի՞ր դեմ պետք է պայքար սկսի, քանի որ թե՛ երկրում ձեւավորված մենաշնորհների հեղինակների, թե՛ հարկերից խուսափողների մեծ մասը հենց ՀՀԿ շարքերում գտնվող հանրապետականներն են:

Գագիկ Մակարյանը պատասխանեց. «Համարեն դա սխալի ուղղում, ինչպես դա այլ երկրներում են արել, որովհետեւ այդ հարցը կարելի է միայն բարձր մակարդակով լուծել: Վարչապետը կարող է դա ստանձնել եւ սկսել եւ նաեւ կոչ անել ու պահանջել հանրապետական կուսակցությունից, քանի որ այդ կուսակցությունում է լսվել եւ հաստատվել նրա թեկնածությունը եւ բացի այդ, կուսակցությունը հայտարարեց, որ սատարելու է, հետեւաբար, այդ սատարումը ենթադրում է, որ կուսակցության կողմից նշանակված կադրերը պետք է հետեւեն նույն կոնցեպցիային»:

Մանրամասները` տեսանյութում

Գագիկ Մակարյանը գտնում է, որ կառավարությունը պետք չէ տարանջատել ինքնակառավարման մարմնի խնդիրներից եւ քանի որ արդեն մշակման փուլում է 2017 թվականի բյուջեի նախագիծը, ապա նոր վարչապետի խնդիրներից մեկը պետք է լինի, որպեսզի համայնքների բյուջեները կազմվեն «շատ օպտիմալացված»:

«Ավելորդ ծախսերը եւ դոտացիաները պետք է կրճատվեն, որովհետեւ դրանք բառի բուն իմաստով կոռուպցիայի բուն են: Հսկայական գումարներ անտեղի եւ անհիմն հոդվածներով ներկայացված են եւ այդ գումարները, կարծում եմ, որ կամ վերածվում են ատկատների, կամ շռայլորեն օգտագործվում են այլ նպատակների համար, կամ տեղերում տրվում են այլ պետական մարմինների` նրանց սիրաշահելու համար, որ գյուղապետարանը, կամ ասենք` քաղաքապետարանը կարողանա իր գործերն ավելի հեշտ կազմակերպի»:

Պարոն Մակարյանը մատնանշում է գյուղապետի վարորդի մեկ ամսվա ծախսը, որը կազմում է 600 հազար դրամ:

«Այդ ծախսերում կարելի է տասնյակ միլիոններ խնայել եւ դրանք ուղղել բնակարանաշինությանը, այն դեպքում, երբ շինարարությունը, տարիներ շարունակ, կաղող օղակներից մեկն է»,-նշեց պարոն Մակարյանը:

Ինչ վերաբերում է էկոնոմիկայի նախարարությունը ներդրումների եւ ձեռնարկատիրության աջակցման նախարարություն վերանվանելուն, Գագիկ Մակարյանը համոզված է, որ այդ նոր նախարարության գործառույթները լիարժեք չեն ստացվի, եթե ստվերային տնտեսության եւ կոռուպցիայի դեմ չեն պայքարելու: Նրա տվյալներով՝ վերջին 10 տարում ներդրումները 3,5 անգամ նվազել են:

«Եթե կառավարությունը երկար ժամանակ է փորձում պայքարել կոռուպցիայի դեմ, ուրեմն համարեք, որ կառավարությունը կամ չի ցանկանում, կամ չի կարողանում: Կոռուպցիայի դեմ Հայաստանում կարելի է պայքարել ընդամենը մեկ ամսում»:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930