Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Փոքր կրպակների համար ծխախոտի, ալկոհոլային խմիչքների վաճառքը դառնում է ձեռնտու. Տուրքերն իջնում են

Սեպտեմբեր 26,2016 14:05

Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Տեղական տուրքերի եւ վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը ներկայացրեց Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը:

Գործող օրենքով առկա է հանրային սննդի կազմակերպման համար տեղական տուրք, ոգելից եւ ալկոհոլային խմիչքի վաճառքի եւ ծխախոտի վաճառքի համար տուրք:

Խմիչքի եւ ծխախոտի վաճառքի թույլտվության համար հիմնական եւ ոչ հիմնական շինությունների ներսում յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանված է 0- 17 հազար 500 դրամ տուրք, ծխախոտի համար սահմանված է 1500-17 հազար 500 դրամ: Հանրային սննդի վաճառքի տուրքը 1000-6000 դրամ է հիմնական շինություններից, ոչ հիմնականներից՝ մինչեւ 1000 դրամ:

Հիմա կառավարությունը վերլուծություն է արել ու հասկացել, որ այս դրույքաչափը համադրելի չէ գործող օբյեկտների շրջանառության եւ առեւտրային տարածքի չափերի հետ եւ անհավասար պայմաններ է ստեղծել տարբեր տրամաչափի տնտեսվարողների միջեւ, քանի որ տուրքը բոլորի համար նույնն էր: Կամո Արեյանի խոսքերով՝ «Մանր ու միջինը նույն դրույքաչափով էր վճարում, ինչ, ասենք, սուպերմարկետները: Այժմ, կատարելով վերլուծություն՝ նախաձեռնել ենք փոխել դա եւ առաջարկվում է թույլտվության տուրքի չափերը տարբերակել ըստ օբյեկտների ֆիզիկական չափերի՝ քմ-ներով: 6 տարբերակում կա առեւտրային օբյեկտների»:

Հաշվարկված է, որ Երեւանի մոտ 3000 փոքր ու միջին առեւտրային օբյեկտների 50-65 տոկոսով կթեթեւացնեն թույլտվության բեռը եւ կհայտնվեն բարենպաստ վիճակում:

ՕԵԿ պատգամավոր Մհեր Շահգելդյանն ասաց՝ բազմաթիվ մանր ու միջին ձեռնարկություններ արդեն փակվել են, եթե սա 1-2 տարի առաջ արվեր՝ ի՞նչ ազդեցություն կլիներ, հաշվարկներ կա՞ն՝ Կամո Արեյանը պատասխանեց, որ նոր բիզնես անողների մուտքի համար սա իսկապես խոչընդոտ է եղել, ընթացքում դժգոհություններ են եղել, որ իրենք անհավասար պայմաններում են մտնում:

Թեւան Պողոսյանը թվեր պահանջեց. «Եթե հաշվարկ ունեք, ասեք, ինչքա՞ն ՓՄՁ է փակվել: Փոխքաղաքապետը թվեր չհրապարակեց, ասաց, որ տնտեսվարողներ են եղել, որ դրանից վախ են ունեցել նոր բիզնես սկսելու: Նա ասաց, որ այս փոփոխության արդյունքում 10-11 հազար տնտեսվարողներ հանրապետության մասշտաբով կզգան դրական փոփոխություն:

Թեւան Պողոսյանը նաեւ հետաքրքրվեց, թե տնտեսվարողների վախը ո՞նց եք չափել: Փոխքաղաքապետը բացատրեց. «Սովորական վարչարարության ընթացքում: Մարդը նայում է 17.5 հազար դրամ վերին չափին, մի հատ էլ գործակից է սահմանել համայնքի տարածքում, պատկերացրեք, ընդամենը 15 քմ փոքր առեւտրային գոտու համար եռամսյակը մեկ ինչ գումար պիտի վճարի: Մարդը այդ վարչարարության ընթացքում դիմումը հետ է վերցնում, ռիսկով չի գնում, վախենում է: Հիմա վերանում է ռիսկը, մարդը արդեն կասի՝ իմ առեւտրային օբյեկտի չափով կվճարեմ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930