Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում երեխաների գրեթե մեկ երրորդը թե՛ աղքատ է, թե´ ունի բազմակի և համընկնող խոցելիություն

Սեպտեմբեր 26,2016 13:42

Եթե Հայաստանում նյութապես աղքատ է ամեն երրորդ երեխան, ապա բազմաչափ աղքատության դրսևորումների տեսանկյունից խոցելի է յուրաքանչյուր երկրորդը:

Երևան, 26-ը սեպտեմբերի, 2016թ. — ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ)-ի հայաստանյան գրասենյակը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունն այսօր հրապարակել են Հայաստանում առաջին ամբողջական ազգային վերլուծությունը մանկական բազմաչափ աղքատության վերաբերյալ: Իր տեսակի մեջ այս հետազոտությունն առաջինն է մեր տարածաշրջանում և հիմնված է ազգային բազմակի և համընկնող խոցելիության վերլուծության մեթոդաբանության վրա, որ մշակվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ինոչենտի հետազոտությունների գրասենյակի կողմից (ֆլորենցիա): Զեկույցը մանկական աղքատության վերաբերյալ ամբողջական պատկեր է տալիս ազգային համատեքստում՝ ներառելով թե՛ բազմաչափ, թե՛ դրամական աղքատությունը, ինչպես նաև՝ տվյալներ տրամադրում չափումների համընկման աստիճանի վերաբերյալ:

«Մանկական աղքատությունն ավելին է, քան պարզապես դրամական կարիքը. այն բազմաչափ է: Երեխաների համար աղքատ լինել կարող է նշանակել զրկված լինել կյանքի համար վճռորոշ պայմաններից, ինչպիսիք են սնուցումը, կրթությունը, ժամանցն ու կացարանային պայմանները: Այս զրկանքներն ավելին են, քան պարզապես դրամական կարիքները, որոնք ազդում են երեխայի ոչ միայն ներկա կյանքի, այլև՝ հետագայում իրենց ամբողջական ներուժը զարգացնելու կարողության վրա», – նշել է Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Վերլուծությունը չափում է կարիքավորությունը մի շարք չափումներով, որոնք ընտրվել են շահագրգիռ կողմերի հետ խորհրդատվական լայնածավալ գործընթացի արդյունքում՝ խարսխվելով նաև Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի վրա: Դրանք են՝ սնուցումը, վաղ մանկական կրթությունն ու խնամքը, կրթությունը, ժամանցը, սոցիալական փոխհարաբերությունները, հագուստի առկայությունը, տեղեկատվությունը, կոմունալ և տնային պայմանները: Զեկույցի մեթոդաբանության հիմնական առանձնահատկություններից մեկը կենսափուլային մոտեցումն է. տարբեր տարիքի երեխաներ ունեն տարբեր կարիքներ: Ուստի վերլուծության հիմքում ընկած են երեք հիմնական՝ 0-5, 6-14 և 15-17 տարիքային խմբեր:

Գյուղաբնակ երեխաների 82 տոկոսը խոցելի է, մինչդեռ քաղաքաբնակների միայն 53 տոկոսն է խոցելի: Գյուղ-քաղաք այս կտրուկ տարբերությունների հիմքում ընկած է կոմունալ պայմանների (87%) և տեղեկատվության հասանելիության սահմանափակ լինելը (57%), մինչդեռ սա ճշմարիտ է քաղաքաբնակ երեխաների միայն 1/3-ի դեպքում: Ի դեպ, զրկանքների բաշխման կամ աղքատության կոնկրետ չափումների առումով չկան նշանակալից գենդերային տարբերություններ:

Երբ բազմաչափ աղքատությունը համադրվում է դրամական աղքատության հետ, յուրաքանչյուր 3 երեխայից 1-ը թե՛ աղքատ է, թե՛ խոցելի: Երեխաների 28 տոկոսը խոցելի է է 2 և ավելի շեմերում և աղքատ է: Այս երեխաները հասարակության ամենախոցելի հատվածն են, և նրանց պետք է առաջնահերթություն տրվի սոցիալական քաղաքականության տեսանկյունից: Երեխաների 36 տոկոսը կարիքավոր է, բայց ոչ աղքատ: Այս երեխաներին անհրաժեշտ է անմիջական միջամտություն՝ խոցելիությունը վերացնելու համար, քանի որ նրանք կարող են դուրս մնալ այն քաղաքականություններից, որոնք ուղղված են միայն նյութական աղքատությունը հաղթահարմանը:

Վերլուծությունը կարևոր տվյալներ է հաղորդում ոչ միայն սոցիալական քաղաքականության մշակման համար՝ երաշխավորելու, որպեսզի երեխաները պաշտպանված լինեն ռիսկերից, այլև՝ ընդլայնելու այն ծառայությունների հասանելիությունը, որոնց կարիքը երեխաներն ունեն: Անկախ օգտագործվող մեթոդաբանությունից, վիճակագրությունը մեզ հուշում է, որ երեխաներն ավելի քան որևէ տարիքային խումբ, ենթակա են աղքատության ռիսկին: Մանկական աղքատությունը վերացնելը մարտահրավեր է շատ երկրների համար, և առանցքային խնդիրներից է:

 

###

ՅՈՒՆԻՍԵՖ-ը պաշտպանում է յուրաքանչյուր երեխայի իրավունքներն ու բարեկեցությունն իր գործունեության ցանկացած ոլորտում: Մեր գործընկերների հետ միասին, մենք աշխատում ենք 190 երկրներում և տարածքներում այս հանձնառությունը գործնական քայլերի վերածելու ուղղությամբ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով ամենախոցելի երեխաների վրա՝ հանուն բոլոր երեխաների շահերի:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930