Վրաստանի սահմանը հատելու դեպքում երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կձերբակալվի: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, նման հայտարարություն է արել Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին:
Ավելի վաղ Սաակաշվիլին հայտարարել էր, որ հոկտեմբերի 8-ին՝ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ էքզիթ պոլերի արդյունքների հրապարակումից անմիջապես հետո, կժամանի Վրաստան, իսկ ընտրություններից մի քանի օր առաջ Թուրքիայի տարածքում՝ Վրաստանի սահմանի վրա, կբացի իր շտաբը:
Ներքին գործերի նախարարը հայտարարել է, որ Վրաստան մուտք գործելու դեպքում Սաակաշվիլին անմիջապես կձերբակալվի, քանի որ նա գտնվում է հետախուզության մեջ՝ հանցագործություն կատարելու կասկածանքով:
Հիշեցնենք, ավելի վաղ Սաակաշվիլիի «Ազգային միասնական շարժում» կուսակցությունը հայտարարել էր, որ հոկտեմբերի 2-ին Թբիլիսիի կենտրոնում կանցկացնի իր համախոհների հանրահավաք: Նույն օրը տեղի կունենա նաև իշխող «Վրացական երազանք» կուսակցության հանրահավաքը:
Կարդացեք նաև
Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանում գտնվում է հետախուզման մեջ և մեղադրվում է մի շարք քրեական գործերում՝ մասնավորապես կապված լիազորությունների չարաշահման հետ: Վրաստանի դատախազությունը բազմիցս դիմել է Ինտերպոլին՝ նրա նկատմամբ միջազգային հետախուզություն հայտարարելու խնդրանքով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ