Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ձեւեք ձեր կառավարությունը ում վրա ոնց ուզում եք». Պատգամավորները դեմ են նոր կառավարության արտահերթին (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2016 12:43

Այսօր կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հակադարձեց՝ մինչեւ կառավարության ձեւավորումը եւ ծրագրի հաստատումը կառավարության հրավերով արտահերթ նիստ հրավիրել 22 օրինագծերով, եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ փոփոխություններ չեն լինելու. «Այս վարչապետն էլ նախորդների նման շարունակում է դիտարկել ԱԺ-ն՝ որպես կամակատար եւ դակիչ մարմին: Եթե կային սահմանադրական պահանջներ կառավարության ձեւավորման հետ կապված, կարելի էր արտահերթ նիստ հրավիրել միայն այդ հարցով, ոչ թե 22 օրենք ճխտել այստեղ»:

Ըստ Լեւոն Զուրաբյանի, իշխանությունները այսպես ցույց են տալիս, որ հարգանք չունեն ժողովրդավարության հիմնարար սկզբունքների նկատմամբ: Նա ասաց, որ ՏԻՄ ընտրություններ են, պատգամավորները շատ զբաղված են:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը վստահեցրեց՝ դա միայն ձեր կարծիքն է. «Համենայնդեպս, խորհրդարանի մեծամասնությունը այն չի կիսում: Եթե նայեիք օրինագծերը, միանգամից չէիք տարածվի՝ 22 հարց: Սա շատ կարճ տեւող արտահերթ է, այնպես որ դա տեղական ընտրությունների հետ կապելը, չեմ կարծում՝ նորմալ իրավիճակ է»:

Նաիրա Զոհրաբյանը միացավ Լեւոն Զուրաբյանի բողոքին. «Եթե կառավարությունը խնդիր ունի վերաձեւելու կառավարության կազմը, ինչ-որ մեկին նախարար նշանակելու, ինչ-որ մեկի համար կոմիտե ստեղծելու համար, կարելի էր միայն այդ նախաձեռնությունը բերել»:

Նա ասաց, որ գոնե կարող էին տխրահռչակ Հարկային օրենսգիրքը քննարկել մեկ այլ ժամանակ. «Ձեւեք ձեր կառավարությունը ում վրա ոնց ուզում եք, բայց մի բերեք լրջագույն նախագծեր քննարկելու այն պահին, երբ պատգամավորները զբաղված են ՏԻՄ ընտրությունների քարոզարշավով»:

Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ սա Կանոնանակարգ օրենքով է. «Այնպես չի, որ յուրաքանչյուր ցանկացողի ականջին կառավարությունն ու ԱԺ-ն ինչ-որ մի բան փսփսա»:

Նա ասաց, որ Հարկային օրենսգիրքը բավականին փոխվել է. «ՏԻՄ ընտրությունները առաջին անգա՞մ է, խորհրդարանը պիտի ընդհանրապես չաշխատի, որպեսզի դուք մասնակցեք ընտրությա՞ն»:

Արտահերթ նիստի կառավարության առաջարկած օրակարգը դրվեց քվեարկության եւ ընդունվեց 77 կողմ 26 դեմ, 6 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930