Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Ալեքսանյանը ոչ միայն Սուրիկ Խաչատրյանին, այլեւ ոչ մի մականունավոր մարդու մականունով չի դիմում». Սամվել Ալեքսանյան

Սեպտեմբեր 26,2016 12:23

Հայաստանի Անկախության 25-րդ տարեդարձի առիթով ՀՀ նախագահի անունից Վաստակավոր լրագրողի կոչումով պարգևատրված «Սյունյաց երկիր» թերթի և համանուն կայքի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանը վստահեցնում է՝ իր պարգեւատրման հարցում «Սյունյաց երկիր» թերթում մարզպետին նվիրված հոդվածը կամ առհասարակ մարզպետի դերակատարությունը չկա:

«Սուրեն Խաչատրյանն անկախության 25-ամյակի առթիվ առաջարկություններ է ներկայացրել Սյունիքի մարզի շատ-շատ մարդկանց պարգեւատրելու վերաբերյալ: Ներկայացրել էր ցուցակ, որտեղ պարգեւատրելու համար ներգրավել էր իմ տեղակալ Վահրամ Օրբելյանին, բայց շատ ափսոսում եմ, որ Օրբելյանի վերաբերյալ առաջարկությունը չի անցել, նրան չեն պարգեւատրել, թեեւ նրան համարում եմ փորձառու լրագրող: Իմ անուն, ազգանունը ներկայացված ցուցակում չի եղել»,- պարզաբանեց Սամվել Ալեքսանյանը:

Նշենք, որ Սամվել Ալեքսանյանի պարգեւատրման լուրը մեծ քննադատության առիթ դարձավ այս օրերին, լրատվամիջոցներին և քաղաքացիներին հետաքրքրում էր՝ ո՞վ է այդ լրագրողը, որի հրապարակումները նրանց ծանոթ չէին: Պարզվեց, որ Սամվել Ալեքսանյանն այն նույն լրագրողն է, որը օգոստոսի 1-ին, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ծննդյան 60-ամյա տարեդարձին մի ճոխ հոդված նվիրեց՝ գովերգելով նրան որպես Սյունիքի մարզի արժանավոր զավակ: Ըստ որոշ մեկնաբանությունների, այդ հոդվածում Սամվել Ալեքսանյանը մարզպետին համեմատել էր Հիսուս Քրիստոսի հետ:

«Իսկապե՞ս Սամվել Ալեքսանյանը գրել է մի հոդված, որտեղ Սուրեն Խաչատրյանին համեմատել է Հիսուս Քրիստոսի հետ: Այն թերթերը, որոնք գրել են այդ մասին, ծանո՞թ են, իսկապե՞ս բնության մեջ գոյություն ունի նման հոդված, որտեղ Սամվել Ալեքսանյանը նման արտահայտություն է թույլ տվել: Դա սովորական ու էժան բամբասանք է կամ ինչ է նշանակում՝ ծանոթ չեն իմ լրագրողական գործունեությանը, ամեն օր կայքերում հազարավոր ստորագրություններ եմ կարդում, որոնց ծանոթ չեմ ու չեմ էլ պատրաստվում ծանոթանալ: «Սյունյաց երկիր» թերթի 13 տարվա խմբագիրն եմ ու իմ մարզում իմ ընթերցողներն ինձ շատ լավ ճանաչում են»,- զարմացավ պարոն Ալեքսանյանը:

«Երբ Պետրոս և Հովհաննես առաքյալներին քննում էին Երուսաղեմի ատյանում, քահանայապետի հարցերից մեկին այսպես պատասխանեցին նրանք. «Իսկ մենք չենք կարող չասել, ինչ որ տեսել ենք ու լսել» (Գործք առաքելոց, գործք 4.19):

Սկզբունքն այս աչքի առաջ ունենալով ու մեր ներքին մղումին ընդառաջ գնալով՝ «Սյունյաց երկիր»-ը չէր կարող չներկայացնել մեր լեռնաշխարհի նշանավոր ու արժանավոր զավակին….»,- սա պարգեւատրված լրագրողի հայտնի հոդվածից մի հատված է, որը նա այսպես մեկնաբանեց. «Ես առաջնորդվում եմ աստվածաշնչյան սկզբունքներով, իսկ դուք չե՞ք առաջնորդվում: Այդտեղ որեւէ համեմատություն կա՞ր Քրիստոսի հետ, ես պարզապես ասել եմ այն, ինչ տեսել ու լսել եմ: Հիմա էլ եմ հայտարարում՝ Սուրեն Խաչատրյանը Սյունյաց աշխարհի նշանավոր ու արժանավոր զավակ է»:

Մեր հարցին, թե տարիներ առաջ այլ կարծիքի էիք մարզպետի մասին, օրինակ` երբ 2005-ի ապրիլի 1-ի գիշերը Գորիսում այրվեց ձեր մեքենան՝ հրապարակայնորեն հայտարարեցիք՝ դա Լիսկայի ձեռքի գործն է: Ի՞նչը ստիպեց ձեզ փոխել ձեր կարծիքը հարցին ի պատասխան՝ պարոն Ալեքսանյանն ասաց. «Ես Լիսկա բառն առհասարակ չեմ օգտագործում: Սամվել Ալեքսանյանը ոչ միայն Սուրիկ Խաչատրյանին, այլեւ ոչ մի մականունավոր մարդու մականունով չի դիմում: Սուրիկից առաջ աշխատել եմ երեք-չորս մարզպետի հետ, բոլոր մարզպետերի հետ որպես լրագրող ունեցել եմ ե՛ւ հակասություններ ե՛ւ համաձայնություններ Սյունիքին առնչվող հարցերի շուրջ: Սուրեն Խաչատրյանի հետ էլ, ապագա մարզպետի հետ էլ ունենալու եմ հակասություններ եւ համերաշխության կետեր, բայց, ի տարբերություն շատերի՝ ժամանակի ընթացքում ե՛ւ Սուրեն Խաչատրյանը ե՛ւ թերթը եկել են ընդհանուր հայտարարի, քանի որ մեզ միավորում է Սյունիքի շահը; Գտել ենք, Սյունիքյան շահի համար պետք է լինենք միասնական ու եթե տարաձայնություններ ունենանք՝ կարտահայտենք: Այսօր էլ եթե տարաձայնություններ եմ ունենում Սուրիկ Խաչատրյանի հետ, հայտնում եմ իմ թերթում: Ինչ վերաբերում է 2005 թվականին իմ մեքենայի դեպքին, ենթադրություն հայտնել եմ, բայց այդ ենթադրությունը հետագայում չի հաստատվել»:

Մեր հարցին, այսինքն` այսօր այլեւս չեք պնդո՞ւմ, որ մեքենայի այրվելը Սուրիկ Խաչատրյանի ձեռքի գործն է, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Ասելիքս 2005-ին ասել ու սպառել եմ, եթե «Առավոտ» թերթին դա շատ հետաքրքրում է, կգամ Երեւան, միասին կբացենք այդ դեպքով քրեական գործը, կծանոթանանք, միասին կընթերցենք ու եզրակացություն կանենք: Իմ պնդելը նշանակություն չունի, ես ո՞վ եմ, որ պնդեմ: Հարուցվել է քրեական գործ, կատարվել է քննություն»:

Եվ մեր վերջին հարցին, թե ինչի արդյունքում իր ու մարզպետի հարաբերությունները բարելավվեցին, եկան ընդհանուր հայտարարի՝ սպառնալիքնե՞րի, ճնշումնե՞րի, թե՞ մարզպետի լավ խոստումների, պարոն Ալեքսանյանը կարճ պատասխանեց՝ Սյունիքի շահն է իրենց համախմբում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930