Ինչպես արդեն հաղորդել ենք՝ «Քարնեգի» հիմնադրամի՝ Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը Ադրբեջանի անկախության 25-ամյակի առիթով ծավալուն հոդված է հրապարակել հիմնադրամի կայքում՝ «25-ամյա Ադրբեջանը. փոփոխությունների և հուզումների նոր ժամանակաշրջան» վերտառությամբ: Ներկայացնում ենք հոդվածի առավել ծավալուն թարգմանությունը:
«Ադրբեջանը նոր պատմական փուլ է թևակոխում: Նավթային բումը, որը խթանեց երկրի տնտեսությունը, նպաստեց երկրի պետականության կայացմանը և միջազգային հեղինակության աճին, ավարտվել է: Երկրի իշխանություններն առավել սահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ունեն հասարակությանն առաջարկելու, որը քաղաքականապես այնքան էլ հնազանդ չէ, որքան մեկ տասնամյակ առաջ, և որտեղ դանդաղ ձևավորվում է ընդդիմության նոր ձև՝ քաղաքական իսլամը»,- գրում է քաղաքագետը:
Հեղինակի կարծիքով՝ Ադրբեջանի իշխանությունների համար այսօրվա առաջնահերթ հարցն այն է, թե արդյոք հնարավոր է ազատականացնել տնտեսությունն առանց քաղաքականության ազատականացման: Կառավարության տեխնոկրատ անդամները, դե Վաալի կարծիքով, իսկապես, որոշ փոփոխությունների դիմում են: Բայց եթե Ադրբեջանի վերնախավն, ընդհանուր առմամբ, չկարողանա լցնել ղեկավարողների և ղեկավարվողների միջև գոյացած հսկայական անդունդը, երկիրն անխուսափելիորեն կբախվի քաղաքական հուզումների, կարծում է նա:
Հեղինակը նշվում է, որ Ադրբեջանը 1991թ. անկախություն ստանալուց հետո այսօր ավելի ավտորիտար է, քան երբևէ: Խորհրդային Միության փլուզումից հետո երկրի պատմությունը բաժանելով 4 փուլերի՝ դե Վաալը գալիս է այն եզրակացության, որ թեև Իլհամ Ալիևի կառավարման տարիները համընկնում են տնտեսական թռիչքի հետ, բայց հենց նրա օրոք է ժողովրդավարության մակարդակը նվազել: Նա հիշեցնում է, որ Իլհամ Ալիևը երրորդ ժամկետով նախագահ ընտրվեց 2009թ. փոփոխությունների արդյունքում, որից հետո այդ երկիրը վերածվեց կենտրոնասիական մոդելի վրա հիմնված փակ և վերահսկվող պետության: Ընդ որում, 2016թ. սեպտեմբերի 26-ին նախատեսված սահմանադրության հանրաքվեով նախագահության ժամկետը 5 տարուց կդառնա 7: «Այս փոփոխությունները Ալիևի անձնական իշխանությունը կարող են երկարացնել, կարելի է ասել, անորոշ ժամկետով»,- գրում է վերլուծաբանը:
Կարդացեք նաև
Կյանքը բումից հետո
Ինչ վերաբերում է նավթային բումին, ապա չնայած այն բանին, որ Ադրբեջանը 2005թ., 2006թ. և 2007թ. դարձավ ամենադինամիկ զարգացող տնտեսություններից մեկը, այնուամենայնիվ, աճեց նաև կոռուպցիան: Բացի այդ, երկրի իշխանությունները նավթային եկամուտները վատնեցին այնպիսի վիճելի խոշոր նախագծերի վրա, ինչպիսիք են, օրինակ, Եվրատեսիլի համար նոր համերգասրահի կառուցումը կամ Եվրոպական խաղերի ընդունումը: Երկրի ռազմական բյուջեն հասել է տարեկան գրեթե 4 մլրդ դոլարի, մինչդեռ մյուս ոչ պակաս կարևոր ոլորտներում ներդրումները գնալով նվազում են, գրում է վերլուծաբանը:
Համաշխարհային բանկի տվյալներով՝ Ադրբեջանում աղքատության մակարդակը նվազել է՝ 2000-ականների սկզբի 50 տոկոսից 2013թ. հասնելով 5 տոկոսի: Այնուամենայնիվ, ինչպես Հարավային Կովկասի մյուս երկու երկրներում, գործազրկությունը շարունակում է մնալ չվերացող սոցիալ-տնտեսական խնդիր, հատկապես գյուղատնտեսության ոլորտում: Ըստ հաշվարկների՝ Ադրբեջանի աշխատուժի 40 տոկոսը ներգրավված է գյուղատնտեսության մեջ: 2013թ.՝ նավթային բումի գագաթնակետին, ՀՌԿԿ-ի անցկացրած ամենամյա հարցումը ցույց տվեց, որ Ադրբեջանի բնակչության միայն 12 տոկոսն է ստանում ամսական 400 դոլարից բարձր աշխատավարձ: Հարցման համաձայն՝ բնակչության 48 տոկոսը իրեն նկարագրել է այնքան աղքատ, որ չի կարողանում հագուստ և մթերք գնել: Ադրբեջանի ցուցանիշը մի փոքր ավելի բարձր էր, քան Հայաստանինը կամ Վրաստանինը, բայց դա այն դեպքում, երբ այս երկրները նավթ չունեն, գրում է դե Վաալը:
Բացի այդ, վերջին մի քանի տարում ընկել է ազգային արժույթի փոխարժեքը, իսկ Նավթային ֆոնդի միջոցները սկսել են արագորեն սպառվել:
«Եթե ներկա միտումները շարունակվեն, Ադրբեջանի նավթային պաշարները երկու տասնամյակում կարող են սպառվել: 1994թ. ի վեր ոչ մի նոր նավթահոր չի հայտնաբերվել: Ըստ BP-ի Համաշխարհային էներգիայի վիճակագրական վերլուծության՝ երկրի նավթի հետախուզված պաշարները 2014թ. վերջին կազմում էին 7 մլրդ բարել (համեմատության համար՝ Ղազախստանինը՝ 30 մլրդ բարել, Ռուսաստանինը՝ 103 մլրդ, Իրանինը՝ 154 մլրդ)»,- գրում է հեղինակը:
Թեև տարիներ շարունակ ադրբեջանցի պաշտոնյաները խոսում են տնտեսության դիվերսիֆիկացման մասին, բայց այդ ուղղությամբ շոշափելի արդյունքներ չկան: Իշխանություններն այսօր իրենց հույսերը կապում են գազի և դրանից ստացվող եկամուտի հետ, սակայն այդ երազանքները, ըստ քաղաքագետի, ըստ էության, խիստ ուռճացված են: Եթե Ադրբեջանի նավթային պաշարները Ռուսաստանի և Ղազախստանի համեմատությամբ չափազանց քիչ են, ապա գազի պաշարները Իրանի և Թուրքմենստանի համեմատությամբ ընդհանրապես աննշան են:
Ալիևների համակարգը
Թոմաս դե Վաալը հիշեցնում է, որ Ադրբեջանի քաղաքական համակարգը ձևավորվել է 1990-ականներից և դրա հիմքերը դրվել են Հեյդար Ալիևի կողմից: Այդ համակարգը, որը հիմնված էր տարիներ շարունակ Ալիևի կողքին կանգնած անհատների անձնական նվիրվածության վրա, հեղինակը բնութագրում է որպես «նեոժառանգական»: Հեյդար Ալիևի հետխորհրդային Ադրբեջանում բոլոր նշանակումները կատարվում էին նախագահի կողմից, և ամբողջ իշխանությունը գալիս էր նախագահական ապարատից: Ալիևի հայրենիքից՝ Նախիջևանից եկած պաշտոնյաները վայելում էին նախագահի հատուկ հովանավորչությունը, մինչդեռ կառավարությունը շատ թույլ էր:
Իլհամ Ալիևը ժառանգեց այս համակարգը և պահպանեց այն, բայց նրա համար շատ ավելի բարդ է այն ղեկավարելը, շարունակում է փորձագետը՝ համաձայնելով այն մտքի հետ, որ կրտսեր Ալիևը վերնախավի «կամարի հիմնաքարն է», ավելի շուտ միավորող և միջնորդ ուժ, քան գերագույն առաջնորդ:
Իլհամ Ալիևի համար Ադրբեջանը ղեկավարելը ծանր առաջադրանք է, նախ, որովհետև նա չունի այն հեղինակությունը, ինչ իր հայրը, ինչպես նաև նրա փորձը և մանրամասն գիտելիքներ Ադրբեջանի մասին, իսկ դա զարմանալի չէ, քանի որ նա երկար տարիներ անցկացրել է երկրից դուրս: Ուստի, նա ստիպված էր ապավինել հին շրջապատի խորհրդատուներին և նախարարներին, որոնցից շատերը ծառայել են իր հորը: Նախագահն ինքը, թվում է, հեռացված է ներքին հարցերով որոշումներ կայացնելու ամենօրյա գործընթացից և կարող է հայտնվել փուչիկի մեջ, որում տեղեկություն չի ստանում այն մասին, թե ինչ է կատարվում երկրում, կարծում է Թոմաս դե Վաալը:
2004թ. հետո նավթային բումի արդյունքում համակարգի հավասարակշռությունը փոխվեց այն բանից հետո, երբ հարստացան վերնախավի այլ անդամներ:
Մինչդեռ այսօր երկրի տնտեսական անկումը թուլացրել է նաև օլիգարխիայի դիրքերը, քանի որ ադրբեջանական 9 բանկ փակվել է, նվազել են անշարժ գույքի գները: Իսկ օլիգարխիկ համակարգը տարիներ շարունակ խեղդել է փոքր բիզնեսը և փակել օտարերկրյա ներդրումները:
Ուստի, դե Վաալը կարծում է, որ այսօր Ադրբեջանը, առավել քան երբևէ, կարիք ունի տնտեսության դիվերսիֆիկացման և մոդեռնիզացման: Ալիևը խոստացել էր, որ 2016թ կլինի «խորը տնտեսական բարեփոխումների տարի», դրական էին տրամադրված նաև արևմտյան ինստիտուտները: Այնուամենայնիվ, փորձագետը դա այնքան էլ իրատեսական չի համարում, քանի որ, նրա կարծիքով, առավել բաց և մրցակցային տնտեսությունը չի բխում նեոժառանգական համակարգի շահերից: Ադրբեջանի ամենախոշոր օլիգարխները շարունակում են վերահսկել իրենց մենաշնորհների և բաժնետոմսերի մեծ մասը: Իշխանությունների կողմից նրանց վրա բացահայտ ճնշումը վտանգավոր կարող է լինել: Ու թեև վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունն ավելի ուժեղ է դարձել, ուժեղացել է նաև օլիգարխիկ ցանցը: Փոփոխությունները դեռ կախված են վերնախավի անձնական քմահաճույքներից, ոչ թե հանրային ինստիտուտներից:
Արտաքին քաղաքականությունը՝ որպես հավասարակշռման գործողություն
Հոդվածագիրը նշում է, որ Ադրբեջանում ներքին և արտաքին քաղաքականությունը խիստ սերտաճած են: Ե՛վ արտաքին, և՛ ներքին քաղաքականության մեջ փոփոխությունները զուգահեռ են ընթանում, գրում է դե Վաալը՝ հստակեցնելով, որ դա առավել ակնհայտորեն երևում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության դեպքում: «Ադրբեջանի համար վերջին քառորդ դարում այս հակամարտությունը մնում է համար մեկ ներքին և արտաքին առաջնահերթությունը: Սա այն հարցն է, որի համար ազգային առաջնորդը քննադատվում է հանրության կողմից, ինչպես նաև հակառակը: Մի կողմից չլուծված հակամարտությունը հարուցում է բնակչության զայրույթը, մյուս կողմից իշխանությունների կողմից այն օգտագործվում է որպես քաղաքական զենք»,- նշում է հոդվածագիրը:
Այնուամենայնիվ, Ադրբեջանը փորձել է առավելագույն իր դիրքերն ամրապնդել աշխարհում՝ պահպանելով հավասարակշռված արտաքին քաղաքականություն տարբեր դերակատարների հետ՝ չմիանալով ո՛չ արևմտյան, ո՛չ ռուսական տնտեսություններին կամ անվտանգության կազմակերպություններին (ՆԱՏՕ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ):
Անկախությունից ի վեր Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը Թուրքիան է: Ու թեև նրանց հարաբերություններում ամեն ինչ այնքան էլ հարթ չէ՝ կապված Իսրայելի նկատմամբ նրանց տարբեր դիրքորոշումների հետ, այնուամենայնիվ, երկու երկրներն ունեն ամուր կապեր բիզնեսի և էներգիայի ոլորտում և երկկողմ պաշտպանության համաձայնագիր, գրում է դե Վաալը: Բացի այդ, 2016թ. Ադրբեջանը Անկարային պաշտպանեց Թուրքիայում ձախողված հեղաշրջման հարցում և փակեց իր տարածքում գյուլենական դպրոցները, իսկ Թուրքիան մշտապես աջակցում է Բաքվին Լեռնային Ղարաբաղի պատերազմում:
Անդրադառնալով Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններին՝ հոդվածագիրը հիշեցնում է, որ 2013թ. օգոստոսին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ազդեցիկ պատվիրակությամբ մեկնեց Բաքու, որտեղ Ալիևի հետ քննարկեց էներգետիկ համագործակցությանը նվիրված հարցեր, ինչպես նաև կողմերը համաձայնության եկան նոր սպառազինության վաճառքի շուրջ:
Նայելով առաջ. Տարանջատում և մարտահրավերներ
Թոմաս դե Վաալը նշում է, որ Ադրբեջանի բնակչությունը, որը տեսել է և՛ պլյուրալիզմ, և՛ ավտորիտարիզմ, մոտենում է 10 մլն-ի սահմանագծին, ընդ որում, փոխվել է նաև բնակչության կազմը: Այսօր այդ երկրի բնակչությունն ավելի ադրբեջանախոս է և ավելի կրոնական, քան 25 տարի առաջ: Իսկ, քաղաքական ընդդիմությունը, չնայած ճնշումներին և հարձակումներին, դեռ շարունակում է գոյատևել:
Նման պայմաններում Ադրբեջանը պետք է հասկանա, որ նավթային բումի դարաշրջանն ավարտվել է և անհրաժեշտ է անցում կատարել իրական տնտեսական բարեփոխումների: Սակայն, ըստ դե Վաալի, հազիվ թե դա հնարավոր լինի՝ առանց ցածր խավերի քաղաքական տրամադրությունները հաշվի առնելու:
«Փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանի հասարակությունը շատ ավելի արագ է փոխվում, քան դա հասկանում են իշխանությունները, և վաղ թե ուշ նրանք ստիպված կլինեն հաշվի նստել նոր քաղաքական մարտահրավերների հետ»,- եզրափակում է Թոմաս դե Վաալը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ