Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-չինական շփումներ. Արարողակարգային զրույցներից՝ դեպի գործնական քայլեր

Սեպտեմբեր 25,2016 21:42

Ինչ փոխպայմանավորվածություններ ձեռք բերվեցին Չինաստան այցի ընթացքում. այս մասին ենք զրուցել սեպտեմբերի 18-23-ը այդ երկիր այցելած պատվիրակության անդամների հետ:

Պատվիրակությունը, որում նաեւ ընդդիմադիր երկու կուսակցությունների կին ղեկավարներ կային (ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը այցելության կեսից վերադարձավ Հայաստան՝ Վարդեւան Գրիգորյանի որդու հետ կատարվածի լուրն առնելով )՝ գլխավորում էր ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի ղեկավար, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը:

poxnaxagahՉինաստանի խորհրդարանի` Համաչինական ազգային ժողովրդական կոնգրեսի նախագահի տեղակալ, Կանանց համաչինական ֆեդերացիայի նախագահ Շեն Յուեյուի հետ սեպտեմբերի 22-ին հանդիպման ընթացքում ներկայացնելով պատվիրակությանը՝ Հերմինե Նաղդալյանն այս առնչությամբ ասաց, թե իրենք չեն քաղաքականացնում եւ կուսակցական պատկանելությունը չեն դիտարկում որպես առաջնային գործոն:

barekamakan-xumbԳրեթե բոլոր հանդիպումների ընթացքում հրավերներ էին արվում Հայաստան այցելելու: Չինացի այն գործիչները, որոնք արդեն իսկ առիթ էին ունեցել մեր երկիր այցելելու՝ ասենք, Չինաստան-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավարի տեղակալ Վան Իֆուն, որն անցած տարվա հունիսին էր եկել Հայաստան՝ շատ ջերմ էին արտահայտվում հայկական հյուրընկալության մասին:

Ոչ պակաս շռայլ հյուրընկալություն ցուցաբերեց նաեւ չինական կողմը, եւ այն դրսեւորվում էր անգամ արարողակարգային «մանրուքներում»: Մի օրինակ՝ «Կանանց աշխատանքի տեղավորման եւ ձեռներեցության հնարավորությունները եւ մարտահրավերները» առաջին համաժողովին միջազգային պատվիրակություններից Հայաստանի ներկայացուցիչները միակն էին, որոնց տեղավորել էին կառավարական հյուրատանը:

kin-patviraknerՊատվիրակության անդամ Վերակազմյալ սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցության ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, որը Հայաստան-Չինաստան բարեկամական խմբի անդամ է, այս առնչությամբ «Առավոտին» ասաց. «Այցը շատ հաջողված էր, քանի որ այն ընդունելությունը, այն վերաբերմունքը, ուշադրությունը, որը դրսեւորվեց հայկական պատվիրակության նկատմամբ՝ աննախադեպ էր, ու դրանով կարող ենք նաեւ հասկանալ երկրի նկատմամբ հետաքրքրության աստիճանը»:

Գրեթե բոլոր հանդիպումների ընթացքում խոսվում էր համագործակցության ծրագրերի մասին ու կոնկրետ նշվում էին ոլորտները՝ մասնավորապես, հայկական ապրանքների առաջխաղացումը չինական շուկայում, Հայաստանի մարզերի եւ Չինաստանի նահանգների միջեւ համագործակցությանը, «Չինաստան-Եվրասիա» հաջորդ տարվա էքսպո-ցուցահանդեսում հայկական ապրանքների տաղավարի բացումը: Ինչպես արդեն նշել ենք՝ այս տարի Հայաստանը ներկայացված չէր այս ցուցահանդեսում, որտեղ մասնավորապես տաղավարներ ունեին մեր բոլոր հարեւան երկրները:

hay-patviraknerՊատվիրակության անդամ՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ, ՀՀԿ խորհրդի անդամ Ջեմմա Բաղդասարյանն «Առավոտի» հետ զրույցում վստահություն հայտնելով, որ իրենց հանդիպումներին կհաջորդեն հետագա քայլեր Մետաքսի ճանապարհի տնտեսական ծրագրերի շրջանակներում՝ մասնավորապես նշեց. «Քննարկումներ ենք ունեցել Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ, եւ արձագանք ստացել այն առաջարկություններին, որոնք վերաբերում էին զբոսաշրջության զարգացման ոլորտում քայլեր անելուն, նաեւ սոցիալական ոլորտում փորձի փոխանակման ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը, հատկապես այն հայ կանանց համար ովքեր այսօր մասնավոր հատվածում են, ակտիվ գործունեություն են իրականացնում: Հնարավոր է նրանց վերապատրաստումը Չինաստանի կանանց համալսարանում: Կանանց համաչինական կազմակերպության հետ քննարկման ժամանակ մենք նաեւ առաջարկել ենք Չինաստանի կանանց ձեռնարկատիրական գործունեության, փորձի փոխանակում, համատեղ ցուցահանդեսների կազմակերպում: Եվ այդ առաջարկներն արձագանք ստացան»:

patvirakutyunՀանդիպումների ընթացքում շատ էր խոսվում նաեւ զբոսաշրջության զարգացման մասին: Պատվիրակության անդամ` Գավառի պետական երաժշտական քոլեջի տնօրեն, Գեղարքունիքի մարզի կանանց խորհրդի նախագահ Էլեոնորա Մալխասյանն «Առավոտին» պատմեց. «Դեռեւս 2014 թվականի նոյեմբերին, երբ համաչինական կանանց կազմակերպության պատվիրակությունը Հայաստանում էր՝ նրանք այցելեցին նաեւ Գեղարքունիքի մարզ: Եվ այդ այցելության ժամանակ ես հարց բարձրացրեցի, որ երկկողմանի համագործակցություն լինի զբոսաշրջության զարգացման ոլորտում: Եվ այս այցի ընթացքում այդ պայմանավորվածությունները վերահաստատվեցին՝ հատկապես տարածաշրջանային տուրիզմը զարգացնելու առումով»:

despanatunՉինաստանում Հայաստանի դեսպանատանը ՀՀ անկախության 25-ամյակի տոնակատարության ժամանակ, որին ներկա էր ՉԺՀ ԱԳ փոխնախարար Լի Լույվեյին, մանրամասն անդրադարձան եւ տնտեսական համագործակցության, եւ զբոսաշրջության զարգացման խնդիրներին:

Լյուդմիլա Սարգսյանը «Առավոտին» պատմեց. «Արարողակարգային խոսակցությունից պետք է միշտ անցնենք գործնականի: Պետք է ամեն հնարավորություն օգտագործել գործնական խոսակցություն սկսելու համար, ինչը եւ տեղի ունեցավ այս պատվիրակության հանդիպումների ընթացքում: Իմ տպավորությամբ՝ Չինաստանը մեծ հնարավորություններ կարող է ընձեռել մեզ, եթե կարողանանք ճիշտ հարաբերություններ հաստատել եւ բիզնես աշխարհի, եւ քաղաքական ղեկավարության հետ: Եվ կարծում եմ, որ Հայաստանն իր փոքրիկ հնարավորություններով կարող է տնտեսական մեծ շահույթ ունենալ, եթե կարողանա օգտագործել այս ահռելի, անսահման շուկան: Դրա համար ուղղակի պետք է լուրջ զբաղվել այս շուկայով: Օրինակ՝ կոնկրետ Չինաստանի ԱԳՆ-ի Կովկասի գծով պատասխանատուի հետ խոսակցությունը արարողակարգայինից անմիջապես վերածվեց մասամբ գործնականի, եւ տեսանք նրանց մեծ հետաքրքրությունը մեր խմիչքների նկատմամբ: Եվ առիթը բաց չթողեցինք, որպեսզի ներկայացնենք հայկական արտադրանքը, ու ասենք՝ համեմատություններ տանենք մեր կոնյակի եւ ֆրանսիականի կամ մյուսների հետ: Հակընդդեմ առաջարկ եղավ, որ պետք է մեր գործարար շփումները մեծացնել, ու կազմակերպել էքսպոներ, որտեղ ներկայացված կլինի մեր արտադրանքը: Տիկին Նաղդալյանն ասաց, որ ցավալի էր, որ էքսպոյի ժամանակ տեսանք վրացական, ադրբեջանական արտադրանքի ներկայացվածությունը ու չկար հայկականը»:

kananc-forumՉԺՀ ԱԳ փոխնախարարի հետ հանդիպմանը մասնակցած Ջեմմա Բաղդասարյանն «Առավոտի» հարցին՝ Չինաստանն ինքն է իր ապրանքներով ողողել ողջ աշխարհը, արդյոք հավանակա՞ն եք համարում, որ նրանք իրենց ներքին շուկան կբացեն որեւէ այլ երկրի համար՝ պատասխանեց. «Հավանական եմ համարում, քանի որ այդ հանդիպման ժամանակ մենք նաեւ հասկացանք, որ մենք մի քիչ ավելի շատ պետք է կարողանանք ներկայացնել մեր ապրանքները, գովազդենք: Հայկական կոնյակին ասենք, որպես որակյալ արտադրանքի՝ իրենք արդեն ծանոթ էին այդ բրենդին: Եվ երբ հարցը քննարկում էինք Չինաստանի ԱԳՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ՝ այդ հետաքրքրվածությունը մենք զգացել ենք: Եվ կարծում եմ, որ հաջորդ էքսպոյի ժամանակ Հայաստանը պարտադիր պետք է իր տաղավարներն ունենա ու հայաստանյան ապրանքները պետք է ճիշտ ներկայացված լինեն»:

Լյուդմիլա Սարգսյանն այս առնչությամբ նշեց. «Այո, մենք հասկանում ենք, որ մեր գործարարների համար որոշակի դժվարություններ է առաջացնում տարածությունը, ծախսերը՝ արտադրանքը ներկայացնելու համար, եւ երեւի թե մեր գործարարները ակնկալում են անմիջական հաջողություն ու պայմանագրերի կնքում, բայց դա այդպես չի լինում: Պետք է ամեն տեղ կարողանալ ներկայանալ, եւ ժամանակի ընթացքում այն կորուստները, որ նրանք ունեցել են գովազդային գործունեության հետեւանքով՝ շատ արագ կարող են փոխհատուցել: Եվ կարծում եմ, թե պետք չի թողնել, որ մեր գործարար աշխարհն ինքը որոշի, թե այս կամ այն գործարարի, արտադրանքի ներկայացվածությունը ինչքանով է անհրաժեշտ: Կարծում եմ, որ ձեւավորվող նոր կառավարության կարեւորագույն խնդիրներից մեկը պետք է լինի ներդրումներ ներգրավելը եւ հայկական արտադրանքի շուկան ընդլայնելը, եւ սա այն լավագույն հնարավորություններից է, որ կառավարությունը պարտավոր է օգտագործել»:

Աննա ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Ուռումչի-Պեկին-Երեւան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930