Բրիտանացի ճանաչված քաղաքական վերլուծաբան Թոմաս դե Վաալի՝ Ադրբեջանի անկախության 25-ամյակին նվիրված ընդարձակ վերլուծությունը հրապարակվել է Կարնեգիի եվրոպական հիմնադրամի կայքում, տեղեկացնում է ադրբեջանական Contact.az հրատարակությունը: Այդ հոդվածում «Սեւ այգի» գրքի հեղինակը հետեւում է Ադրբեջանի անցած քառորդ դարե ճանապարհին, նրա ներկայիս հասարակական-քաղաքական իրավիճակին, կիսվում իր կանխատեսումներով:
Քաղաքական վերլուծաբանը գրում է, թե Ադրբեջանի հասարակությունը փոխվում է ավելի սրընթաց, քան կարծում են իշխանությունները:
Հեղինակի կարծիքով, գուցե այդ պատճառով պաշտոնական Բաքուն չի կարողանում իրապես զգալ երկրի մուտքը պատմական նոր փուլ:
Թոմաս դե Վաալը գրում է, թե նավթային բումը, որ Ադրբեջանի տնտեսության ծաղկման, նրա պետականության եւ միջազգային հեղինակության բարձրացման պատճառ էր դարձել, ավարտվել է:
Կարդացեք նաև
Նրա կարծիքով, ներկայումս իշխանությանը հետաքրքրում է առանց քաղաքականության տնտեսությունը ազատականացնելու հնարավորության կամ անհնարինության հարցը, քանի որ իշխանությունները քաղաքական փոփոխություններ չեն ուզում:
Եթե իշխանությունը գթասրտություն չցուցաբերի…
Դե Վաալը եզրահանգում է՝ եթե Ադրբեջանի քաղաքական վերնախավն իշխանությունը պահողների եւ ժողովրդի միջեւ անդունդի վրայով կամուրջ գցելու ուժ չգտնի, կարելի է ասել, որ քաղաքական ցնցումներն անխուսափելի կլինեն:
Ադրբեջանի նորագույն պատմությունը բաժանելով մի քանի կոշտ փուլերի՝ քաղաքական վերլուծաբանը գրում է, թե տնտեսական վերելքի ամենաուժեղ, բայց ժողովրդավարության տեսակետից ամենաթույլ փուլը բաժին է ընկնում Իլհամ Ալիեւի նախագահության ժամանակաշրջանին:
Քաղաքական վերլուծաբանը գրում է, որ 1991 թ. ԽՍՀՄ-ի փլուզման պահից ցայսօր Ադրբեջանը այնքան ավտորիտար չի եղել, որքան հիմա:
Դե Վաալը նշում է, որ Իլհամ Ալիեւի նախագահության երրորդ ժամկետով սկսվել է երկրի անցումը Կենտրոնական Ասիայի քաղաքական կառավարման մոդելին: Սեպտեմբերի 26-ին հանրաքվեն նրա իշխանությունը, կարելի է ասել, անվերջանալի կդարձնի:
Պատրաստեց՝ Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆԸ