Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոբերտ Աբաջյանի կողքին հայտնվելու են Արմենակ Ուրֆանյանի ու Բենիամին Եղոյանի դիմանկարները

Սեպտեմբեր 25,2016 13:15

Հայրենիքը բարձրագույն արժեք է, նրա պաշտպանությունը՝ սրբազան գործ… Ու ազնիվ , հայրենանվեր հայորդիները կռվել- չկռվելը կշեռքի նժարին չեն դնում, ծանր ու թեթև չեն անում. նրանք նետվում են մարտի դաշտ իրենց սրբությունները պաշտպանելու գիտակցական մղումով:

Սա չգրված օրենք է, որի ճշմարտացիությունը ևս մեկ անգամ ապացուցեցին ապրիլյան քառօրյա պատերազմում հաղթած անձնազոհ տղերքը:

Ասում են՝ ժամանակն ամեն բան իր տեղն է դնում. ապրիլին հաջորդած ամիսներն անցան մի ակնթարթի պես, ակնթարթ, որը լուծեց այնքա՛ն չլուծված խնդիրներ, տվեց մինչ այդ չհասկացված այնքա՛ն հարցերի պատասխաններ, որոնք իրենց հետ բերեցին և՜ հպարտություն, և՜ խորը ցավ, և՜ մեծ զղջում ու ափսոսանք:

Անցած այս 6 ամիսները բավական էին, որ յուրաքանչյուր ոք վերագնահատեր պատերազմի արդյունքներն ու համապատասխան եզրակացություններ աներ: Ապրիլյան պատերազմը սթափեցրեց մեր հասարակությանը, պատմություն կերտեց մեր իսկ աչքերի առաջ: Միանգամից չքացան էկրանային հերոսները, և ժողովրդի ծոցից ծնվեցին իսկական, խոնարհ ու պարզ, բայց անհաղթ ու խիզախ հերոսները: Հերոսներ, որոնց սխրանքն անգնահատելի է, չէ՞ որ նրանք, անձնվիրաբար կռվելով հաղթել են ոչ միայն թշնամուն, այլև մահվանն ու ժամանակի: Այդ հերոս տղաներից մեկն էլ Ռոբերտ Աբաջյանն էր ….

abajyanՄոնումենտցի Կյաժը կռվեց Արցախում, հետո հասավ մինչև Ռիո՝ Օլիմպիական բարձունք, օրերս էլ հանգրվանեց նաև ԵՊՀ տանող ճանապարհին: ԵՊՀ Մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությամբ, անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում մայր բուհի տարածքում երիտասարդ ու տաղանդավոր նկարիչ Արթուր Ավագյանը պատկերում է Արցախում քառօրյա պատերազմի ժամանակ զոհված տղաների դիմանկարները (դրանց կողքին գրվում են նաև երիտասարդությանն ուղղված կոչեր – հեղ. Նվեր Կիրակոսյան): Շարքի առաջին հերոսն էլ Ռոբերտն է …

robert-abajyani-nkarich«Այս նախաձեռնությամբ ոչ միայն ցանկացել ենք յուրօրինակ գնահատանքի խոսք ասել մեր հերոս տղաներին, այլև փորձել ենք նրանց օրինակով մեր երիտասարդությանը ճշմարիտ արժեքներ քարոզել: Երիտասարդներն, ամեն օր անցնելով այստեղով, կտեսնեն այն մարդկանց դիմանկարները, ում պարտական են իրենց խաղաղության համար. մարդկանց, որոնք զոհվել են գերազանց կատարելով իրենց պարտքը: Հույս ունենք, որ սա կօգնի մեր քաղաքացիներին հասկանալ, որ Հայաստանի նկատմամբ պարտք ունի մեզնից յուրաքանչյուրը ՝ զինվոր թե՜ ուսանող , պատշար թե՜ վերլուծաբան …  Ի վերջո, բանավոր հայրենասիրությամբ ոչնչի չես հասնի . այդ հայրենասիրությունը պետք է դրսևորվի քո գործերում»,- ասում է Ռոբերտ Աբաջյանի դիմանկարի ստեղծման աշխատանքներին անձամբ մասնակցած ՝ ԵՊՀ Մարտական պատրաստության ակումբի նախագահ Արմեն Խաչիկյանը:

abajyani-nkarՆրա խոսքերով ծրագիրն ունենալու է շարունակություն. շուտով Աբաջյանի կողքին հայտնվելու են նաև Արմենակ Ուրֆանյանի ու Բենիամին Եղոյանի դիմանկարները:

Արփինե ՄՈՒՐԱԴՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930