Մեր դպրոցական տարիներին «Տնարարություն» առարկայի ժամանակ սովորած եւ պատրաստած առաջին խմորեղեններից մեկը «Ոզնին» էր կամ ավելի ճիշտ՝ «Յոժիկը»: Մինչեւ հիմա էլ դրանից մանկության համն եմ առնում:
Անհրա ժեշտ մթերքները
Խմորի համար
Ձու-6 հատ
Մածուն- 6 ճաշի գդալ
Սոդա- 1,5 թեյի գդալ
Քացախ-1,5 ճաշի գդալ
Կարագ-200 գրամ
Շաքարավազ- 1,5 բաժակ
Ալյուր-2,5 բաժակ
Կրեմի համար
Կարագ- 200 գրամ
Խտացրած կաթ- 1 տուփ
Վանիլ
Կարդացեք նաև
Պատրաստման եղանակը
Վե րը նշվածը ճիշտ այն բաղադրատոմսն է, որն ինձ մոտ գրված է դեռ դպրոցական տարիներից: Հիմա, իհարկե, ինձ համար տարօրինակ է մածունի առկայության դեպքում նաեւ քացախի անհրաժեշտությունը: Սովորաբար քացախն ավելացնում են սոդան հանգցնելու համար, սակայն եթե խմորի մեջ կա այլ թթվաշ մթերք՝ մածուն, թթվասեր, կիտրոն, բալ եւ այլն, քացախի կարիքն արդեն չկա: Բայց հետեւենք հին բաղադրատոմսին:
Ամենասկզբում 400 գրամ կարագը հանեք սառնարանից, թողեք փափկի սենյակային ջերմաստիճանում առնվազն 2-3 ժամ: Ընդ որում, կարագը բաժանեք երկու մասի եւ յուրաքանչյուր 200 գրամանոց կտորը դրեք առանձին ամանի մեջ: Խմորի համար նախատեսված կարագը հարեք շաքարավազի հետ, հատիկ-հատիկ ավելացրեք ձուն, շարունակեք հարելը: Ավելացրեք մածունը՝ սոդայի եւ քացախի հետ, նորից հարեք, վերջում՝ ալյուրը: Խմորը լցրեք ջեռոցի մեծ տապակի մեջ, որը կամ պետք է նախապես յուղոտել կամ վրան յուղաթուղթ դնել:
Եփեք 200 աստիճան տաքացրած ջեռոցում: Նկատեմ, որ բաղադրիչների այս քանակի դեպքում թերեւս երկու տապակի անհրաժեշտություն լինի: Պետք է թխել մինչեւ խմորը վարդագունի: Անջատեք, թողեք սառչի, ապա հատուկ կաղապարների կամ պարզապես՝ սուր եզրերով բաժակի միջոցով խմորի շերտը բաժանեք որքան հնարավոր է շատ շրջանների: Ավելացած խմորը մանրեք, դարձրեք փշրանք:
Մինչ խմորը սառչում է, կարելի է պատրաստել կրեմը:
Դրա համար կարագի մյուս մասը, որը նույնպես արդեն թուլացել է, լավ հարեք, գդալ-գդալ ավելացրեք խտացրած կաթը՝ անընդհատ հարելով: Ավելացրեք նաեւ վանիլի մզվածք կամ ինչպես հին ժամանակներում՝ վանիլի փոշի:
Եկավ մեր ոզնիներին ի մի բերելու ժամանակը: Հերթով վերցրեք խմորի շրջանակը, քսեք վրան կրեմը, դրեք մեկ այլ շրջանակ: Լավ սեղմեք, կրեմ քսեք կլոր «սենդվիչի» կողքերին, թաթախեք փշրանքների մեջ: Հիմա կարող եք նաեւ վրայից քսել կրեմը եւ փշրանքները ցանել վրայի շերտի վրա: Այդ նույն գործողությունը կրկնեք բոլոր շրջանակների համար:
Ոզնիները պատրաստ են, թողեք 2-3 ժամ, որպեսզի կրեմը լրիվ ներծծվի եւ մատուցեք: Կարող եք ձեր ոզնիներին, կախված եղանակից, բեռնել ելակով, բալով, մոշով կամ այլ հատապտուղով՝ ավելի գեղեցիկ կստացվի:
Բարի ախորժակ:
Պատրաստեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
23.09.2016թ.