Եվրամիության դրամաշնորհային ծրագրով Հայաստան –Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, Բաղանիս-Ջուջեւան հատվածում, 6 տեղ բետոնյա կառույցներ էին սարքվել, որի մեջ տեղադրել էին չժանգոտող մետաղից աղբամաններ: Դրանից հետո երթեւեկող ավտոմեքենաների վարորդներն ու ուղեւորներն աղբը նետում էին ոչ թե միջպետական ավտոճանապարհի եզրին, այլ՝ նշված աղբամանների մեջ: Սակայն անհայտ անձինք այդ աղբամաններից մի քանիսը եւ դրանց կափարիչները գողացել էին: Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը դիմել էր ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, բաժնի ոստիկանները գողերին հայտնաբերելու համար երկար ժամանակ դարանակալել էին:
Նախկինում հայտնել ենք, որ օգոստոսի լույսի 21-ի գիշերը ոստիկանները բռնել էին աղբամանի գողի՝ Գավառ քաղաքի 39-ամյա բնակիչ Տ.Մ.-նին: Նա պոկել է աղբամանը եւ այն տեղավորել «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայում:
Ներկայումս միջպետական ավտոճանապարհի եզրից հեռացրել են չժանգոտվող մետաղից աղբամանները, հիմա երթեւեկողները աղբը թափում են բետոնե կառույցների մեջ: Ջուջեւանից հայտնեցին, որ նոյեմբերյանցի ոստիկանները դրամաշնորհային ծրագիրն իրականացնող Ջուջեւան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանին հայտնել են, որ իրենք չեն կարող շուրջօրյա ռեժիմով գողերից պաշտպանել աղբամանները:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ