Լրահոս
Օրվա լրահոսը

Հեքիաթները մարդու մեջ ձեւավորում են մարդ կային տեսակը, կամքը

Սեպտեմբեր 24,2016 23:00

Հավատը սեփական ուժերի նկատմամբ վերականգնեք հեքիաթի հերոսի միջոով
Ժամանակակից երեխային բավարար չէ պարզապես հեքիաթ կարդալ, զրուցել բովանդակության եւ նրա հերոսների մասին: Մասնագետները նշում են, որ անհրաժեշտ է նրանց սովորեցնել բացահայտել հեքիաթում թաքնված իմաստները եւ կյանքի դասերը:
Հոգեբան Աննա Բադալյանը «Առավոտ»-ի հետ զրույցում նշեց, որ հեքիաթաթերապիայի ժամանակ երեխային ոչ միայն պատմում են հեքիաթ, այլ նաեւ փորձում են միասին հնարել նորը. «Այդ ժամանակ երեխային տրվում է ազատություն սեփական հուզաշխարհն արտահայտելու, եւ, բնականաբար, հեշտ է լինում երեխայի վախը կամ խնդիրը հայտնաբերելը»:
Հոգեբանը նշեց, որ հեքիաթները նաեւ կարող են ձեւավորել մարդու կերպարը, բնավորությունը, որի ժամանակ շատ զգույշ պետք է լինել. «Նույն «Մոխրոտը» հեքիաթը կարող է շատ աղջիկների ճակատագրի հետ խաղալ, երբ պատմվում է այն տարիքում, երբ նրանց սեռը կայանում է՝ սեռական հասունության շրջանում. գեղեցիկ աղջիկ, եթերային, ինքը ոչինչ չունի եւ միանգամից դառնում է արքայական ընտանիքի անդամ: Լսելով այս հեքիաթը՝ շատ աղջիկներ ձգտում են անընդհատ կատարելության եւ մոռանում են, որ կատարելությունը հենց բնական վիճակն է: «Անճոռնի ճուտիկը» շատ է օգնում անչափահասության տարիքում, երբ որ տղաներն ու աղջիկները իրենց ներքին կերպարի հետ պայքարի մեջ են, եւ եթե ծնողը ճիշտ հոգեբանական դաստիարակության բերի երեխային, ապա հաստատ այդ «անճոռնի ճուտիկից» կծնվի կարապ»,- ասաց Աննա Բադալյանը:
heqiat-en-kardumՆրա խոսքով՝ երբ մտածում ես՝ «Կարմիր գլխարկը» փոքր երեխային ի՞նչ պատմելու հեքիաթ է, երբ աղջկան մայրը թողեց մենակ մութ անտառում, գայլը եկավ կուլ տվեց. «Բայց երբ հոգեբանները վերլուծեցին այս հեքիաթը՝ նշեցին, որ սա այն հեքիաթն է, որ երեխան վաղ մանկությունից անցնում է դեպի մանկություն՝ 3-4 տարեկան, եւ դժվարությունները այդ հեքիաթի միջոցով հաղթահարվում են»:
Հեքիաթների ազդեցությունը փոքրիկների վրա հոգեբանը շատ կարեւորեց՝ առանձնացնելով նաեւ տիբեթյան դաստիարակությունը, որով մինչեւ 5 տարեկան երեխային մեծացնում են որպես արքայազնների եւ արքայադուստրերի, եւ հեքիաթները լինում են միայն իրենց մասին. «5-10 տարեկան երեխաներին դնում են պարտականությունների մեջ, որից հետո ծնողները լինում են ընկերներ իրենց երեխաների համար»:
Մասնագետը նշեց, որ շատ ավելի լավ է փոքրիկ երեխաներին հեքիաթներ պատմել իր, խաղալիքների եւ իր ընտանիքների մասին:
Յուրաքանչյուր հեքիաթ պարունակում է տվյալ ազգի էթնիկ հոգեկերտվածքը, որոնց մեջ ժողովրդի իմաստությունն է, կամքը: Այսպես են բնութագրվում հեքիաթները մասնագետների կողմից: Հայկական ժողովրդական հեքիաթները, ըստ հոգեբանի, մեծ մաքառումների, երեւակայական թռիչքների մասին են, ռուսական հեքիաթների մեջ ընդգծվում է կնոջ կերպարը, ֆրանսիականը իր մեջ պարունակում է շարմ, երեւակայություն, իռլանդականը՝ ավելի շատ կամք, դանիականը՝ իմաստություն, կյանքի հանդեպ խոհեմություն, սերմանում են գնահատելու արժեքներ:
«Հոգեբանության մեջ ամենակարեւորը ազգային էթնիկական տեսակն է, ազգային բնավորությունն ու առանձնահատկությունը, ավանդույթներն ու սովորույթները, որոնք մեզ են փոխանցվում սերնդեսերունդ, իսկ շատ հաճախ որպես պատգամ, փոխանցման միջոց են հանդիսանում հեքիաթները, ազգային ավանդավեպերը, էպոսը»,- ասաց հոգեբանը:
Նրա խոսքով՝ եթե մենք ուսումնասիրենք հայկական էպոսը, ապա դրանում մենք կտեսնենք մեր բնավորության ամենավառ դրսեւորումները: «Եթե մենք խոսենք համամարդկային հոգեբանության մասին, որոնց վրա մեծ հետք են թողնում համաշխարհային հեքիաթները, ապա «Մոխրոտը», «Կարմիր գլխարկը», «Կապույտ մորուքը» այն հեքիաթներն են, որոնցում մեծ հոգեբանական պաշար կա: Այս հեքիաթների շնորհիվ ոչ միայն բուժվում, աջակցվում է, այլ նաեւ դրա միջոցով մարդու մեջ ձեւավորվում են մարդկային տեսակը, կերպարը, հոգեբանական կայունությունը, կամքը»:
Այսօր պատահական չէ, որ այդ բաժինը մանկական հոգեբանության մեջ ամենաէական եւ կարեւորն է, բայց եթե մի կողմ դնենք մանկական հոգեբանությունը, մեծերն էլ իրենց հոգու խորքում ունեն իրենց հեքիաթը, որը հենց իրենք են հորինել:
Աննա Բադալյանը նշեց, որ եթե այն մեր մեջ մնա, թերապիայի յուրահատուկ միջոց է դառնում մեզ համար. «Մեզ օգնում է, որ չկորցնենք հույզը, կրակը, հավատը մեր ուժերի նկատմամբ»:
«Հեքիաթաթերապիան միայն երեխաների համար չէ,- նշում է հոգեբանը,- բոլորիս ծանոթ երեւույթ է, երբ մեր շրջապատում կան մարդիկ, որոնք հասուն տարիքում գամված մուլտեր են դիտում»:
Հեքիաթ սիրող մարդկանց հոգեբանը բնութագրեց որպես շատ գունեղ ներաշխարհով մարդիկ: «Երբ հավատը սեփական ուժերի նկատմամբ նվազում է, հեքիաթի հերոսի միջոցով այն վերականգնվում է: Այսինքն՝ նա կարողանում է ուրիշի կերպարի միջոցով իր կերպարը հղկել: Հասուն մարդկանց դեպքում եթե պարզվում է, որ տրավման մանկական է, ապա քայլ է արվում դեպի տրավմա, եւ մանկական հիշողությունների ներքո հեքիաթը բերում է որոշակի կետի»:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ 

23.09.2016թ.

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930