Լրահոս
Օրվա լրահոսը

Հայոց ազգագրության թանգարանի 38-ամյակը. «Իսկական սարդարապատցի», թե՞ «օբիժնիկ»

Սեպտեմբեր 24,2016 22:10

Հայոց ազգագրության թանգարանն ունի 38 տարվա պատմություն, ՀՀ միակ խոշոր ազգագրական թանգարանն է, որի առաքելությունը Հայոց ազգային մշակույթի, ինչպես նաեւ 1918 թ. Մայիսյան հերոսամարտերի վերաբերյալ մշակութային արժեքների հայտնաբերումը եւ թանգարանայնացումը, հաշվառումն ու պահպանությունը, թանգարանային առարկաների եւ հավաքածուների թանգարանագիտական, ազգաբանական ուսումնասիրումը, համալրումը եւ հանրահռչակումն է: Թանգարանի մշակութային գործունեությունն ընթանում է բնականոն հունով՝ ըստ հեռանկարային եւ ընթացիկ ծրագրերի: Աշխատանքային այս եռուն շրջանում, երբ գիտական անձնակազմը լծված է Սարդարապատի ճակատամարտի 100-ամյա հոբելյանը պատշաճ նշելու միջոցառումների ծրագրերի կազմման, ազգագրության ցուցադրության նոր գիտական հայեցակարգի մշակման գործին եւ պատրաստվում է նշել թանգարանի ծննդյան 38-ամյակը, «Առավոտ» թերթում կարդում ենք թանգարանի նախկին աշխատակից Ս. Մելիքյանի՝ փաստերից զուրկ, ճամարտակության ժանրին բնորոշ ոճով գրված «հոդվածը»: Սովորաբար նման «գրվածքները» հաշվի չեմ առնում, սակայն ելնելով այն հանգամանքից, որ այն լույս է տեսնում կազմակերպության ծննդյան օրը, լռելն անհնար է դառնում:
Ս. Մելիքյանը թանգարանում աշխատելու ընթացքում բոլոր տնօրեններից անխտիր դժգոհել եւ մշտապես գտնվել է անառողջ ընդդիմության դիրքերում, անհրաժեշտ դեպքերում ցուցաբերել է հաճոյակատարություն ու ծառայամտություն: Թեեւ իրեն համարում է «արդարության մարտիկ», բայց միշտ հանդես է եկել սուբյեկտիվ դիրքերից՝ փորձելով կազմակերպության շահերն անտեսել ու ծառայեցնել իր իսկ շահերին: Դառնալով գիտական բաժնի վարիչ՝ երազել է դառնալ տնօրեն կամ գոնե փոխտնօրեն, սակայն նրա նվիրական ցանկությունները չեն իրականացել: Հինգ տարի առաջ Ս. Մելիքյանը սահմանված կարգով ազատվել է աշխատանքից՝ աշխատանքային պայմանագրի տեւողության ժամկետը լրանալու կապակցությամբ, ելնելով նաեւ նրա թանգարանում աշխատելու աննպատակահարմարությունից եւ թանգարանային աշխատողին անհարիր վարքագծից: Նրա գիտական վարկանիշի մասին խոսում է այն փաստը, որ հինգ տարվա ընթացում դարձյալ պաշտպանության չի ներկայացրել թեկնածուական թեզը, որը պիտի պաշտպաներ դեռեւս երկու տասնամյակ առաջ:
Նա հաճախ մամուլում, պատկան մարմիններում հանիրավի բարձրացրել եւ քննարկման առարկա է դարձրել թանգարանի «հիմնախնդիրները»: Ս. Մելիքյանը, տեսնելով իրեն թանգարանից ազատված անձանց իրավունքների պաշտպանի դերում, փորձեր է անում պաշտպանել նրանց: Է. Ղազարյանը թանգարանից ազատվել է կենսաթոշակային տարիքի կապակցությամբ: Նա վերջին տարիներին աշխատել է որպես տնօրենի խորհրդական, որը հայեցողական հաստիք է, եւ տնօրենն է որոշում դրա անհրաժեշտությունը:
Սերնդափոխությունը պիտի կատարվի եւ կատարվում է բնականոն ձեւով: Թանգարանի շատ աշխատակիցներ ցանկանում են Է. Ղազարյանի նման ժամանակին անցնել արժանապատիվ կենսաթոշակի:
Թանգարանի նախկին աշխատող՝ Թանգարանային առարկաների հաշվառման եւ պահպանության բաժնի խեցե իրերի նկարիչ-վերականգնող Հրաչյա Հակոբյանը 2015թ. ապրիլին անցել է տարիքային կենսաթոշակի: 2016 թ. հուլիսից կազմակերպության տնօրենի հրամանով որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը լրանալու պատճառով լուծվել է նրա եւ կազմակերպության միջեւ 2013 թ. հուլիսին կնքված աշխատանքային պայմանագիրը: «Թանգարանային առարկաների վերականգնման խորհուրդը», նկատի ունենալով Հ. Հակոբյանի առաջացած տարիքը եւ առողջական խնդիրները, 2015-2016թթ. նրան հանձնարարել է իրականացնել թանգարանային առարկաների գերազանցապես մաքրման աշխատանքներ: Հ. Հակոբյանը մինչեւ 2016թ. հունիս մաքրել եւ ամրակայել է ընդամենը 6 թանգարանային առարկա, վերականգնել մեկը, ըստ որում՝ հանձնաժողովն այդ առարկան երկու անգամ ետ է վերադարձրել՝ թերությունները վերացնելու նպատակով: Հոդվածագրին հատկապես հուզում եւ անհանգստացնում է թանգարանի տնօրեն-փոխտնօրեն համագործակցությունը՝ մոռանալով, որ նրանք նույն թիմից են, նայում են եւ պետք է նայեն նույն ուղղությամբ, քանի որ գործում են ոչ թե ընդդեմ, այլ հանուն թանգարանի շահերի: Ի դեպ, ինձ գիտական քարտուղար նշանակել է երջանկահիշատակ Վլադիմիր Դարբինյանը՝ ելնելով մասնագիտական հմտություններից եւ մարդկային հատկանիշներից, իսկ փոխտնօրեն 2006-ին նշանակել է լուսահոգի Լավրենտի Բարսեղյանը: Նույն տրամաբանությամբ պետք է խոսվեր Դարբինյան-Պողոսյան, Բարսեղյան-Պողոսյան զույգերի մասին: Մեր կազմակերպությունում բոլորը կարող են վկայել, որ իմ մասնագիտական առաջընթացը պայմանավորված է բացառապես աշխատանքային փորձով, մասնագիտական պատրաստվածությամբ եւ մարդկանց հետ հաղորդակցման ոճով: Հպարտ եմ, որ աշխատել եմ նման մեծությունների հետ եւ աշխատում եմ խարիզմատիկ անձանց հետ: Երբեմն լինում են տարբեր կարծիքներ, տեսակետներ, սակայն հարցերը վճռվում են հօգուտ կազմակերպության: Նախկին սարդարապատցիներից շատերը հպարտությամբ են հիշում, որ աշխատանքային մկրտությունը ստացել են Հայաստանի ազգագրության պետական թանգարանում եւ սրտացավությամբ են վերաբերվում թանգարանին, ցանկանում աջակից լինել կազմակերպությանը՝ իրենց բնավ չհակադրելով ներկա սարդարապատցիներին, չմիջամտելով թանգարանի գործունեությանը:
Զարմանալի տրամաբանությամբ Մելիքյանը թանգարանի նախկին եւ ներկա աշխատակիցներին անվանում է իսկական եւ անիսկական սարդարապատցիներ: Ս. Մելիքյանի կողմից ներկայացված նյութերը մշտապես խեղաթյուրված, ծուռ հայելու մեջ են ներկայացնում իրականությունը: Անհաջող փորձ է արվում գցել կայացած, ազգային կարեւոր առաքելությամբ կազմակերպության վարկանիշը:
Հայոց ազգագրության թանգարանն ունի համապատասխան գիտական անձնակազմ, որտեղ տարիների փորձառություն ունեցող, գիտակ եւ բարեխիղճ աշխատողների, արհեստավարժ էքսկուրսավարների կողքին աշխատում են երիտասարդ հայցորդ ազգագրագետներ, պատմաբաններ, թանգարանագետներ: Սերտ համագործակցություն կա ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի հետ: Տարիներ շարունակ՝ 2002թ.-ից, թանգարանը ՀՀ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի մասնագիտական խորհրդի որոշմամբ առաջադրվում է ատենախոսական աշխատանքների առաջատար կազմակերպություն: Թանգարանի գիտաշխատողները մշտապես մասնակցում են միջազգային եւ հանրապետական գիտաժողովների: Մեր թանգարանն ունի լուրջ անելիքներ, նաեւ՝ նշանակալի ձեռքբերումներ: Բարձրագույն կրթություն ունեն բոլոր ֆոնդապահները եւ ցուցանմուշների պահապանները: Խիստ կարեւորելով թանգարանային առարկաների պահպանության խնդիրները՝ նորոգվել են վեց պահոցներ, ստեղծվել նորերը: Թանգարանի 2008-2016 թթ. գործունեության վերլուծությունից ակնհայտ է դառնում թանգարանի առաջընթացը գործունեության տարբեր ոլորտներում՝ գիտահետազոտական, հրատարակչական, գիտացուցադրական եւ այլն:
Թանգարանային առարկաների պահպանությամբ խիստ մտահոգ տիկինը մոռացել է, որ ինքը որպես «խոշոր մասնագետ» 18-րդ դարի գորգի վրա ցուցափեղկ էր դրել, թանգարանային տասնյակ առարկաներ լցրել էր բարձի մեջ համապատասխան ուռուցիկություն ստանալու համար, ասեղնագործ թանգարանային առարկաների վրա մոմե մուլյաժներ էր դրել եւ այլն, եւ այլն: Օգտվելով առիթից՝ բոլոր ներկա եւ նախկին սարդարապատցիներին շնորհավորում եմ սիրելի կազմակերպության ծննդյան տոնի կապակցությամբ, ցանկանում նորանոր հաջողություններ թանգարանային գործունեության բոլոր ուղղություններում, ինչպես նաեւ գիտական եւ մանկավարժական գործունեության մեջ: Կեցցե Հայոց ազգագրության թանգարանն իր փառահեղ անցյալով, ստեղծագործ եւ բեղուն ներկայով եւ հաղթական ապագայով: Բազում հաջողություններ եւ հաղթանակներ եմ մաղթում մեր անձնակազմին:
Սվետլանա Պողոսյան, պ.գ.թ., ազգագրագետ
Հայոց ազգագրության թանգարանի գիտական գործունեության գծով փոխտնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930