Լրահոս
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի կողմից ներված Սուրիկ Խաչատրյանի մարդասպան եղբորորդին նորից դատապարտվեց

Սեպտեմբեր 24,2016 22:12

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Սդղի գյոլում Զաքարյան եղբայրների հետ տեղի ունեցած միջադեպի գործով մեղավոր է ճանաչել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբորն ու եղբորորդիներին եւ դատապարտել նրանց ազատազրկման, եղբորը՝ 6 ամիս ժամկետով, եղբորորդիներից մեկին՝ Էյներ Խաչատրյանին՝ 1 տարվա, իսկ Մայիս Խաչատրյանին՝ 2.5 տարի ազատազրկման:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց, թե ում շնորհիվ է տարիներ առաջ առանձնակի ծանր հանցագործություն՝ խուլիգանական դրդումներով դիտավորությամբ սպանություն կատարած Մայիս Խաչատրյանը հայտնվել ազատության մեջ:

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Մայիս Խաչատրյանին ներում էին շնորհել: Սա այն դեպքում, երբ նա դանակահարելով սպանել էր մի երիտասարդի՝ 30-ամյա Հովհաննես Բադալյանին՝ ընդամենը իրենց ուսով դիպչելու համար: Դանակի տասնյակ հարվածներ էին հասցրել, այդ թվում՝ դանակը մտցրել էին հետանցքը եւ վերեւ քաշել: Այդ ժամանակ Մայիս Խաչատրյանը, ըստ գործի նյութերի, դանակի 12 հարված էր հասցրել, ու դատապարտվել 12 տարվա ազատազրկման:

Եվ ահա, նախագահի այդ անբացատրելի ներման արդյունքում, կալանավայրից բաց թողնվելուց ընդամենը մեկ ամիս անց Մայիս Խաչատրյանը հարբած մեքենա վարելով՝ պատճառ էր դարձել, որ 24 տարեկան մի երիտասարդ հայտնվի հիվանդանոցում: 

Իսկ հիմա էլ Զաքարյանների գործով է դատապարտվում:

Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ «Առաջին անգամ չէ, որ Սուրիկ Խաչատրյանի ազգականները հայտվում են իրավապահ մարմինների ուշադրության ներքո եւ առաջին անգամ չէ, որ նրանց նկատմամբ դատավարություն է լինում: Առաջին անգամ չէ, որ նրանց նկատմամբ պատիժները համաչափ չեն»:

Զարուհի Փոստանջյանը վստահ է՝ այն հանցագործության համար, որի համար դատապարտվել էր Սուրիկ Խաչատրյանի եղբորորդին, ներում շնորհելու հանցագործությունների ցանկում չպետք է լիներ, նման հանցագործներին ներում չեն շնորհում. «Մինչդեռ Սուրիկ Խաչատրյանը եւ նրա մերձավոր հարազատները, լինելով քրեական աշխարհի ներկայացուցիչներ, նրանց նկատմամբ պատիժը համաչափ չի կիրառվում: Նրանք վայելում են Սերժ Սարգսյանի հովանավորչությունը, եւ դա պատահական չէ: Սուրիկ Խաչատրյանը մշտապես ծառայություններ է մատուցել քրեաօլիգարխիկ համակարգին, հետեւաբար նրա ծառայությունների դիմաց ստանում է արտոնություններ: Նրանց նկատմամբ կամ անհամաչափ պատիժ է լինում, կամ ընդհանրապես չեն պատժվում»:

Այնպես որ, Զարուհի Փոստանջյանը հորդորում է չզարմանալ, որ Սուրիկ Խաչատրյանի մերձավորների դեմ դատարանը վճիռ է կայացրել: Դա դեռ հարց է՝ նրանք կկրե՞ն իրենց պատիժը, թե՞ ոչ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930