Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների միջև: Երևան ժամանած ավստրիական պատվիրակությունը, որը գլխավորում էր Եվրոպայի, ինտեգրման և արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Միխաել Լինհարտը, ով աշխատանքային հանդիպումներ ունեցավ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալների հետ:
Փոխնախարարներ Կարեն Նազարյանի և Շավարշ Քոչարյանի հետ առանձին հանդիպումների ընթացքում հայ և ավստրիացի դիվանագետները քննարկեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր: Կարևորվեց հայ-ավստրիական քաղաքական երկխոսության ակտիվացումը, քննարկվեցին առևտրատնտեսական կապերի զարգացմանն ուղղված քայլերը: Անդրադարձ կատարվեց եվրոպական կառույցներում երկու երկրների փոխգործակցությանը:
Խորհրդակցությունների ժամանակ քննարկվեց նաև տարածաշրջանային ու միջազգային օրակարգի հրատապ հարցեր, մտքեր փոխանակվեցին ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների վերաբերյալ: Ավստրիական կողմին ներկայացվեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները, ինչպես նաև ՀՀ հարաբերությունները հարևան երկրների հետ։
Փոխնախարար Աշոտ Հովակիմյանի հետ հանդիպմանը մտքեր փոխանակվեցին 2017թ. ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահության առաջնահերթությունների և ԵԱՀԿ օրակարգային հարցերի շուրջ: Հայկական կողմը վերահաստատեց իր աջակցությունը 2017թ-ին ԵԱՀԿ-ում ավստրիական նախագահությանը:
Կարդացեք նաև
ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչություն